
Արցախի արտգործնախարարը հանդիպել է ԵԱՀԿ գործող նախագահ Միրոսլավ Լայչակին
Մարտի 13-ին Երևանում կայացել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի հանդիպումը ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Միրոսլավ Լայչակի հետ: Այս մասին տեղեկացնում է Արցախի արտգործնախարարության պաշտոնական կայքը:
Մասիս Մայիլյանը ներկայացրել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ արցախյան կողմի դիրքորոշումը:
Արցախի արտգործնախարարն ընդգծել է, որ Մինսկի խմբի համանախագահությունը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար միակ համաձայնեցված միջնորդական հարթակն է: Մասիս Մայիլյանը նշել է, որ խաղաղ գործընթացի բարեհաջող առաջմղման լավագույն միջոցը 1994 թ. ԵԱՀԿ Բուդապեշտի գագաթաժողովի որոշմամբ ամրագրված եռակողմ ձևաչափով բանակցությունների վերականգնումն է:
Ըստ նախարարի՝ պաշտոնական Ստեփանակերտի ուղղակի և լիարժեք մասնակցությամբ բանակցությունների եռակողմ ձևաչափը ոչ միայն ապացուցել է իր էֆեկտիվությունը, այլև ամենաարդյունավետն է, որն ապահովել է կրակի և ռազմական գործողությունների դադարեցման մասին 1994 թ. մայիսի 12-ի համաձայնագրի կնքումը: Եռակողմ բանակցությունների վերականգնման անհրաժեշտությունից բացի Մասիս Մայիլյանը կարևորել է նաև նոր գաղափարների մշակումը՝ խաղաղ գործընթացում իրական առաջընթացի հասնելու համար:
Արցախի ԱԳՆ ղեկավարը հայտարարել է, որ կարգավորման գործընթացի արդյունավետության առանցքային ցուցանիշներից մեկը ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունների իրակագործումն է՝ նշելով, որ Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի պայմանավորվածություններից Ադրբեջանի փաստացի հրաժարումը խոչընդոտում է խաղաղ գործընթացի առաջմղումը։
ԵԱՀԿ գործող նախագահ Միրոսլավ Լայչակը հավաստիացրել է, որ ԵԱՀԿ-ն կշարունակի գործադրել բոլոր ջանքերը՝ հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման համար:
Մեկնաբանել