
Արցախի կառավարության օտարած մեքենաները. գները չեն հաղորդում
«Հետքը» հարցում է ուղարկել ԼՂՀ պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանին՝ խնդրելով տրամադրել 2008-2018 թթ. ընթացում Կառավարության հաշվեկշռում գտնվող, օտարման արդյունքում վաճառված ծառայողական մեքենաների ցանկը, դրանցից յուրաքանչյուրի մակնիշը, գինը, ձեռք բերողի տվյալները:
ԱՀ պետական նախարարի աշխատակազմը, պատասխանելով հարցերին, չի տրամադրել օտարված մեքենաների գների մասին տեղեկատվությունը։
Եվ այսպես, 10 տարվա ընթացքում պետությունը օտարել է 329 մեքենա: Մեքենաները հետեւյալ մակնիշների էին՝ GAZ-3110, VAZ-21213, UAZ, VAZ-2106, Hyundai Tucson, Hyudai Elantra:
Կառավարության տրամադրած ցուցակի մեջ կան Արցախի առաջին դեմքերի օգնական, թիկնապահ, վարորդ, ոստիկաններ, պատգամավորներ, դատախազներ, նախարարներ, փոխնախարարներ, ՊՈԱԿ-ի տնօրեններ, տարբեր պաշտոնյաներ ու նրանց հարազատներ, քաղաքական գործիչներ:
ԱՀ նախկին պետնախարար և վարչապետ, «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանի թիկնապահ Ռոբերտ Աղաբեկյանը 2016-ին գնել է 1995 թվականի թողարկման Range Rover:
Այս գործարքի մասին մեր հարցմանը «Ազատ հայրենիք» կուսակցության մամուլի քարտուղար Վահրամ Պողոսյանը չցանկացավ որևէ մեկնաբանություն տալ:
ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի օգնական Արմեն Կարապետյանը 2015-ին գնել է 2000 թվականի թողարկման Toyota Land Cruiser: Ինչպես նաև, Աշոտ Ղուլյանի նախկին վարորդ Հրայր Սարգսյանը 2016-ին գնել է 2006 թվականի թողարկման Nissan Altima:
ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը սույն գնումների վերաբերյալ մեր հարցմանը այսպես արձագանքեց․ «Կառավարությունը պարբերաբար իրականացնում է օպտիմալացման ծրագրեր, որոնց արդյունքում մաշված ծառայողական ավտոմեքենաները հանվում են Ազգային ժողովի հաշվեկշռից և փոխանցվում են Պետական գույքի կառավարման վարչություն: Դրանից հետո իրականացվող բոլոր քայլերին ԱԺ-ն կամ ԱԺ նախագահը որևէ առնչություն չունեն: Այդ ավտոմեքենաների օտարման հետ կապված հարցերով զբաղվում է իրավասու պետական մարմինը»։
Այն հարցին, թե ինչպես է իրականացվում օտարված մեքենաների վաճառքի գործընթացը, ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար Լևոն Գրիգորյանը պատասխանեց. «Պետական ավտոտրանսպորտային միջոցները կարող են օտարվել պետական կառավարման լիազորված մարմինների միջնորդությամբ ուղղակի վաճառքի ձևով կամ աճուրդով՝ համաձայն ԼՂՀ կառավարության 2008 թվականի փետրվարի 26-ի որոշման»:
Աճուրդների կազմակերպման ու հայտարարման կապակցությամբ Լևոն Գրիգորյանը մեջբերեց նույն 2008 թվականի փետրվարի 26-ի որոշումը. «Աճուրդի կազմակերպիչը գույքի օտարման մասին որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից հետո 15 օրվա ընթացքում 500 օրինակից ոչ պակաս տպաքանակ ունեցող մամուլում կամ զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակում է գույքի աճուրդով վաճառքի մասին հայտարարությունը: Ընդ որում, աճուրդն անցկացվում է հայտարարության հրապարակմանը հաջորդող 15-րդ օրվանից, իսկ մրցույթը` 30 օրվանից ոչ շուտ»:
Շարունակենք ներկայացնել Կառավարության հարցման պատասխանում տեղ գտած այլ պաշտոնյաներին և քաղաքական գործիչներին օտարված մեքենաները:
2015-ին Արցախի նախագահի խորհրդական Արտակ Բալայանը, որը ներկայումս «Արցախբանկ» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն և վարչության նախագահն է, 2015-ին գնել է 2010 թվականի թողարկման Hyudai Santafe: Արտակ Բալայանը մեզ հետ զրույցում հաստատեց, որ ինքն էր գնորդը. «Կարող եմ նաև գումարը ասել՝ 3 միլիոն դրամ: Այդ ժամանակահատվածում, եթե չեմ սխալվում, ամենաշատը ես եմ վճարել»:
ԱՀ նախագահ Բակո Սահակյանի նախկին խորհրդական Արմեն Իսագուլովը 2016-ին գնել է 2008 թողարկման Toyota Land Cruiser:
2015-ին ԱԺ պատգամավոր Արպատ Ավանեսյանը գնել է 2008 թվականի թողարկման Hyundai Tucson:
ԱՀ աշխատանքի և սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարար Սամվել Ավանեսյանի վարորդ Արայիկ Գասպարյանը 2015-ին գնել է 2006 թվականի թողարկման GAZ-322132 (GAZelle):
Արցախի արտաքին գործերի նախկին փոխնախարար, նախագահի խորհրդական, ԼՂՀ Ազգային ժողովում նախագահի նախկին մշտական ներկայացուցիչ Վասիլի Աթաջանյանը գնել է 2008 թվականի թողարկման Hyundai Tucson:
Առողջապահության նախկին նախարար, նախագահի խորհրդական Զոյա Լազարյանը 2016 թվականին գնել է 2008 թվականի թողարկման Hyundai Tucson: Իսկ նրա որդի Վահան Ասծատրյանը 2008-ին գնել է 2005 թվականի թողարկման GAZ-31105:
ԼՂՀ Գլխավոր դատախազի տեղակալ, արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդական Արամայիս Ավագյանը 2015-ին գնել է 2008 թվականի թողարկման Hyundai Tucson:
Ստեփանակերտի փոխքաղաքապետ Սուրեն Թամրազյանը 2015-ին գնել է 2008 թվականի թողարկման Hyundai Tucson:
«Պետական գնումների գործակալություն» պետական ոչ առեւտրային կազմակերպության պետ Լևոն Ոսկանյանը 2015-ին գնել է 2008 թվականի թողարկման Hyundai Tucson:
ԼՂՀ քաղաքաշինության փոխնախարար Գեորգի Հայրիյանը 2015-ին գնել է 2008 թվականի թողարկման Hyundai Tucson:
ԼՂՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ (մինչև 2015) Վալերի Մեսրոպյանը 2015-ին գնել է 2010 թվականի թողարկման Nissan Altima:
Գնորդների մեջ կան նաև ոստիկանության աշխատակիցներ
Ոստիկանապետի ներկայիս տեղակալ գնդապետ Գագիկ Ղահրամանյանի անունը նշված է 2017 և 2015 թվականների ցուցակում: «Հետքը» փորձել է մի քանի անգամ կապվել Ղահրամանյանի հետ, սակայն աշխատանքային հեռախոսահամարի զանգերին այդպես էլ պատասխանող չկար: Ըստ հարցման պատասխանի՝ Գագիկ Ղահրամանյանը 2015-ին գնել է 2008 թվականի թողարկման VAZ-21214 և 2017-ին՝ 2006 թվականի թողարկման Subaru Tribeca:
Ոստիկանապետի ներկայիս տեղակալ գնդապետ Բորիս Ենգիբարյանը 2017-ին գնել է 2008 թվականի թողարկման Hyundai Tucson և 2014-ին՝ 2003 թվականի թողարկման VAZ-21213: Բորիս Ենգիբարյանը հաստատեց, որ ինքն է գնորդը ու հավելեց, որ 37 տարվա ստաժ ունի ոստիկանությունում:
ԱՀ ոստիկանության կադրերի բաժնի պետ Արմեն Բաղրյանը 2017-ին գնել է 2008 թվականի թողարկման Toyota Corolla:
Ոստիկանապետի ներկայիս տեղակալ, ոստիկանության գնդապետ Աշոտ Հակոբջանյանը 2017 թվականին գնել էր 2007 թվականի թողարկման Toyota Camri: Մեզ հետ զրույցում նա ասաց՝ որևէ խնդիր չի տեսնում այդ գործարքի մեջ:
ԼՂՀ ոստիկանության շտաբի պետի ներկայիս տեղակալ, փոխգնդապետ Արարատ Դանիելյանը 2016-ին գնել է 2008 թվականի թողարկման Hyundai Elantra:
Ոստիկանության պետական պահպանության ծառայության վաշտի ավագ Սամվել Խանումյանը 2016-ին գնել է 2010 թվականի թողարկման UAZ-315165 (УАЗ Хантер):
Ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչության նախկին պետ, ոստիկանության գնդապետ Նորայր Միրզոյանը 2016-ին գնել է 2008 թվականի թողարկման Hyundai Elantra:
2016 թվականին Արցախի ոստիկանության պետական պահպանության վարչության ներկայիս պետ Նորայր Բաբայանը գնել է 2010 թվականի թողարկման UAZ:
Ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետ Դավիթ Մանգասարյանը 2016-ին գնել է 2008 թվականի թողարկման Hyundai Elantra:
ԱՀ ոստիկանության քրեական հետախուզության վարչության ներկայիս պետ Անդրեյ Մկրտչյանը 2017 թվականին գնել է 2010 թվականի թողարկման BYD F3:
Ասկերանի պետավտոտեսչության նախկին պետ Լյուդվիգ Ասրյանը 2016-ին գնել է 2008 թվականի թողարկման Hyundai Elantra:
ԱՀ ոստիկանության կադրերի բաժնի պետ Արմեն Բաղրյանը 2017-ին գնել է 2008 թվականի թողարկման Toyota Corolla:
Ռուսական արտադրության ավտոմեքենաներ
2008-ին և 2009-ին բացարձակապես ռուսական մեքենաներ են վաճառել: Դրանց գնորդներից է արդեն չգործող «Սոցիալական արդարություն» կուսակցության նախագահ Կարեն Օհաջանյանը (2003 թվականի թողարկման VAZ-21213), այդ տարիներին պատգամավոր, ներկայում Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանը (1997 թվականի թողարկման VAZ-21213), ԼՂՀ նախկին ՄԻՊ Յուրի Հայրապետյանը (1998 թվականի թողարկման VAZ-21060):
ԼՂՀ վերահսկիչ պալատի նախագահի տեղակալ Մայոր Դանիելյանը 2015 թվականին գնել է 2007 թվականի թողարկման GAZ-3102:
«Ազատ Արցախ» թերթի նախկին գլխավոր խմբագիր Լեոնիդ Մարտիրոսյանը 2015-ին գնել է 2003 թվականի թողարկման VAZ-21213:
ԱՀ քաղաքաշինության նախարարության կապշինվարչության գլխավոր մասնագետ Լեւոն Հարոյանը 2015 թվականին գնել է 2006 թվականի թողարկման VAZ-21214:
2008 թվականից կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալ Եղիշե Արզումանյանը 2015-ին գնել է 2005 թվականի թողարկման VAZ-21214:
ԼՂՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի նախկին տեղակալ Մաքսիմ Հակոբջանյանը գնել է 2006 թվականի թողարկման VAZ-21214:
Համեմատաբար թարմ մեքենաներից 2012-ին վաճառել են 2009 թվականի թողարկման չորս ՊԱԶ-3206 ավտոբուսները: Գնորդը «Գլոբալ Տրանս Սերվիս» ՍՊԸ-ն է, որի տնօրենը Արեգ Չալյանն է, իսկ հիմնադիրը՝ Վաղարշակ Հովսեփյանը:
2018 թվականին՝ մինչև հուլիս ամիսը, վաճառվել է երկու մեքենա՝ 2009 թվականի Hyundai Elantra և 2003 թվականի թողարկման VAZ-21213:
Ըստ «Ապառաժի»՝ փետրվարի 1-ին՝ Արցախի Հանրապետության կառավարության 2019 թվականի անդրանիկ նիստի ժամանակ, հայտարարվել է 26 ծառայողական ավտոմեքենայի կրճատման մասին։ ԱՀ-ում պետական մարմինների ծառայողական ավտոմեքենաների սահմանաքանակը 315 է։
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել