HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

ՀՀ մաքսակետերում գտնվող աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ մեքենաների ներմուծումը կթույլատրվի. խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց նախագիծը

Խորհրդարանն արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունեց «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումն արգելելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը։ Նախագիծն ընդունվեց միաձայն՝ 112 ձայնով։

Ըստ այս փոփոխության՝ աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումը Հայաստան արգելող օրենքի ընդունումից հետո ձեռք բերված և ՀՀ մաքսային տարածքում գտնվող բազմաթիվ աջակողմյան ղեկային համակարգ ունեցող տրանսպարտային միջոցների ներմուծումը ՀՀ տարածք կթույլատրվի։

«Փորձում ենք կուտակված ավտոմեքենաների հարցը լուծել, իրավիճակային լուծում տալ, դրանից հետո օրենքի որևէ փոփոխություն չի նախատեսվում»,- ասաց նախագծի հիմնական զեկուցող տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը։ Կառավարության առաջարկած փոփոխությամբ՝ հնարավորություն է ընձեռվում ՀՀ մաքսային տարածքներում տեղակայված աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցները, ինչպես նաեւ աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային այն միջոցները, որոնց ձեռք բերման համար վճարումները կատարվել են մինչեւ 2018 թվականի դեկտեմբերի 30-ը ՀՀ տարածք ներմուծել մինչեւ 2019 թվականի մայիսի 1-ը: 

Նախագծի հարակից զեկուցող ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը նկատեց, որ եթե ժամանակին՝ այս օրենքն ընդունելիս, տնտեսական էֆեկտները հաշվի առնվեին, այսօր խորհրդարանն ու կառավարությունը նման խնդրի առջև չէին կանգնի։

«Սա մեզ համար պետք է դրոշակ լինի, որ հետագայում ակնկալենք թե´ կառավարությունից, թե´ մեր գործընկերներից օրենսդրական նախաձեռնությունների հիմնավորումները ներկայացնել, որպեսզի ստիպված չլինենք նորից վերադառնալ նույն խնդիրներին»,- ասաց նա։

Խորհրդարանը վաղը երկրորդ ընթերցմամբ քննարկման կներկայացնի նախագիծը, որից հետո այն կդրվի երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ քվեարկության։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter