HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Բարձրաստիճան պաշտոնյաները կշարունակեն հայտարարագիր ներկայացնել հին կարգով. խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց նախագիծը

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց «Հանրային ծառայության մասին» օրենքի նախագծում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը։ Այն ընդունվեց միաձայն՝ 113 կողմ ձայնով։ Ըստ այս փոփոխության՝ հայտարարատու պաշտոնատար անձինք և նրանց ընտանիքի կազմի մեջ մտնող անձինք 2018 թվականի տարեկան հայտարարագիրը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով են ներկայացնելու մինչև 2019 թվականի մայիսի 31-ը:

Հիշեցնենք, որ 2017-ին խորհրդարանն ընդունել էր «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ստեղծելու մասին» օրենք, որի համաձայն` հանձնաժողովը պետք է ստեղծվեր 2018-ի ընթացքում և գործեր այս տարվա հունվարի 1-ից, սակայն հանձնաժողով այդպես էլ չստեղծվեց։

Նախագիծը ներկայացրեց արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը: «Հիմա ունենք իրավիճակ, երբ փաստացի այս հանձնաժողովը չի ստեղծվել, ընդ որում հանձնաժողովի չստեղծմամբ խոչընդոտներ են առաջացել գույքի և եկամուտների հայտարարագրման հետ կապված. օրենքով հստակ ամրագրված է պահանջ, որ հայտարարատու պաշտոնատար անձինք ներկայացնեն հայտարագրեր, միևնույն ժամանակ չկա այն մարմինը, որտեղ պետք է ներկայացվի այդ հայտարարագիրը, քանի որ այս տարվանից պետք է ներկայացվեին կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, որը չի ստեղծվել»,- ասաց նա։

Կառավարությունն առաջարկում է երկարաձգել նաև կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ստեղծելու որոշումը, որպեսզի 2020 թվականի հունվարի 1-ից հայտարարագրման նոր մեխանիզմ ներդրվի։

Հիշեցնենք, որ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահ Սիրանուշ Սահակյանը այս տարվա փետրվարի 5-ին հենց այս պատճառով է դադարեցրել իր պաշտոնավարումը, քանի որ այս տարվա հունվարի 1-ից պետք է գործեր հայտարարագրման նոր կարգ, ինչը չեղավ։

Խորհրդարանը վաղը երկրորդ ընթերցմամբ նախ կքննարկի հարցը, ապա այն կդրվի քվեարկության։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter