
Գագիկ Ծառուկյանը՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարության և ԼՂ խնդրի կարգավորման մասին (տեսանյութ)
«ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարությունը միակողմանի հայտարարություն է, որը չէր բավարարում մեր ժողովրդի, ասենք թե, հիմնական խնդիրները, ու այդ որոշումը մեզ համար անընդունելի է»։
Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարությանը։
ԲՀԿ նախագահի խոսքով՝ Արցախը որպես անկախ պետություն այնպես, ինչպես Ադրբեջանն է, իր իրավունքներն ունի, և ոչ թե «միակողմանի տարածքներ պետք է հանձնվեն»։
«Այն խնդիրը, որը կախված է մեր պետության, Արցախի ժողովրդի ապագա խնդիրը, դա այսօր կապ չունի դիմություն, ընդդիմություն, իշխանություն, ազգովի պետք է համախմբվենք, որովհետև ազգի ճակատագրի խնդիրն է, և ինչ ունենք, դա պետք է եռապատկվի, որ հիմնական խնդիրները, ինչի համար արյուն է թափվել, այդ հարցերը կարգավորենք, ես կարող եմ գրել ու ստորագրել՝ լուծումը միասնականությունն է»,- ասաց նա։
Հիշեցնենք, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն օրերս հայտարարությամբ էին հանդես եկել՝ ողջունելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի առաջիկա հանդիպումը եւ ընդգծելով, որ հակամարտության կարգավորումը պետք է հիմնված լինի Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքների վրա, ինչը ենթադրում է ուժի չկիրառում, տարածքային ամբողջականություն, ժողովուրդների համար հավասար իրավունքներ և ինքնորոշման իրավունքի իրացում։
Մեկնաբանել