HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ֆինանսների նախարարությունն առաջարկել է վերանայել նախկին պատգամավորի որդուն օտարված գույքի արժեքը

Կառավարությունն այսօրվա նիստին որոշեց 2 տարով երկարացնել Ազգային ժողովի նախկին պատգամավոր Հովհաննես Սոֆոյանի որդու՝ Սերգե Սոֆոյանի «Դամալա Գրուպ» ընկերության ներդրումների ժամկետը։

Հիշեցնենք, որ կառավարության դեկտեմբերի 7-ի որոշմամբԵրևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական տարածքում` Մ. Մելիքյան փողոց նրբանցք 23 հասցեում, ավելի քան 6300 քմ մակերեսով շենք-շինությունները, դրանց օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ շուրջ 5.8 հա մակերեսով հողամասը ուղղակի վաճառքի ձևով օտարվեցին «Դամալա Գրուպ» ՍՊԸ-ին:

Ուղղակի վաճառքի ձևով օտարման ենթակա գույքի վաճառքի գինը սահմանվել էր 300 միլիոն դրամ (ներառյալ հողամասի կադաստրային արժեքը)՝ պայմանով, որ ընկերությունը պայմանագրի կնքումից հետո մեկ տարվա ընթացքում պարտավորվում էր վճարել գույքի վաճառքի գինը, ինչպես նաև երկու տարվա ընթացքում իրականացնել 5 մլն դոլարին համարժեք դրամի ներդրում, որից 3 մլն դոլարը՝ առաջին տարում, իսկ 2 մլն դոլարը՝ երկրորդ տարում:

Ինչպես նշվում է կառավարություն ներկայացված որոշման նախագծում, «Դամալա Գրուպ» ՍՊԸ-ի և Պետական գույքի կառավարման կոմիտեի միջև գույքի օտարման պայմանագիրը կնքվել է 2018 թվականի մարտի 12-ին:

Այդ իսկ պատճառով ստանձնած ներդրումային պարտավորության առաջին մասը՝ 3 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամը, ենթակա է վճարման այդ ժամանակահատվածից սկսած մեկ տարվա ընթացքում։ Սակայն ընկերությունը գրությամբ դիմել է կոմիտե՝ տեղեկացնելով, որ «Սեյսմանվտանգության» ՍՊԸ-ի կողմից տրված եզրակացությունների հիման վրա պարզվել է, որ օտարված շենք-շինություններն ունեն որոշակի վթարայնության աստիճան, անհրաժեշտ է իրականացնել լրացուցիչ ներդրումներ, սակայն պայմանագրով ստանձնած ժամկետներում հնարավոր չէ ամբողջությամբ իրականացնել՝ խնդրելով ստանձնած պարտավորությունների կատարման ժամկետը երկարաձգել ևս 2 տարի։

Ֆինանսների նախարարությունը դիտողություն է ունեցել այս որոշման նախագծի վերաբերյալ: Հայտնել է, որ հիմնավորման համաձայն՝ պարտավորությունների ժամկետի երկարաձգումը պայմանավորված է այն հանգամանքով, որ օտարված շենք-շինություններն ունեն որոշակի վթարայնության աստիճան, որի արդյունքում անհրաժեշտ է կատարել լրացուցիչ ներդրումներ: «Մինչդեռ՝ նախագծում ընդամենը երկարաձգվում է ներդումների ժամկետն առանց կատարվող ներդրումների չափի փոփոխության»,- հայտնել է ֆինանսների նախարարությունը:

Նախարարությունը անդրադարձել է նաև գույքի օտարման գործարքին: Նշել է, ընկերությանը գույքն օտարվել է գույքի գնահատված արժեքի 9.7 տոկոսով՝ առաջարկելով քննարկել գույքի վաճառքի պայմանները վերանայելու հարցը:

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը առարկել է օտարման գնի փոփոխության դիտողությանը՝ նշելով, որ ընկերությանը գույքը վաճառվել է գնահատված արժեքի մոտ 50 %-ով, ոչ թե 9,7 %-ով, իսկ թե արժեքի որ մասն է հողի արժեքը, իսկ որը՝ գույքինը, դա կառավարության մոտեցման խնդիրն է եղել. «Կառավարությունը այդ մոտեցումը կիրառել է, քանի որ ընկերությունը պարտավորվել է կատարել ներդրումներ և ստեղծել աշխատատեղեր կառավարության կողմից գերակա համարվող հագուստի և կոշիկի արտադրության ոլորտում, ինչը խթան կհանդիսանար այդ ճյուղերի հետագա զարգացման համար»,- հայտնել է տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը:

Վաճառքի պայմանների փոփոխության հարցի քննարկումը նախարարությունը համարել է ոչ նպատակահարմար՝ նշելով, որ այն բացասաբար կանդրադառնա ներդրումային ծրագրի իրականացման վրա, բացի այդ՝ վաճառքի պայմանների փոփոխությունների հարցի քննարկումը կոնկրետ մեկ ընկերության դեպքում կարող է դիտարկվել որպես խտրական մոտեցում։

Իսկ ներդրումների փոփոխության մասին տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը ընդգծել է, որ փոփոխություն չի կատարվել, քանի որ ընկերությունը չի ներկայացրել լրացուցիչ ներդրումների մասին առաջարկություն, ինչպես նաև տեխնիկական խնդիրների վերացմանն ուղղված շինարարական աշխատանքների ծավալները այս փուլում գնահատել հնարավոր չի եղել։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter