HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թե ինչպես սպանեցին Յանին եւ Մարտինային

Առաջարկն ուղղակի էր ու ֆինանսական առումով գրավիչ. սպանիր մեկին ու կստանաս 50 000 եվրո, իսկ 20 000 եվրոյից ավելի պարտքը կարող ես չվերադարձնել: Պիցցերիայի ղեկավար Զոլտան Անդրուսկոն առանց տատանվելու համաձայնեց: Այս որոշումն ընդմիշտ փոխելու էր նրա կյանքն ու Սլովակիայի պատմությունը:

Ըստ Անդրուսկոյի՝ առաջարկն անող կինը Ալենա Ժուժովան էր՝ իտալերենի թարգմանիչ, Սլովակիայի ամենահարուստ մարդկանցից մեկի՝ Մարիան Կոչների օգնականը:

Իր տան դիմաց՝ մեքենայի մեջ, Ժուժովան Անդրուսկոյին փոխանցեց անհրաժեշտ ամբողջ տեղեկատվությունը՝ անուն, բնակության հասցե եւ մի քանի լուսանկար: Թիրախը Aktuality.sk լրատվականի թղթակից լրագրող Յան Կուցյակն էր:

Գործարքի մանրամասները հետագայում պարզվեցին Կազմակերպված հանցավորության եւ կոռուպցիայի դեմ նախագծի շրջանակներում՝ ոստիկանության հետաքննական նյութերն ուսումնասիրելիս:

Հանձնարարությունն Անդրուսկոյի համար այնքան էլ բնական չէր: Անդրուսկոն մարդասպան չէր. ճաղատ, կլորիկ փորով միջին տարիքի ձեռնարկատերը հետագայում ասելու էր, թե իրականում առանձնապես չէր ուզում որեւէ մեկին սպանել, հատկապես որովհետեւ նույնիսկ չգիտեր, թե ինչպես անել դա:

Անդրուսկոն  իր ընկերոջը՝ նախկին ոստիկան Տոմաշ Սաբոյին, խնդրեց օգնել իրեն: Սաբոն իսկապես հոլիվուդյան մարդասպանի էր նման. բարձրահասակ, մկանուտ, դաջվածքներով, սափրած գլխով ու ամուր ծնոտով: Սաբոն նաեւ բավական հմուտ էր զենքի հարցում եւ պատրաստ էր հանձնարարությունը կատարել:

Նա էլ, իր հերթին, ներգրավեց իր զարմիկ Միրոսլավ Մարչեկին՝ աթլետիկ կազմվածքով նախկին զինվորի, որ զենքի հետ վարվել գիտեր, մեքենա վարել նույնպես: Թիմը պատրաստ էր:

Ցանկացած սպանություն սկսվում է հսկելուց՝ գտնելու հարմար պահը: Այս երեքն առնվազն յոթ անգամ եկել են Կուցյակի ու նրա հարսնացու Մարտինա Կուսնիրովայի տան մոտ՝ մայրաքաղաք Բրատիսլավայից 60 կմ հեռու գտնվող Վելկա Մաչա գյուղ:

Կազմակերպված հանցավորության եւ կոռուպցիայի լուսաբանման նախագիծն (OCCRP) այս մասին իմացել է գործի նյութերն ուսումնասիրելիս, որոնք մասամբ հիմված են տեսահսկողության նյութերի վրա:

Առաջին անգամ Սաբոն ու Մարչեկն այցելեցին Վելկա Մաչա 2018 թվականի փետրվարի 5-ին, կեսօրից հետո, սպիտակ Պեժո 206-ով:

Տունը, որ Կուցյակն ու Կուսնիրովան վերջերս գնել էին ու պատրաստվում էին կահավորել, շատ հարմար տեղ էր հանցագործության համար՝ մայրաքաղաքից դուրս, խիտ անտառին մոտ, դեպի մայրուղի դուրս եկող հարմար ճանապարհով: Կարծես թե տան մոտի ճանապարհին հսկող տեսախցիկներ չկային:

Երկու օր անց՝ Փետրվարի 7-ին, նրանք եկան Վելկա Մաչա երկու անգամ. առավոտյան սպիտակ Peugeot մեքենայով, ցերեկը՝ Անդրուսկոյին պատկանող արծաթագույն Skoda Super-ով:

Ուիքենդին նրանք վերադարձան, ճանապարհային տեսախցիկներ չունեցող շրջանցիկ ճանապարհով անցան գյուղը, գտան մի ֆուտբոլային դաշտ, որտեղ կարող էին կայանել մեքենան՝ առանց կասկած հարուցելու:

Ավելի ուշ պարզվեց, որ կա մեկ հիմնական խնդիր. մնալ կապի մեջ առանց «թվային» հետքեր թողնելու: Որոշվեց իրար ազդանշաններ ուղարկել անպատասխան զանգերի տեսքով՝ ենթադրելով, որ հեռախոսային օպերատորներն իրենց չեն ֆիքսելու:

Եռյակի հաջորդ այցը գյուղ հինգ օր անց էր՝ ձյունոտ մի երեկոյան: Այդ եւ հաջորդ այցին նրանք հետեւում էին Կուցյակին՝ տանը սովորական երեկոն անցկացնելիս:

Այդ երեկո գործընկերներն Անդրուսկոյի մեքենայից իջան գյուղի վերջում գտնվող դաշտի մոտ, իսկ Անդրուսկոն գնաց բենզալցակայան՝ ուտելիք բերելու: 19:22 Սաբոն ու Մարչեկը Կուցյակի տան մոտով էին անցնում: 12 րոպե անց զանգ թողեցին Անդրուսկոյին, եւ նա իրենց վերցրեց նույն տեղից:

Հաջորդ երեկոյան՝ փետրվարի 16-ին, 18:49, եռյակը ժամանեց Վելկա Մաչա սպիտակ Peugeot-ով: Սաբոն մոտեցավ Կուցյակի տանը եւ 20 րոպե անց հանդիպման վայր վերադարձավ:

Հետքերը ծածկելու համար հանցագործները որոշեցին անցնել նախավճարով մեկանգամյա հեռախոսների: Երկու այդպիսի հեռախոս գնեցին միջնորդի միջոցով, որ շրջանցեն իրենց անունով գրանցման պահանջը:

Սպանությունից առաջ Սաբոն ու Մարչեկը պատրաստեցին զենքը՝ 9մմ տրամաչափով Luger խլացուցիչով: Հետագայում պարզվեց, որ ատրճանակի մեջ ձեւափոխված փամփուշտներ էին. մի քիչ վառոդ հեռացվել էր նախապես, որ գնդակների ավելի դանդաղ եւ անձայն թռչեին:

Վերջին այցը փետրվարի 19-ին էր՝ մոտ երեկոյան 7-ին: Սաբոն շրջանցեց ֆուտբոլի դաշտն ու ուղեւորվեց դեպի Բրեզովա 558: Ամբողջ ճանապարհը մի քանի րոպե էր տեւելու ընդամենը, բայց Սաբոն չէր շտապում. գուցե փախուստի հնարավոր ճանապարհներ էր դիտարկում ընթացքում: Մոտ 20 րոպե անց մեկ բաց թողնված զանգից հետո Մարչեկը դիմավորեց նրան արծաթագույն Citroen Berlingo մեքենայով:

Յանի եւ Մարտինայի վերջին օրը

27-ամյա Յանն ու Մարտինան ամբողջ ընթացքում չէին նկատել որեւէ անսովոր բան եւ պատկերացում չունեին անգամ, որ ինչ-որ մեկի թիրախում են: Այն հետաքննությունը, որի վրա էր աշխատում Յանը OCCRP-ի հետ, վերաբերում էր Սլովակիայում իտալական Նդրանգետա մաֆիային: Նախագիծն իսկապես վտանգավոր մարդկանց հետ էր կապված, բայց մինչ այդ պահը Յանը դեռ միայն տվյալներ էր հավաքում առցանց եւ հարցումներ ուղարկում պետական հաստատություններին:

Ոչ ոք չի հիշի մի դեպք, երբ Սլովակիայում լրագրողի սպանած լինեն: Որքանով Յանի ընտանիքն ու ընկերներն էին տեղյակ, նա ուղղակի սպառնալիքներ չէր ստացել: Յանն ինքն էլ չի ունեցել հիմքեր կարծելու, որ իր ու կնոջ կյանքին վտանգ է սպառնում:

Զույգն ապագայի պլաններ էր կազմում: Հարսանիքը նախատեսվում էր մայիսի սկզբին ու նրանք նախապատրաստություններով էին զբաղված: Ընկերների ու ընտանիքի հետ իրենց վերջին զանգերն ու հաղորդագրությունները տոնակատարությանն էին վերաբերում: Վերջին զանգով Յանն իր մայրիկի հետ քննարկում էր գինու շշերի պիտակավորման հարցը:

Յանն ու Մարտինան կահավորում էին տունը հնաոճ իրերի սրահներից 60-ականների հեռուստացույց, փոստային ծառայության հին սեղան եւ նմանատիպ այլ իրեր գնելով:

Նրանց առաջին հանդիպումը գեղատեսիլ Նիտրայում էր՝ արեւմտյան Սլովակիայում, երբ դեռ երկուսն էլ ուսանող էին: 2017 թվականի հունվարի 31-ին դեպի Վրաստան ուղեւորության ընթացքում Յանն ամուսնության առաջարկ արեց:

Մարտինան, ինչպես իրական քրիստոնյա, մինչեւ հարսանիքը Յանի տուն տեղափոխվելու թույլտվություն խնդրեց ընտանիքից: Գլխավոր պայմանը Յանի լուրջ մտադրությունն էր:

Այդուհետ ամեն ինչ իր հունով էր ընթանում. Յանը հաջողակն ու տաղանդավոր հետաքննող լրագրող էր ավելի շատ վերլուծական եւ պատմողական տարերքով, սիրում էր երկար ուսումասիրություններ կատարել թղթաբանության մեջ, ինչն իր տարեկիցներին գուցե ձանձրալի թվար: Մարտինան հնագետ էր ու սիրում էր իր մասնագիտական աշխատանքը:

Փետրվարի 21-ին երեկոն զույգի համար սովորական ու հանգիստ էր լինելու: Սաբոն ու Մարչեկը հանդիպեցին 16:40, նստեցին Citroen Berlingo-ն, առանց տեսախցիկների փողոցներով քշեցին դեպի Վելկա Մաչա ու փոխարինեցին իրենց հեռախոսները մեկանգամյա զանգի սարքերով:

18:28 էր: Նախկին զինվոր Մարչեկը կայանեց մեքենան ֆուտբոլի դաշտում: Ցուրտ երեկո էր: Սեւ հագած Սաբոն վերցրեց իր մեկանգամյա հեռախոսն ու ատրճանակը՝ խլացուցիչով եւ ձեւափոխված փամփուշտներով, ու գնաց դեպի զույգի տուն:

Բոլորովին անսպասելի էր, բայց նրանք տանը չէին:

Ինչպես միշտ, Յանը Բրատիսլավայից գնացքով էր վերադարձել տուն, բայց մեքենայի մարտկոցը նստել էր ու Մարտինան նրան դիմավորեց: Տուն հասան 19:30-ին: Արդեն մութ էր: Նստեցին թեյելու: Մարտինան պիտի զանգեր մորը՝ իր հայրենի Գրեգորովցե գյուղի պատմական անցյալի հետ կապված համատեղ նախագծի հարցով:

Սաբոն մոտակայքում սպասում էր: 20:21-ին նա մտավ բակ ու քայլեց դեպի մուտքի դուռը, որ երբեք կողպված չէր լինում: Մարտինան խոհանոցում էր: Սաբոն մեկ անգամ կրակեց ճակատին՝ աչքերի արանքում: Մարտինան ընկավ:

Յանը կիսանկուղային հարկում էր: Լսեց կրակոցն ու բարձրացավ: Սաբոն պատրաստ սպասում էր: Ընդամենը երկու գնդակ դեպի կրծքավանդակը՝ սրտին մոտ, եւ երիտասարդ լրագրողը փռվեց աստիճաններին: Սաբոն այնքան մոտ էր զոհին, որ խլացուցչից Յանի կրծքավանդակին այրվածքներ մնացին:

Մոտավորապես այդ պահին Մարտինայի մայրը զանգեց: Պատասխան չեղավ:

Սաբոն դուրս եկավ ետեւի դռնից, գնաց դեպի ֆուտբոլի դաշտ, զանգ թողեց, եւ սպանությունից ընդամենը 4 րոպե անց Մարչեկը դիմավորեց նրան եւ միասին հեռացան:

Գնացին դեպի Անդրուսկոյի տուն Կոլարովոյում՝ ասելու, որ գործն ավարտին է հասցված եւ վերցնելու գումարը: Անդրուսկոյին անհանգստացրեց այն, որ կինը նույնպես սպանված է, այդպես չպիտի լիներ, դա պլանի մեջ չէր մտնում: Այնուամենայնիվ, խոստացավ գումարը շուտով փոխանցել:

Սպանության վճարը

Հաջորդ օրն Անդրուսկոն հանդիպեց Ժուժովային՝ սպանության ենթադրյալ պատվիրատուին, նրա տան դիմաց կայանված մեքենայում: Բարդություն է առաջացել. եւս մեկ սպանություն:

Ժուժովան սարսափահար սկսեց գոռգռալ, որ դա «անհնարին է»: Այդուհանդերձ ավելի ուշ զանգեց Անդրուսկոյին՝ գումարը փոխանցելու: 50,000-ը 500 եվրոյանոցների տրցակով էր՝ փաթաթված անձեռոցիկի մեջ: Անդրուսկոն իրեն պահեց 10,000-ը, մնացածը բաժանեց իր մեղսակիցների միջեւ:

Յանի սպանությունը պատվիրելու համար Ժուժովայի դրդապատճառներն անհայտ են: Նա երբեք Ժուժովայի մասին չի գրել: Բայց Ժուժովան աշխատում էր հայտնի գործարար Մարիան Կոչների համար, ում մասին Յանը մշտապես գրում էր: Ավելի ուշ Անդրուսկոն ոստիկանությանը հայտնեց, որ Ժուժովան իրեն ասել է, որ Կոչներն է վճարել սպանության համար:

Կոչները սպանությունների համար պատասխանատվության չի կանչվել՝ չնայած բերման է ենթարկվել ֆինանսական հանցանքների համար, ինչի մասին Յանն է գրել նախկինում:

Մեզ չհաջողվեց կապվել Կոչների հետ, եւ նրա ներկայացուցիչ փաստաբանը չմեկնաբանեց դեպքը:

«Հանցագործություն է կատարվել, պետք է գնանք»

Յանի ու Մարտինայի դիերը դեռ 4 օր մնալու էին մինչեւ հայտնաբերվելը: Երկու օր անպատասխան զանգերից հետո Մարտինայի մայրն անհանգստացավ ու կապվեց Յանի ընտանիքի հետ՝ լուր իմանալու: Կուցյակների ընտանիքում կարծում էին՝ զույգն ուղղակի չափազանց զբաղված է:

Եւս երկու օր անց Զլատա Կուսնիրովան խուճապը հասավ գագաթնակետին: Նա նորից զանգեց Յանի ընտանիքին, հետո՝ ոստիկանություն:

Ոստիկաններն առանձնապես մտահոգ չէին: Զլատան հիշում է, ինչպես է մի ոստիկան իրեն ասել՝ «Ախր գիտեք այդ ջահելներին, նրանք սիրում են խմել ու զվարճանալ»:

Զլատան Յանի եւ Մարտինայի տանից մոտ մեկ ժամ հեռավորության վրա ապրող մի ազգականի խնդրեց ստուգել՝ ամեն ինչ կարգին է, թե ոչ: Կուցյակների ընտանիքը նույնպիսի խնդրանքով դիմեց Յանի քրոջն, ով ապրում էր Նիտրայում, մոտ կես ժամ հեռավորության վրա:

Զլատայի զանգից մեկ ժամ անց ոստիկանության խումբն արդեն տան մոտ էր: Ոստիկանները մտան բակ ու խոհանոցի լուսամուտից տեսան դիերից մեկը: Գազի հնարավոր արտահոսքի նկատառումներով շտապ օգնության եւ հրշեջ ծառայություններ կանչեցին:

Մի քանի րոպե անց Զլատայի ազգականը ժամանեց: Բակի կողմից նկուղի լուսամուտից մեկի ոտքն էր երեւում, բայց ոստիկանները չթողեցին ներս մտնել: Այն հարցին, թե զույգի վրա կրակել են, ոստիկանը գլխով արեց:

Ժոզեֆը՝ Յանի հայրը, դստեր հետ եկավ 10 րոպե անց. «Նա զանգեց ինձ, ասաց, որ ոստիկանները ներս չեն թողնում, բայց շտապ օգնության ծառայության մեքենայում տուժող չկար, ու մենք մի քիչ թեթեւացանք: Կարծում էինք՝ հնարավոր է՝ օտար ինչ-որ մեկը նկուղ է մտել, կամ նման մի բան, բայց երբեք չէինք պատկերացնի, որ սպանություն կարող է լինել»: Իսկ Զլատայի ազգականն արդեն գիտեր եւ շոկի մեջ էր: Նա չկարողացավ զանգով պատմել եղելության մասին, խնդրեց Զլատայի որդուն՝ Լուկաշին, գնալ մոր հետ ոստիկանություն: Վատ բան էր պատահել:

«Մամ, հանցագործություն է եղել, պետք է գնանք - հիշում է Զլատան, - Այդ ժամանակ նա արդեն գիտեր, բայց ինձ մանրամասներ չասաց, ու ես ստիպում էի մեքնենան վարել որքան հնարավոր է արագ»:

Նրանք հասան ոստիկանական բաժանմունք 3-4 ժամ անց: «Երբ մենք հասանք, Կուցյակներն արդեն էնտեղ էին, լալիս էին: Ու չկարողացան ինձ ասել՝ ինչ է եղել: Հետո ոստիկանության ծառայողն ասաց՝ «ահա եւ սպանված աղջկա մայրը», ու հենց էդպես էլ իմացա, որ Մարտինային սպանել են: Ուղեղիս մեջ չէր տեղավորվում»:

Հարցաքննությունը մոտ երկու ժամ տեւեց: Երբ Զլատան դուրս եկավ բաժանմունքից, արդեն վաղ առավոտ էր: Ցուրտ էր, բայց նա չէր զգում:

«Ուզում էի գնալ Վելկա Մաչա: Չէ, ես չէի կարողանա մտնել տուն, ուղղակի ուզում էի մոտ լինել նրանց, մոտ լինել տանը: Նրանք թույլ չտվեցին: Ես այնքա՜ն էի ուզում գրել Մատային մեկ անգամ եւս, մի վերջին անգամ...»

Յանի եղբայր Ժոզեֆի համար սա մղձավանջի նման մի բան էր: Նույնիսկ հիմա՝ մեկ տարի անց, նա առանձնապես չի հիշում ինչ է կատարվել՝ «Ուղեղս ուղղակի մթագնել էր»:

Արդարություն պահանջելով

Կրկնակի սպանության լուրը Սլովակիայի համար շոկային էր:

Մի քանի օր անց արդեն ողջ երկրով զանգվածային բողոքի ցույցեր էին՝ կոմունիզմի անկումից ի վեր ամենախոշոր մասշտաբով: Տասնյակ հազարավոր քաղաքացիներ պահանջում էին անկախ հետաքննություն եւ պտակավորում կազմակերպված հանցավորության ազդեցությունը, ինչի մասին Յանն այդքան գրել էր:

Սպանությունների թեման բոլոր լրատվականների առաջին էջում էր, լրագրողներն ամեն օր Վելկա Մաչա էին այցելում: Ոստիկանությունը հատուկ պահպանության առավ այն լրագրողներին, ովքեր անմիջականորեն Յանի հետ էին աշխատել: Aktuality-ի գրասենյակը զինված պատշպանության տակ էր:

Հաշված ամիսների ընթացքում իշխանության շատ շերտերում փոփոխություններ եղան. փոխվեց կառավարությունը՝ ներառյալ վարչապետ Ռոբերտո Ֆիցոն եւ մի քանի նախարար, Սլովակիայի ոստիկանության ղեկավարն ու Ազգային հակաքրեական գործակալության հակակոռուպցիոն բաժնի ղեկավարը նույնպես թողեցին իրենց պաշտոնները:

Անդրուսկոն, Սաբոն, Մարչեկն ու Ժուժովան ձերբակալվեցին: Նրանց առաջադրվել են սպանության հետ կապված տարբեր մեղադրանքներ: Բացի նրանցից այլեւս ոչ ոքի չի վերագրվում սպանությունները կազմակերպելն ու իրականացնելը:

Անդրուսկոյի փաստաբանի հետ կապ հաստատել չհաջողվեց: Մարչեկը մեկնաբանելու ոչինչ չուներ, իսկ Ժուժովայի ու Սաբոյի պաշտպանները չպատասխանեցին հարցումներին:

Կուցյակ եւ Կուսնիրովա ընտանիքների համար այս սպանություններն անդառնալի ողբերգություն են: Զլատան մինչեւ հիմա երբեմն այցելում է Յանի եւ Մարտինայի տուն՝ շոշափելու եւ զգալու նրանց ներկայությունը: «Վերջին անգամ, երբ Վելկա Մաչայում էի, լվացքի զամբյուղի միջից վերցրեցի Մարտինայի գուլպաներից մեկը. այնքան էի ուզում գրկել այն, գոնե մի վայրկյան աղջկաս նորից ինձ մոտ զգալու համար»:

Պավլա Հոլցովա, Եվա Կուբանիովա

Նյութի աղբյուրը՝ occrp.org

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter