HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Էդմոն Մարուքյան. «Մեկնարկող բանակցությունները զբաղված օրակարգով են» (տեսանյութ)

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը պնդում է՝ մինչ ԼՂ կոնֆլիկտի բանակցություններին ներգրավված չլինի որևէ ներկայացուցիչ Արցախից, բանակցությունները չեն կարող արդյունավետ լինել։ Այս մասին Մարուքյանն ասաց խորհրդարանում լրագրողների հետ զրույցում։

Դիտարկմանը, որ Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանի համոզմամբ՝ պետք է հրաժարվել ԼՂ հարցի կարգավորման հնացած սկզբունքներից, Մարուքյանը համաձայնեց:

«Դա շատ կարևոր կարծիք է, որ կարելի է սկզբունքները նորից քննարկել, որովհետև ամեն կողմ կարող է ի շահ իրեն սկզբունքները մեկնաբանել, այսինքն ոչ թե այդ սկզբունքի տակ Ալիևն ինչ նկատի ունի, այլ՝ միջազգային հանրությունը, այս առումով, կարծում եմ, մեկնարկող բանակցությունները կարելի է ասել զբաղված օրակարգով են՝ թե՛ սկզբունքների, թե՛ տարրերի մեկնաբանության իմաստով, թե՛ ապագայում առաջ շարժվելու իմաստով, բայց թե՛ խորհրդարանականներս, թե՛ դիվանագիտական կորպուսը մեծ անելիքներ ունենք առ այն, որ մենք պետք է աշխատենք միջազգային բոլոր հարթակներում և մոտեցում ձևավորենք, որ առանց ԼՂ ներկայացուցչի արդյունավետ, պտղաբեր բանակցություններ չեն կարող լինել»,- ասաց Մարուքյանը՝ ընդգծելով, որ բանակցությունները կարող են արդյունավետ լինել, եթե բոլոր կողմերը պետք է ներկայացված լինեն։

Ինչ վերաբերում է այն պնդումներին, որ եթե Նիկոլ Փաշինյանը բանացություններին մասնակցի առանց ԼՂ ներկայացուցչի այն դեպքում, երբ հայտարարում էր, որ չի կարող խոսել ԼՂ-ի անունից, Էդմոն Մարուքյանն ասաց.

«Ես առողջություն եմ ցանկանում իրենց, ինչ ասեմ, էն ինչ ասվել է, արվել է, և ասվել է, որ երկխոսության պատրաստ ենք սկզբունքների տարրերը հասկանալու համար... Ի՞նչ են ուզում իրենք, որ Փաշինյանն ասի՝ դե լավ, չեն գնում, հետո ասեն՝ դե չգնաց, ուրեմն պատերազմ սկսվի, նախկին իշխանությունները երբ հայտարարություններ են անում, ես ուղղակի զարմանում եմ, նախկին իշխանություններն են հասցրել այս վիճակին, նրանցից է ժառանգված այն ամենն, ինչ ունենք, էդ մենք կարող ենք քննադատել Փաշինյանին, ոչ թե իրենք»։

Վաղը խորհրդարանում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում փակ հանդիպում է լինելու։ Թե ինչու է հանդիպումը փակ, պատգամավորն ասաց.

«Խորհրդարանը ունի մի շարք գործիքներ՝ լսումներ, հանդիպումներ, հարցապնդումներ, այս փուլում արտաքին հարաբերությունների հանձնաժողովը նախաձեռնել է նման հանդիպում, միգուցե այդ հանդիպումից հետո կարիք լինի լսումների, միգուցե՝ չլինի»։

Ի դեպ, Էդմոն Մարուքյանն այսօր ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի աշխատասենյակում հանդիպման էր: Թե ինչ էր քննարկել ԱԺ նախագահի հետ փակ դռների հետևում հարցին՝ ընդդիմադիր պատգամավորը պատասխանեց.

«Քանի որ խորհրդարանում հանդիպում եղավ Վրաստանի նախագահի հետ, քննարկում էինք տպավորությունները, բացի այդ՝ տարբեր կոնսուլտացիաներ, ես ճշտում էի նաև սահմանադրության փոփոխությունների մեր փաթեթը, մենք արդեն ուղարկել ենք խմբակցություններին և ԱԺ նախագահին, պայմանավորվեցինք, որ Գերմանիա այցից հետո պետք է քննարկենք, որովհետև խորհրդարանը պետք է լինի բարեփոխումների շարժիչը, նախ պետք է որոշենք, թե ինչ ֆորմատով պետք է քննարկումներ սկսենք, ինչպես ենք ներգրավում արտախորհրդարանական ուժերին, քաղհասարակությանը»։

Դիտարկմանը, որ նախկինում դժգոհում էր իշխանությունների կողմից ընդդիմադիրների նախագծերը մերժելու համար, այժմ ի՞նչ կարող է ասել այդ հարցով, Մարուքյանն արձագանքեց.

«Էնպես չի, որ այս իշխանության աչքերն ուռել են ընդդիմության առաջարկների համար, բայց վերջնական գնահատական տալու համար, կարծում եմ, մի քիչ պետք է աշխատել, հիմա միանշանակ չենք կարող ասել, բայց քաղաքական մեծամասնությունը ցույց է տալիս պատրաստակամություն աշխատելու, ականջալուր լինելու, մենք էլ պետք է օրակարգը զբաղված պահենք, ու այդպես էլ վարվում ենք՝ խնդիրները համատեղ լուծելու համար»։

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter