
Մահացել է «Ոստան Հայոց» խմբի հիմնադիր, ռոք երաժիշտ Արեգ Նազարյանը
55 տարեկան հասակում կյանքից հեռացել է «Ոստան Հայոց» ռոք խմբի հիմնադիր, երաժիշտ, կինոռեժիսոր Արեգ Նազարյանը։
Արեգ Նազարյանը ծնվել է 1964 թվականին, Երեւանում։ 1981 թվականին ավարտել է Աշտարակի թիվ 5 միջնակարգ դպրոցը, ապա Երեւանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանը։ 1981 թվականից զբաղվել է նավատորմային մարզաձեւով, 1983-ին դարձել է ԽՍՀՄ սպորտի վարպետ։ 1986-90 թվականներին ուսանել է Երեւանի մանկավարժական ինստիտուտի կինո-ֆոտո ֆակուլտետում։ 1986 թվականին ստեղծել է «Ոստան Հայոց» ռոք խումբը, որտեղ հանդես էր գալիս որպես բաս կիթառահար եւ երգերի հեղինակ։
1990-92 թվականներին մասնակցել է Արցախյան պատերազմին։ 2000-ականների սկզբում հիմնել է «Ուստա» պրոդյուսերական կենտրոնը, 2009թ․-ից «National Geographic Traveler» ամսագրի գլխավոր խմբագիրն էր, «Կիլիկիա»-ի նավապետի ավագ օգնականը։
Արեգ Նազարյանը մեկ տասնյակից ավելի ֆիլմերում հանդես է եկել որպես սցենարի հեղինակ, ռեժիսոր, կոմպոզիտոր, հնչունային ռեժիսոր («Վերադարձ», «Ստեղծում-2», «Կիլիկիա», «Տիկ-Տակ», «Պատը» եւ այլն)։ «Արտավազդ եւ Կլեոպատրա» ռոք-օպերայի հեղինակն է։
Պարգեւատրվել է «Պատվի համար», «Ծովակալ Իսակով», ՀՀ վարչապետի, «Երկրապահ», «Ղարաբաղ-մայրական շնորհակալություն» շքանշաններով, որոնցից հրաժարվել է 2018 թվականի ապրիլի 22-ին՝ (բացառությամբ «Ղարաբաղ-մայրական շնորհակալություն» շքանշանից)՝ որպես բողոքի նշան Հայաստանի նախորդ իշխանությունների պահվածքի։
Մեկնաբանել