HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վերադարձի մեծ երթը․ Գազայի պատասխանը Իսրայելին

Գազայում Իսրայելական անվտանգության ուժերը 9 ամսում (մարտ 30/2018 - դեկտեմբեր 31/2018) սպանել են 189 և վիրավորել են ավելի քան 6100 պաղեստինցի, որոնց թվում եղել են նաև երեխաներ, հաշմանդամություն ունեցող անձինք, կանայք, լրագրողներ և բժիշկներ։

ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի որոշմամբ ստեղծված անկախ հանձնաժողովը համարեց, որ Իսրայելական ուժերի գործողությունները հնարավոր է դիտարկել որպես պատերազմական հանցագործություններ և մարդկության դեմ ուղղված հանցագործություններ։ Պաղեստինցիների ցույցերը ամիսներ շարունակ ամբողջ աշխարհի ուշադրության կենտրոնում էին։ Հանձնաժողովի զեկույցը և դիրքորոշումը էլ ավելի մեծ ուշադրություն գրավեցին այս հիմնահարցում։ Իսրայելն այն համարեց անհեթեթություն, ՄԱԿ-ը պահանջեց գտնել և օրենքի համաձայն պատժել բոլոր մեղավորներին։ Պարզում ենք, թե ինչ է տեղի ունեցել։

Հանձնաժողովի ստեղծում

ՄԱԿ-ի Գերագույն խորհուրդը դեռևս 2018 թվականի մայիսին ընդունեց բանաձև, որով դատապարտում էր Գազայում բնակվող, խաղաղ ցույցերին մասնակցող պաղեստինցիների դեմ իսրայելական ուժերի կողմից կիրառած ոչ համաչափ ուժը, ինչը հանգեցրել էր մարդկային կյանքերի մեծ կորուստների։

Այս բանաձևով Խորհուրդը որոշում կայացրեց ստեղծել անկախ հանձնաժողով, որը հանձնարարություն ուներ հետաքննել միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների միջազգային օրենքի ենթադրյալ խախտման բոլոր դեպքերը Իսրայելի կողմից Օկուպացրած Պաղեստինյան Տարածքներում, մասնավորապես՝ Գազայում տեղի ունեցող լայնամասշտաբ քաղաքացիական բողոքի խաղաղ ցույցերի ընթացքում։ Հանձնաժողովը պարտավորվում էր նաև մանրամասն հետաքննել սպանությունների և ծանր հրազենային վնասվածքներ հասցնելու դեպքերը, պարզել՝ արդյոք տեղի ունեցածը հնարավոր է համարել մարդկության դեմ ուղղված հանցագործություն և պատերազմական հանցագործություն։ Ընդունած բանաձևով Խորհուրդը նաև կոչ արեց Իսրայելին և բոլոր հնարավոր կողմերին համագործակցել անկախ հանձնաժողովի հետ, որը պետք է այցելեր Գազա և զեկույցը պատրաստելու համար զբաղվեր դեպքերի փաստագրմամբ։

Հանձնաժողովի նախագահ նշանակվեց Արգենտինայից մարդու իրավունքների մասնագետ Սանտիագո Կանտոնը, փաստաբան և Բանգլադեշի Գերագույն դատարանում բարիստր Սարա Հոսեինին և Քենյայից մարդու իրավունքների գծով փաստաբան Կաարի Բեթի Մուրունգին։

Գազա՝ չորս պատի արանքում

Գազան (կամ Գազայի հատված/տարածք Gaza Strip) Միջերկրական ծովի ափին գտնվող տարածք է, որը դե յուրե ինքնիշխան Պաղեստինի պետությունը համարում է իր տարածքը, Իսրայելի կողմից օկուպացված Հորդանան գետի արևմտյան ափի (West Bank) հետ միասին։ Գազայի ընդհանուր տարածքը մոտ 360 կմ² է, այն Իսրայելի հետ ունի 52 կմ ձգվող սահման, որի ամբողջ երկարությամբ Իսրայելը դեռևս 90-ականների սկզբին կառուցել և հետագայում վերակառուցել է բետոնե պատ։ Ի դեպ, Իսրայելական այս պատը Արդարադատության միջազգային դատարանի կողմից ճանաչվել է անօրինական։ Գազան և Հորդանան գետի արևմտյան ափի տարածքները միմյանցից բաժանված են Իսրայելով և ամբողջ աշխարհից՝ պատերով։

Չնայած այն հանգամանքին, որ Իսրայելը իր զորքերը Գազայից ամբողջովին դուրս է հանել 2005 թվականին՝ Գազան շարունակում է համարվել օկուպացրած տարածք այն պատճառով, որ Գազայի և՛ հողային, և՛ ծովային, և՛ օդային տարածքներ մուտքն ու ելքը, դեպի Գազա մտնող ընդամենը 5 անցակետի հետ ամբողջովին գտնվում են Իսրայելի վերահսկողության տակ։ 2007 թվականին Գազայում անցած ընտրություններում Համաս[1]կուսակցության (Պաղեստինի իսլամական ազգային ազատագրման և դիմադրություն շարժում) հաղթանակից հետո Իսրայելը Գազան հայտարարեց թշնամական տարածք և խստացրեց իր վերահսկողությունը։

Այդքան փոքր տարածքում բնակվում է ավելի քան 2 միլիոն մարդ, որոնց գրեթե կեսը երեխաներ են։ Գազայի բնակչության շուրջ 75 %-ը փախստականի կարգավիճակ ունեցողներ են, որոնք ապրում են փախստականների ճամբարներում։ Կարելի է ասել, որ Գազան ամբողջովին փախստական ճամբար է։ Ներկայից փախստականները 1948-1949 թվականների Արաբա-իսրայելական պատերազմի ընթացքում իրենց բնակավայրերից (ներկայիս Իսրայել) գաղթած կամ ուժով տեղահանված մարդկանց սերունդն են։ Տեղահանման այս դեպքերը պաղեստինցիները անվանում են «Նաքբա», ինչը նշանակում է աղետ։

Փախստականների հետ վերադարձի խնդիրը Իսրայելա-պաղեստինյան հակամարտության ամենակարևոր և ամենախնդրահարույց կետերից մեկն է։
Կոնֆլիկտի պատմական տարբեր փուլերում և՛ միջազգային կառույցները, և՛ առանձին պետություններ, և՛ պաղեստինցիներ պնդել ու փորձել են պաշտպանել պատմական տարածքներ հետ վերադառնալու իրենց իրավունքը։ Չնայած այն հանգամանքին, որ այս հարցը, լինելով պաղեստինցիների դիմադրման շարժման հիմնաքարը, բանակցային գործընթացների հիմքում է ընկած եղել, տարիներ անց խնդիրը շարունակում է մնալ առանց լուծման։

Իսրայելը շարունակում է պնդել, որ միլիոնավոր պաղեստինցիների վերադարձը իրենց պատմական տարածքներ վտանգում են Իսրայելի՝ որպես հրեական պետության գոյատևմանը, վտանգելով Իսրայելի հիմնական ինքնությունը՝ որպես հրեական ժողովրդի հայրենիք եւ ապաստարան ամբողջ աշխարհում հալածված հրեաների համար: Այս մոտեցումը, կարծես, ընկած է Իսրայելի արտաքին և ներքին քաղաքական որոշումների և ուղղությունների հիմքում։

Իսրայել-Գազա հակամարտության ընթացքում գրանցվել են էսկալացիայի լուրջ դրվագներ, որոնք ուղղորդվել են Իսրայելի կողմից օդային, հողային հարձակումներով և հիմնականում անկանոն (որոշ դեպքերում նաև ինքնաշեն) հրթիռային հարձակումներ Գազայի կողմից։ Մասնավորապես, վերջին տասնամյակի ընթացքում ամենաարյունալից պատերազմական դրվագներն են եղել 2008-2009 թվականների պատերազմը (հայտնի նաև որպես Operation Cast Lead կամ ալ-Ֆուքրանի ճակատամարտ), որի արդյունքում սպանվել են շուրջ 1400 պաղեստինցի և 13 իսրայելցի, 2012 թվականի էսկալացիան՝ 174 սպանված պաղեստինցի և 6 իսրայելցի, և 7 շաբաթ շարունակվող 2014 թվականի պատերազմը (հայտնի նաև որպես Operation Protective Edge), որի ընթացքում սպանվեց 2250 պաղեստինցի և 71 իսրայելցի։ 2014 թվականին Գազայի և Իսրայելի միջև կնքված հրադադարի խախտումը, ցավոք, դարձել է սովորական երևույթ, իրավիճակը սահմանի ողջ երկարությամբ շարունակում է մնալ լարված։

Իհարկե, այս բոլոր դրվագների մեջ այս կամ այն կերպ դերակատարություն է ունեցել Համասի միլիտարիզացված թևը՝ ալ-Քասամ ջոկատները իրենց կազմակերպված գործողություններով։ Չնայած այն հանգամանքին, որ Գազան Համաս քաղաքական կուսակցության դե ֆակտո իշխանության ներքո է գտնվում՝ հասարակ շատ պաղեստինցիների չեն ընդունում ալ-Քասամի ջոկատները, և շարունակաբար տուժում են նրանց գործողությունների պատճառով։
Ընդհանրապես, Իսրայել-պաղեստին հակամարտության մեջ հնարավոր է գտնել կոնֆլիկտներին բնորոշ տասնյակ երևույթներ, որոնք ազդում և ձևավորում են հասարակություններում որոշակի արժեքներ, լեզու, մտածողություն և՛ Գազայում, և՛ Իսրայելում։

Իսրայելի վերահսկողության պատճառով Գազան տնտեսական զարգացման և աշխարհի հետ կապի հնարավորություն չունի։ Գործազրկության ամենաբարձր տոկոսն աշխարհում՝ 54 % (70 % գործազրկություն երիտասարդների շրջանում), կենսապայմանների չափազանց ցածր մակարդակը, ուտելիքի պակասները, մաքուր ջրի, վառելիքի, էլեկտրաէներգիայի և այլ անհրաժեշտ ռեսուրսների հետ կապված ճգնաժամերը Գազային դրել են միջազգային հումանիտար օգնությունից գերկախվածության մեջ։ ՄԱԿ-ը և Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն համարում են, որ պաղեստինցիների դեմ իրականացրած Իսրայելական բլոկադան կոլեկտիվ պատժի միջոց է։

Վերադարձի Մեծ երթի սկիզբն ու ընթացքը

Պաղեստինցի լրագրող և պոետ Աբու Արտեման 2018 թվականի սկզբին ֆեյսբուք սոցիալական կայքում գրառում էր կատարել, որով առաջարկել էր սկսել խաղաղ երթ Իսրայելի կառուցած պատի ամբողջ երկայնքով։ Այս երթի հիմնական ուղերձը լինելու էր փախստականների հետ վերադառնալու իրավունքի բարձրաձայնումը, Գազայում տիրող հումանիտար ճգնաժամի հանդեպ միջազգային հանրության ուշադրության գրավումն ու արդարության պահանջը։

Կարճ ժամանակի ընթացքում Արտեմայի գաղափարը լայն տարածում գտավ Գազայի քաղհասարակության շրջանում, և երթը կազմակերպելու համար ստեղծվեց հանձնաժողով, որում կային Գազայում գործող հասարակական, մշակութային և հանրային տարբեր խմբերից մարդիկ։ Երթը ստացավ #GreatMarchOfReturn ՝ Վերադարձի մեծ երթը անունը։ 
Այս քաղաքական/հասարակական ակցիան ներառելու էր Իսրայելի սահմանի դիմաց 5 տարբեր կետերում՝ Աբու Սաֆիա (հյուսիսային սահման), Մալակա (արևելյան մաս), Էլ Բուրեիժ (կենտրոնական Գազա), Խան Յունիս և Ալ Շավկահ (հարավում) ցույցերի անցկացումը։ Ցույցերի ընթացքում կազմակերպվեցին տարբեր միջոցառումներ, ինչպիսիք էին, օրինակ, գրքերի ընթերցումներ, հանրային քննարկումներ և այլն։ Բողոքի ակցիաները, ինչպես միշտ, տեղի էին ունենում սահմանից 100-500 մետր հեռավորության վրա։ 
Չնայած մոտեցումների և քաղաքական հայացքների բազմազանությանը՝ բոլոր կազմակերպիչների և մասնակիցների կողմից մեկ սկզբունք էր ընդունվել՝ #GreatMarchOfReturn-ը պետք է լիներ խաղաղ ակցիա։

Սովորաբար, Գազայում անցկացվող բողոքի ակցիաները լի են ցասումով՝ որոշները, ձեռքերը պարզած, մոտենում են սահմանին, որոշները ինքնաշեն պարսատիկներով քարեր են նետում դեպի պատը, ավելի համարձակները անիվներ են վառում, որպեսզի ծուխը պաշտպանի իսրայելցի դիպուկահարներից, և հանում են իսրայելցիների կողմից Գազայի սահմանին տեղադրված մեծ փշալարերը։

Ակցիաները սկսվեցին 2018 թվականի մարտի 30-ին և շարունակվում են մինչև հիմա։ Ցուցարարների գործողությունները հիմնականում սկսում են ուրբաթ երեկոյան և դադարում են կիրակի օրը։ Մայիսի 14-ը (երբ, ի դեպ, Երուսաղեմում տեղի էր ունենում ԱՄՆ դեսպանատան բացման պաշտոնական արարողությունը, որին մասնակցում էր Թրամփն իր ընտանիքի հետ) և հոկտեմբերի 12-ը նշանակալի դարձան այս ցույցերի գործընթացի համար, քանի որ դրանք այն օրերն էին, երբ սահմանի մոտ սպանվածների թիվը ամենաշատն էր 2014 թվականից սկսած։

Միջազգային մամուլն այս օրերին հեղեղված էր ցույցերի լուսանկարներով, տեսանյութերով: Միջազգային հումանիտար կազմակերպությունները, ինչպիսիք են, օրինակ, Human Rights Watch-ը և Կարմիր Խաչի Միջազգային կոմիտեն և այլ կազմակերպություններ բարձրաձայնում էին Իսրայելի կատարած բռնությունների, սպանությունների մասին։ Բացի ցուցարարներից՝ սպանվում էին նաև լրագրողներ և բժիշկներ, երեխաներ և կանայք, հաշմանդամություն ունեցող անձինք և տարեցներ։ Քանի որ այս խմբերը գտնվում են ՄԱԿ-ի հատուկ պաշտպանության ներքո, և քանի որ Գազայում տեղի ունեցող սպանությունները ցնցում էին իրենց դաժանությամբ և հաշվարկած լինելով, ՄԱԿ-ը մայիսին ընդունեց վերը նշված բանաձևն ու ստեղծեց հատուկ հանձնաժողովը։

Սպանություններն ու վնասվածքները

Զեկույցը հրապարակվեց փետրվար ամսվա երկրորդ կեսին։ Գործընթացի հենց սկզբից հանձնաժողովի աշխատանքները խոչընդոտվել են, և ո՛չ Իսրայելը, ո՛չ Եգիպտոսը հանձնաժողովին չէին թույլատրել մուտք գործել Գազայի տարածք աշխատանքներ իրականացնելու համար։

Հանձնաժողովը դիտարկել է մարտի 30-ից դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածը։ Ուսումնասիրել են Իսրայելի զորքերի պատասխան գործողությունները բողոքի ակցիային, հատուկ ուշադրություն են դարձրել երեխաների, հաշմանդամություն ունեցող անձանց, կանանց, լրագրողների և բժիշկների սպանությունների դեպքերին։ Զեկույցի համար հանձնաժողովը իրականացրել է ավելի քան 300 հարցազրույց վիրավորվածների, զոհվածների ընտանիքների ու ընկերների հետ, ուսումնասիրվել են հազարավոր բժշկական փաստաթղթեր, սոցիալական մեդիայում հրապարակված նյութեր, դռոնով նկարած կադրեր, տեսանյութեր և լուսանկարներ։

Կատարած աշխատանքի արդյունքում հանձնաժողովը եզրակացրեց․ կան բավարար հիմքեր՝ պնդելու, որ Իսրայելի զորքերը մարդու իրավունքների և միջազգային մարդասիրական օրենքի լուրջ խախտումներ են իրականացրել։ Այս խախտումները կարող են հիմք հանդիսանալ քրեական գործեր հարուցելու և պաղեստինցիներին սպանելու հրաման տված և այդ հրամանը ի կատար ածած անձանց հանդեպ քրեական հետապնդում սկսելու համար։ Հանձնաժողովը կոչ արեց Իսրայելին հետաքննություն սկսել, սպանվածներին և տուժածներին արդարացի փոխհատուցում տրամադրել և վերացնել Գազայի օկուպացիան։

Դիտարկված ժամանակահատվածում դիպուկահարների հրազենային և այլ վնասվածքներից սպանվել է 183պաղեստինցի, որոնցից՝ 35 երեխա, 1 կին, 2 լրագրող և 3 բժիշկ։ Ըստ հանձնաժողովի՝ իսրայելցի դիպուկահարները կրակել են մարդկանց վրա հստակ իմանալով, թե ում են կրակում և մարմնի որ մասին։ Այսպես, սպանվածների մեջ կային երեխաներ, որոնց արտաքին տեսքից հնարավոր չէր չհասկանալ, որ նրանք երեխաներ էին։ Հաշմանդամություն ունեցող անձանցից մեկը եղել է սայլակի վրա, երկու ոտքերը անդամահատված և հենակներով տեղաշարժվող մի մարդ նույնպես եղել է սպանվածների և վիրավորվածների մեջ։ Սպանված լրագրողներն ու բուժաշխատողերը կրել են հստակ տարբերակվող համազգեստ, սպանված լրագրողներից 4-ին գնդակահարել են կրծքավանդակից, որտեղ համազգեստի վրա գրված է Press (մամուլ)։ Բժիշկների վրա կրակել են վիրավորվածներին օգնություն ցուցաբերելու ժամանակ։ Սպանվածներից 70-ը զոհվել են գլխին կամ պարանոցին ստացած կրակոցներից:

Տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներ ստացողների ընդհանուր թիվը 6106 է, որոնց թվում՝ 940երեխա, 159 կին, 39 լրագրող և 39 բժիշկ։ Վնասվածքներից 4903-ը ոտքի վնասվածքներն են, որոնց արդյունքում շատերի ոտքերը (98 դեպք) անդամահատվել են, ընդհանուր առմամբ անդամահատվել է 122 մարդ, որոնցից 20-ը՝ երեխա։ Վիրավորված 940 երեխաներից շատերը վնասվածքների արդյունքում ձեռք են բերել հաշմանդամություն։ Իսրայելցի դիպուկահարները կրակել են և՛ տղամարդկանց և՛ կանանց գոտկատեղից ներքև՝ հասցնելով այնպիսի վնասվածքներ, որոնց արդյունքումնրանց օրգանիզմում խախտվել է վերարտադրողական ֆունկցիան։

Արձակված գնդակների բեկորներից վնասվածքներ ստացողների ընդհանուր թիվը անցնում է 1500-ը, իսկ արցունքաբեր գազի բաքերից ուղիղ հարված ստանալու արդյունքում վնասվածք ստացողների թիվը 1000-ից ավելի է։ Իսրայելի զորքերն օգտագործել են նաև մետաղյա ռետինապատ գնդակներ՝ վնասվածք հասցնելով ավելի քան 400 մարդու։ Վնասվածք ստացողներից ամենափոքրը 2 տարեկան երեխա է եղել՝ գլխի վնասվածքով, իսկ ամենամեծը՝ 71 տարեկան կին, որի ոտքերին կրակել են պատի այն կողմից։ Զորքերը կրակել են ոչ միայն պատին մոտ գտնվող մարդկանց վրա, այլ նույնիսկ նրանց, ովքեր պատից մեկ կիլոմետր և ավելի հեռավորության վրա են գտնվել։

Ցանկացած մարդ, ով գնացել էր ցույցի, ապահովագրված չէր վնասվածք ստանալուց, այսպես, զեկույցում տեղ են գտել վնասվածքներ ստանալու և սպանությունների դեպքերի մանրամասներ։

Բժիշկներ առանց սահմանների միջազգային մարդասիրական կազմակերպության գնահատմամբ#GreatMarchOfReturn-ի ժամանակ վնասվածքներ ստացողների թիվը և նրանց բուժման համար պահանջվող ռեսուրսները Գազայի՝ առանց այն էլ ճգնաժամում գտնվող առողջապահության համակարգը հասցրել են արտակարգ իրավիճակի։ Մոտ 8000 վիրահատություն չեղարկվել կամ հետաձգվել են, Գազայում բուժում ստանալու հնարավորություն չունեցող անձանց Իսրայելի և Եգիպտոսի իշխանությունները չեն թողնում հատել սահմանը և բուժում ստանալ հարևան երկրների բուժհաստատություններում, որի արդյունքում մահվան դեպքեր են գրանցվել։

Իսրայելցի զորքերը սպանել և վիրավորել են մարդկանց, ովքեր անմիջական վտանգ չեն հանդիսացել իսրայելցի զինվորների համար։ Հաշվի առնելով այն, որ Իսրայելը լուրջ պաշտպանողական, հարձակվողական դիրքեր և տեխնիկապես անհամեմատելի, ավելի շատ հնարավորություններ ուներ, պարսատիկներով քարեր նետող պաղեստինցի ցուցարարների սպանություններն ու այդպիսի ծանր վնասվածքներ հասցնելը եղել է հաշվարկված գործողության արդյունք։ Չնայած այն հանգամանքին, որ ոչ բոլոր ցուցարարներն էին խաղաղ՝ Իսրայելի կիրառած անհամաչափ ուժը կյանքից զրկել և խախտել է այն հազարավոր անզեն ցուցարարների իրավունքները, ովքեր խաղաղ են եղել։

Իսրայելի պատասխանը

Ցույցերից առաջ Իսրայելը ընդունել էր մի սկզբունք, ըստ որի՝ Գազայի սահմանին ծառայող զինվորներին թույլ էր տրվել կրակ բացել, եթե ցուցարարները կամ նրանց գործողությունները կյանքի համար անմիջական վտանգ ներկայացնեին կամ լուրջ վնասվածք հասցնեին։ Հոկտեմբերի 12-ին գրանցվել է նման մեկ դեպք, երբ ցուցարարներից մեկը հռթիռ էր արձակել Իսրայելի կողմը։ Սակայն, նույնիսկ այս դեպքում Իսրայելի զորքերին հասցվել է նվազագույն վնաս։

Ամբողջ ընթացքում Իսրայելի զորքերից վնասվածք է ստացել 4 մարդ, մահվան դեպքեր չեն գրանցվել։ 

Իսրայելի վարչապետ Բենյամին Նետանյահուն, ում, ի դեպ, Իսրայելի ոստիկանությունը կոռուպցիայի մեղադրանք է պատրաստվում ներկայացնել, ՄԱԿ-ի զեկույցը համարել է անհեթեթություն և Իսրայելի դեմ ուղղված ակցիա։

Իսրայելի Զինված ուժերը նույնպես մերժողական դիրք ունի, սա երևում է նրա և՛ պաշտոնական հայտարարություններից, և՛ սոցիալական կայքերում հրապարակումներից։ Զինված ուժերը շարունակաբար հերքում է, որ նրանց գործողությունները եղել են հաշվարկված, սակայն Իսրայելի ԶՈւ խոսնակի՝ Ռոնեն Մանելիսի սոցիալական կայքում հրապարակված այնուհետև ջնջված հրապարակումով նա պնդում է, որ «ոչինչ վերահսկողությունից դուրս չի եղել, ամեն ինչ ճշգրիտ էր և հաշվարկված, և մենք գիտենք, թե ուր է դիպչել ամեն արձակված փամփուշտ»։ Պաշտոնական դիրքից նաև երևում է, որ Իսրայելն անընդհատ փորձում է շեշտը դնել Համասի ահաբեկիչների վրա և, այդպիսով, արդարացնել իր կիրառած միջոցների համաչափ լինելը։ Սակայն ՄԱԿ-ի հանձնաժողովը պարզել է, որ սպանված պաղեստինցիներից ընդամենը 29-ն են հանդիսացել պաղեստինական զինված խմբերի անդամներ։ Մարդու իրավունքների միջազգային օրենքի համաձայն, այս կոնտեքստում, այդ մարդկանց թիրախավորումը, որը հիմնվել է նրանց՝ խմբերում անդամակցության և ոչ թե գործողությունների վրա, անթույլատրելի էր։

Ինչպես պարզ է դառնում, հետաքննություն սկսելու և մեղավորներին պատժելու կոչերին Իսրայելը չի պատրաստվում արձագանքել և գործողություններ ձեռնարկել։

 #GreatMarchOfReturn-ը շարունակվում է։ Զոհվածների թիվը օրեցօր ավելանում է։

[1] Համասը քաղաքական կուսակցություն է, որն ունի նաև ավելի ռադիկալ, իսլամական, միլիտարիզացված թև։ Իսրայելը, ԵՄ-ն, Ավստրալիան, Կանադան, Նոր Զելանդիան և ԱՄՆ-ն Համասի այս թևը համարում են տեռորիստական կազմակերպություն։

Մեկնաբանություններ (1)

Ընթերցող
Բանգլադեշի դատարանին բարիստան դժվար թե կապ ունենա էս գործին։ Հավանաբար բարիստր (barrister) պետք է լինի։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter