
Երիտասարդ մայրը եռյակ է ունեցել, բայց երեխաները մահացել են
Օրեր առաջ Վանաձորի ծննդատանը 21-ամյա Ժաննա Սարիբեկյանը եռյակ է լույս աշխարh բերել, բայց 3 երեխաներն էլ մահացել են: Վանաձորի բժշկական կենտրոնի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի վարիչ Արամ Ավալյանի փոխանցմամբ` վաղաժամ ծննդաբերություն է եղել. երեխաներն անհաս են ծնվել:
«Ծանրությունից է եղել, չեմ կարողացել պահել,-ասում է Ժաննան,- ցավը միանգամից ա եղել, մեկից սկսել ա, տարել են արդեն բացվածքով»:
Ժաննա Սարիբեկյանը Լոռու մարզի Քարաձոր գյուղից է, ամուսնացել է Սարահարթ գյուղում: Սա նրա առաջին ծննդաբերությունն էր:
Երիտասարդ մայրը «Հետքին» ասաց, որ ծնվել են 5 ամսական, 700 գրամ քաշով և 31 սմ հասակով երեք աղջիկ: Ժաննայի խոսքով` ինքը հաշվառված է եղել Պարնի գյուղի պոլիկլինիկայում, կանոնավոր հաճախել է կոնսուլտացիաներին: Հղիության ընթացքում մեջքի, երիկամների շրջանում ցավեր է ունեցել, բայց մտածել է, որ դա սովորական է հղիության համար: Բժիշկներն էլ նորմալ են գնահատել հղիության ընթացքը: Ժաննայի ասելով` ոչ թե ծննդաբերություն է եղել, այլ վիժում: Պատճառն էլ, ըստ նրան, իր նիհարիկ կազմվածքն է:
Մեկնաբանել