
Օֆշորային 15 երկրներ հայտնվել են Եվրամիության սև ցուցակում
Եվրամիության ֆինանսների նախարարներն այսօր թարմացրել են հարկային ոչ բարենպաստ դաշտ ունեցող երկրների սև ցուցակը, որտեղ ընդգրկվել է 15 երկիր:
2017 թվականին ԵՄ ֆինանսների նախարարները 17 երկիր էին ընդգրկել այդ ցանկում: Դրանք էին` Ամերիկյան Սամոան, Բահրեյնը, Բարբադոսը, Գրենադան, Կորեան, Գուամը, Մակաոն, Մարշալյան Կղզիները, Մոնղոլիան, Նամբիան, Պանաման, Պալաուն, Սենտ Լյուսիան, Սամոան, Տրինիդադը և Տոբագոն, Թունիսը և Արաբական Միացյալ Էմիրությունները:
ԵՄ-ն այս երկրների ցանկը կազմելիս հաշվի է առել մի քանի չափանիշներ, այն է` թափանցիկությունը, արդարացի հարկումը, տնտեսական ակտիվությունը:
ԵՄ-ն հանձնարարություններ և ժամկետներ էր սահմանել այդ երկրների համար հարկային դաշտի բարելավման նպատակով: Սակայն դրանցից որոշները չեն կատարել ԵՄ հանձնարարականները և մնացել են թարմացված ցանկում: Ցանկը նաև համալրվել է նոր երկրներով:
Այդպիսով, թարմացված` ոչ բարենպաստ հարկային դաշտ ունեցող երկրների ցանկում այժմ հայտնվել են Ամերիկյան Սամոան, Արուբան, Բարբադոսը, Բելիզը, Բերմուդան, Դոմինիկյան Հանրապետությունը, Ֆիջին, Գուամը, Մարշալյան Կղզիները, Օմանը, Սամոան, Տրինիդադը և Տոբագոն, Միացյալ Արաբական Էմիրությունները, Ամերիկյան Վիրջինյան Կղզիները, Վանուատուն:
Հայաստանն այս փաստաթղթում այն երկրների ցանկում է, որը դեռ պետք է վավերացնի «Հարկային հարցերով փոխադարձ վարչական աջակցության մասին» կոնվենցիան մինչև 2019 թվականի ավարտը:
Մեկնաբանել