Արմեն Սարգսյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահ Միրոսլավ Լայչակին և նրա գլխավորած պատվիրակությանը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի արտաքին գործերի նախարար Միրոսլավ Լայչակի և նրա գլխավորած պատվիրակության հետ:
Ինչպես հաղորդում է ՀՀ նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունը, Արմեն Սարգսյանը կարևորել է ԵԱՀԿ գործունեությունը և դերակատարումը ոչ միայն որպես արցախյան հիմնախնդրի կարգավորմամբ զբաղվող հիմնական կառույց, այլ նաև որպես երկխոսության, վստահության և համագործակցության միջոցով համապարփակ անվտանգությունն առաջ մղող հարթակ:
Նշելով, որ հարավկովկասյան տարածաշրջանը կարևոր տեղ ունի ԵԱՀԿ օրակարգում՝ ԵԱՀԿ գործող նախագահն ասել է, որ այստեղ են՝ ճշտելու, թե ինչպես կարող են լավագույնս աջակցել Հայաստանին ստանձնած հանձնառությունների իրականացման, խաղաղության հաստատման գործընթացի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեության առնչությամբ:
Հանրապետության նախագահը և ԵԱՀԿ գործող նախագահը մտքեր են փոխանակել ԵԱՀԿ գործունեության արդյունավետության բարձրացման, կազմակերպության առջև ծառացած մարտահրավերների, ինչպես նաև Կազմակերպությունում Սլովակիայի նախագահության առաջնահերթությունների շուրջ:
Զրուցակիցներն անդրադարձել են նաև Հայաստանի և Սլովակիայի երկկողմ հարաբերություններին, նշել, որ երկու երկրներն ունեն տարբեր ոլորտներում համագործակցության լայն օրակարգ և կարևորել ակտիվ աշխատանքն առկա ներուժի լիարժեք իրացման ուղղությամբ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել