HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Ղազարյանը Ժնևում առաջարկել է փախստականների 1951թ.-ի կոնվենցիան բարեփոխել

Միավորված ազգերի կազմակերպության Փասխտականների հարցերով գերագույն հանձնակատարի (ՄԱԿ ՓԳՀ) Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակի նախաձեռնությամբ Ժնևում տեղի է ունենում Արևելյան Եվրոպայի և Հարավային Կովկասի ապաստանի համակարգի որակի բարելավմանը նվիրված համաժողով, որն առաջինն է բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ։ Համաժողովին մասնակցում է նաև Հայաստանի տարածքային կառավարման և զարգացման նախարարության Միգրացիոն ծառայության (ՏԿԶՆ ՄԾ) պատվիրակությունը՝ պետ Արմեն Ղազարյանի գլխավորությամբ:

Միգրացիոն ծառայությունը տեղկեկացնում է, որ ապաստանի համակարգի որակի բարելավման գործընթացում Հայաստանն ակտիվորեն ընդգրկված է 2013 թվականից։ Նախաձեռնությունը մի շարք հաջողություններ է գրանցել Հայաստանում, Վրաստանում, Մոլդովայում, Բելառուսում, Ադրբեջանում, Ուկրաինայում։ Ոլորտի մարտահրավերները՝ հիմնված վեց երկրներում փախստականների պաշտպանության և ապաստանի ոլորտի վերջին օրինաչափությունների վրա, քննարկվում են տվյալ երկրների կառավարությունների և ՄԱԿ ՓԳՀ-ի հետ համատեղ։ Համաժողովի ընթացքում ՄԱԿ ՓԳՀ-ն իր պատրաստակամությունն է հայտնել շարունակելու աջակցությունը կառավարություններին ոլորտում ծառացած խնդիրների լուծումները փնտրելու և իրականացնելու գործում։

Համաժողովում Արմեն Ղազարյանն իր ելույթում անդրադարձել է ազգային անվտանգության պաշտպանությանը՝ փախստականների պաշտպանության համակարգը չխաթարելու համատեքստում:

Մասնավորապես, ՄԾ պետն ընդգծել է, որ այս ոլորտում կարևոր է ոչ միայն իրավական, այլ հատկապես քաղաքական մոտեցում ցուցաբերելը: «Ցանկանում եմ մասնավորեցնել ազգային անվտանգության հետ կապված առանձնահատկությունները և մատնանշել, որ մենք շարունակում ենք համագործակցությունն Ազգային անվտանգության ծառայության հետ՝ փորձելով բալանսավորել ազգային անվտանգությունն ու փախստականների պաշտպանությունը»,- նշել է Արմեն Ղազարյանը:

Միգրացիոն ծառայության պետը մատնանշել է այդ ոլորտում առկա խնդիրները, ինչպես օրինակ այն, որ փախստականների ինստիտուտն օգտագործվում է՝ խուսափելու հանցագործության համար պատիժ կրելուց: «Այդ ինստիտուտն օգտագործվում է նաև դասալքության, ահաբեկչության նպատակներով և Հայաստանի Հանրապետության առանձնահատուկ տարածքային֊, քաղաքական իրավիճակն այս առումով լուրջ մարտահրավերներ է ենթադրում»,- նկատել է Արմեն Ղազարյանը:

Համաժողովի ընթացքում առաջարկվել է ստեղծել միասնական տեղեկատվական հարթակ, ստեղծել արդյունավետ ինստիտուտ, որը կբալանսավորի նշված խնդիրների լուծումը:

Հայաստանի միգրացիոն ծառայության պետն ընդգծել է, որ  Փախստականների կոնվենցիան ընդունվել է 1951 թվականին և ժամանակն է՝ այն բարեփոխել ժամանակակից մարտահրավերներին համահունչ: «Պետք է հասնել նրան, որ փախստականների պաշտպանությունը չչարաշահվի և չվերածվի «ապաստանի առևտրի»:  Անհրաժեշտ է նոր շունչ տալ կոնվենցիային, որը հաշվի կառնի այսօր աշխարհում ի հայտ եկած նոր վտանգավոր ռիսկերը»,- իր խոսքը եզրափակել է Արմեն Ղազարյանը:  

Համաժողովին հաջորդել է աշխատանքային ճաշը՝ միջազգային պաշտպանության հարցերով ՄԱԿ-ի փախստականների գերագույն հանձնակատար Վոլկան Տյուրկի (Volkan Türk) մասնակցությամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter