HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կառավարությունը մի շարք համայնքների անասնաբուժական սարքավորումներ կտրամադրի

Կառավարությունն այսօրվա նիստին որոշեց պետական սեփականություն հանդիսացող անասնաբուժական սարքավորումներն ու գործիքները նվիրաբերել «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» հիմնադրամին:

Հիմնադրամը դրանք անհատույց օգտագործման իրավունքով կհանձնի ծրագրերի պահանջներին համապատասխան չափորոշիչներով ընտրված և համայնքներում անասնաբուժական գործունեություն իրականացնող անասնաբույժներին` նպատակային օգտագործման համար:

Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Տավուշի մարզերի համայնքների վարչական տարածքներում գտնվող արոտավայրերի ջրարբիացման համակարգերը ևս կնվիրաբերվեն նույն համայնքներին՝ համայնքի արոտավայրերի ջրարբիացման բարելավման և անասնապահության զարգացման նպատակով:

Արագածոտնի, Գեղարքունիքի,  Լոռու, Սյունիքի և Տավուշի մարզերում ստեղծված արոտօգտագործողների սպառողական կոոպերատիվներին կնվիրաբերվի գյուղատնտեսական տեխնիկա՝ անասնապահության զարգացման նպատակով օգտագործելու պայմանով:

Ինչպես նշվում է կառավարություն ներկայացված որոշման նախագծում՝ անասնապահությամբ զբաղվող համայնքներում առկա են կենդանիների առողջության պահպանման, վարակիչ հիվանդությունների կանխարգելման, արհեստական սերմնավորման աշխատանքների բարելավման, գործող անասնաբույժներին անհրաժեշտ սարքավորումներով ու գործիքներով ապահովման խնդիրներ: Նախարարությունը հավելել է, որ պետք է բարելավել նաև արոտավայրերի ջրարբիացումը: Գյուղատնտեսության նախարարության հաղորդմամբ՝ ծրագրերում ընդգրկված համայնքներում բնակիչները ստեղծել են արոտօգտագործողների սպառողական կոոպերատիվներ, որոնք իրենց կանոնադրական նպատակների արդյունավետ իրականացման համար գյուղատնտեսական տեխնիկայի համալրման կարիք ունեն:

«Նշված խնդիրների լուծմանն աջակցելու նպատակով ծրագրերի շրջանակներում ձեռք են բերվել անհրաժեշտ անասնաբուժական սարքավորումներ ու գործիքներ, համայնքների վարչական տարածքներում արոտավայրերի ջրարբիացման բարելավման նպատակով կառուցվել են ջրարբիացման համակարգեր, ստեղծված արոտօգտագործողների սպառողական կոոպերատիվների համար ձեռք է բերվել գյուղատնտեսական տեխնիկա:

Գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Գեղամ Գևորգյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին հայտնեց, որ նախարարությունը փորձում է անասնաբույժների կրթական մակարդակը բարձրացնել՝ նրանց «կապելով» Ագրարային համալսարանի կամ համապատասխան կրթական ծառայություն մատուցող այլ հաստատությունների հետ:

«Մենք այս աջակցությունը հո չենք տալիս, որ երկու տարի հետո գան, ասեն այդ գործիքները մաշվել են, հիմա նորը առեք, տվեք: Մենք տալիս ենք, որպեսզի այդ կենտրոնները զարգանան, և իրենք արդեն կարողանան ոտքի կանգնել և իրենք կարողանան իրենց կարիքները հոգալ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը ընդգծեց նաև, որ պետք է քայլեր ձեռնարկվեն, որպեսզի անասնաբուժական ծառայություններում ներգրավվեն միայն մրցունակ մասնագետներ, և գյուղացիները տեսնեն այդ մասնագետների մատուցված ծառայությունների բարձր որակը:

Համապատասխան սարքավորումների հանձմամբ կառավարությունը նպատակ ունի խթանել անասնապահության զարգացումն այն համայնքներում, որտեղ բնակչության եկամուտների հիմնական աղբյուրն անասնապահությունն է:

Սակայն ձեռք բերված անասնաբուժական սարքավորումներն ու գործիքներն անմիջականորեն շահագործվելու են անասնաբույժների կողմից, որոնց աշխատանքների կազմակերպման և վերահսկողական գործառույթներն իրականացնելու է «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» հիմնադրամը:

Նախարարությունը նաև հայտնում է, որ նախատեսում է նաև աջակցություն ցուցաբերել համայնքներում և ֆերմերային տնտեսություններում իրականացվող անասնաբուժական ծառայությունների մատուցման ոլորտին, համայնքների արոտավայրերի ջրարբիացման բարելավմանը և ծրագրերի շրջանակներում ստեղծված արոտօգտագործողների սպառողական կոոպերտիվներին գյուղատնտեսական տեխնիկայով ապահովմանը:

Համայնքներին հանձնվող սարքավորումների ցանկին, ըստ համայնքների, կարող եք ծանոթանալ այստեղ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։