HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՄԻԵԴ-ի վճռով կառավարությունը կփոխհատուցի 12 հազար եվրո

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռի համաձայն՝ Հայաստանի կառավարությունը «Օսմանյանը և Ամիրաղյանն ընդդեմ Հայաստանի» գործով դիմումատուին կփոխհատուցի 12 000 եվրոյին համարժեք դրամ: Նման որոշում կառավարությունը կայացրեց այսօրվա նիստին:

Գործով դատարանի վճիռն օրինական ուժի մեջ է մտել հունվարի 11-ին, և հատուցման գումարի վճարման վերջնաժամկետը ապրիլի 11-ն է:

Գործի փաստական հանգամանքները

2007 թվականին կառավարությունն ընդունել է «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Շնողի և Թեղուտի գյուղական համայնքների վարչական սահմաններում որոշ տարածքներում բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչելու և հողերի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին որոշում:

Որոշման համաձայն՝ դրա հավելվածներում թվարկված հողատարածքների ձեռք բերող է համարվել «Թեղուտ» ՓԲԸ-ն։ Դիմումատուներին պատկանող հողամասը եղել է այն հողատարածքների շարքում, որոնք համարվել են օտարման ենթակա գոտիներ։

«Թեղուտ» ՓԲԸ-ի կողմից վարձված «Օլիվեր գրուպ» ՍՊԸ-ի գնահատման գործակալությունը ներկայացրել է դիմումատուների հողամասի վերաբերյալ գնահատման եզրակացություն, որի համաձայն՝ դիմումատուների հողամասի շուկայական արժեքը գնահատվել է 188 000 դրամ:

«Թեղուտ» ՓԲԸ-ն դիմումատուներին առաջարկել է գնել նրանց հողամասը 188 000 դրամով՝ գումարած լրացուցիչ 15 %, ինչպես պահանջվում է օրենքով՝ վերջնական առաջարկի գումարը դարձնելով 216 000 դրամ: Դիմումատուները չեն արձագանքել առաջարկին, քանի որ նրանց չի գոհացրել առաջարկվող փոխհատուցման գումարի չափը։

2008 թվականին «Թեղուտ» ՓԲԸ-ն դիմումատուների դեմ հայց է ներկայացրել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով նրանց պարտավորեցնել, որ ստորագրեն պետության կարիքների համար իրենց գույքը վերցնելու մասին համաձայնագիրը։

Վարույթի ընթացքում «Թեղուտ» ՓԲԸ-ն ներկայացրել է դիմումատուների գույքի վերաբերյալ գնահատման եզրակացության ուղղված տարբերակը՝ նշելով, որ «Օլիվեր գրուպ» ՍՊԸ-ն կատարել է որոշ ուղղումներ: Այսպիսով, փոխհատուցման վերջնական գումարը՝ օրենքով պահանջվող լրացուցիչ 15 %-ի հետ, կազմում էր 223 100 դրամ:

Առաջին ատյանի դատարանը բավարարել է «Թեղուտ» ՓԲԸ-ի պահանջը՝ դիմումատուներին տրամադրելով ընդհանուր 223 100 դրամ փոխհատուցում։

Դիմումատուները ներկայացրել են վերաքննիչ բողոք՝ նշելով, որ փոխհատուցման գումարը բավարար չէ՝ պնդելով նաև, որ առաջին ատյանի դատարանը պետք է իրացներ փորձաքննություն նշանակելու իր հայեցողական լիազորությունը։

Վերաքննիչ քաղաքացիական դատարանը բեկանել է առաջին ատյանի դատարանի վճիռը՝ նշելով, որ այն պետք է բավարարեր դիմումատուների պահանջը՝ նշանակելով դատական փորձաքննություն՝ գույքի շուկայական արժեքը որոշելու համար։ Գործը վերադարձվել է առաջին ատյանի դատարան։

2010 թվականի հունվարին առաջին ատյանի դատարանը նշանակել է դատական փորձաքննություն՝ դիմումատուների հողամասի, այդ թվում՝ անշարժ գույքի կամ, առկայության դեպքում, բարելավումների շուկայական արժեքը որոշելու համար։

«Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի փորձագետը ներկայացրել է եզրակացություն, որի համաձայն՝ գույքի շուկայական արժեքը գնահատվել է 230 000 դրամ:

2010 թվականի նոյեմբերին առաջին ատյանի դատարանը նշանակել է լրացուցիչ դատական փորձաքննություն։ Այս անգամ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի փորձագետի կողմից ներկայացվել է եզրակացություն, որով դիմումատուների հողամասի շուկայական արժեքը գնահատվել է 209 100 դրամ: Այսպիսով՝ 2011 թվականի ապրիլին առաջին ատյանի դատարանը բավարարել է «Թեղուտ» ՓԲԸ-ի պահանջը՝ դիմումատուներին շնորհելով 264 500 դրամ:

Դիմումատուները ներկայացրել են վերաքննիչ բողոք, սակայն դատարանը անփոփոխ է թողել առաջին ատյանի դատարանի վճիռը։ Այնուհետ դիմումատուները ներկայացրել են վճռաբեկ բողոք, որը ճանաչվել է անընդունելի՝ հիմքերի բացակայության պատճառով։

ՄԻԵԴ-ը՝ «Օսմանյանը և Ամիրաղյանն ընդդեմ Հայաստանի» գործի մասին

Եվրոպական դատարանը նշել է, որ ցանկացած միջամտություն պետք է ողջամտորեն համաչափ լինի հետապնդվող նպատակին: Ըստ դատարանի՝ համապատասխան օրենսդրությամբ նախատեսված փոխհատուցման պայմանները հատուկ նշանակություն ունեն գնահատելու՝ արդյոք վիճարկվող միջոցառմամբ ապահովվում է անհրաժեշտ արդարացի հավասարակշռությունը և արդյոք այն անհամաչափ բեռ է առաջացնում դիմումատուների համար:

Եվրոպական դատարանը համարել է, որ կարող են լինել այնպիսի իրավիճակներ, երբ տվյալ անշարժ գույքի շուկայական գինն արտահայտող փոխհատուցումը՝ նույնիսկ օրենքով սահմանված լրացուցիչ տոկոսի ավելացմամբ, չհամարվի բավարար փոխհատուցում՝ գույքից զրկելու դիմաց։ Ըստ ՄԻԵԴ-ի, նման իրավիճակ կարող է առաջանալ այն դեպքում, երբ անձը զրկվում է իր եկամտի հիմնական, եթե ոչ միակ աղբյուրից, և առաջարկվող փոխհատուցումը չի համապատասխանում այդ կորստին:

Այս գործում դիմումատուները նշել էին, որ որպես ընտանիք՝ իրենք տնտեսապես կախված են եղել օտարվող այդ հողից, որը չի հերքվել կառավարության կողմից:

Եվրոպական դատարանի եզրակացմամբ՝ հողերի օտարման հետևանքով դիմումատուները կորցրել են իրենց եկամտի հիմնական աղբյուրը. «Դատարանները որոշել են, որ անկախ հանգամանքներից, դիմումատուներին պետք է տրամադրվի փոխհատուցում, որի չափը որոշվել է օտարման ենթակա տարածքում գտնվող անշարժ գույքի գների հիման վրա։ Նրանք չեն դիտարկել այն հարցը, թե արդյոք տրամադրվող փոխհատուցումը կծածկի դիմումատուների՝ ապրուստը հոգալու միջոցներից զրկվելու հետ կապված փաստացի կորուստը, կամ արդյոք այն բավարար էր, որպեսզի նրանք ձեռք բերեն համարժեք հող այն տարածքում, որտեղ նրանք ապրում էին»:

Եվրոպական դատարանը գտել է, որ դիմումատուները ստիպված են եղել ավելորդ բեռ կրել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter