HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կավագործ Յաղուբյան. «Եթե Աստված չի ստորագրել, ես ո՞վ եմ, որ ստորագրեմ»

«Ղարաբաղյան պատերազմից հետո գոյատևել էր պետք, հիմա արդեն ապրում եմ»,-ասում է կավագործ Գենադի Յաղուբյանը` ի պատասխան բոլոր ծանոթ-անծանոթների այն հարցին, թե «ինչու՞ հենց էս գործն ընտրեցիր, սրանից քեզ ի՞նչ օգուտ»:

40-ն անց կավագործը հիմա արդեն ապրում է «գեղեցիկի ստեղծման սպասումով», իսկ կենցաղային առումով՝ նա դեռևս գոյատևում է:

«Երբ նոր էի սկսել կավագործությամբ զբաղվել, արդեն ընտանիք ունեի, պահել էր պետք, էն ժամանակ ինչ-որ կերպ ստացվում էր պահել, հիմա արդեն ընտանիքիս անդամները դժգոհում են, ասում են` «էդ թող, կարգին գործով» զբաղվի»:

Կավագործը, ինչպես ընկերներն են ասում, «լուրջ մասնագիտություն էլ ունի»` ռուս բանասեր է, մինչ այս արհեստով զբաղվելը խաչքարեր է քանդակել, նաև աշխատել է կրկեսում: Կավե առաջին աշխատանքն էլ «Ծաղրածուն» է եղել, որը նվիրել է կրկեսին:

Խեցեգործության հանդեպ սերը Գենադին, իր խոսքով, ժառանգել է նախնիներից, ովքեր արմատներով Ննգի գյուղից են, որը հայտնի է որպես «բազում արհեստների գյուղ». այստեղ մեծ տարածում է ունեցել հատկապես խեցեգործությունը:

Ծաղրածուից հետո կավե առաջին իրերը, որ պատրաստել է արհեստավորը, եղել են կավե կպչուն իրերը (магнитка): Իր խոսքով` Հայաստանում ինքն է եղել այն առաջին կավագործը, ով գիտակցել է, որ կավե կպչուն իրերի վաճառքը կարող է շահավետ լինել.

«1990-ականներին ոչ մի կավագործի մտքով չէր անցնում, որ կարելի է նման իրեր պատրաստել և վաճառել, ինձ ասում էին`«Գենա, գժվե՞լ ես, ո՞վ պիտի գնի էդ պուճուր, անպետք իրերը», այնինչ մի քանի ամիս հետո իրենք էլ սկսեցին պատրաստել ու վաճառել զբոսաշրջիկներին ու սփյուռքահայերին: Էն մութ ու ցուրտ տարիներին միայն էդ «պուճուր ու անպետք» իրերի շնորհիվ ամսական 1000-1500 դոլար էի աշխատում»,- հիշում է Գենադին:

Հիմա կավագործը հատուկ պատվիրատուներ ունի, նաև համագործակցում է որոշ խանութների հետ, բայց Վերնիսաժում չի կանգնում, ասում է` «կավագործությունն արվեստ է, արվեստի գործերը, որ բազարում դնում ես, արժեքը կորցնում է»:

Գենադի Յաղուբյանը խուսափում է Հայաստանում ցուցահանդեսներ կազամակերպելուց. «Մի քանի անգամ կազմակերպել եմ, հասկացել եմ, որ տասնյակ անգամ ավելի ծախսում ես, քան եկամուտ ստանում, մեր գործի մարդիկ էստեղ ցուցահանդեսներից օգուտ չունեն»:

Փոխարենը կավագործի աշխատանքները ցուցադրության են ներկայացվել Բուլղարիայում, Շվեյցարիայում, ԱՄՆ-ում և այլ երկրներում: Նա մի շարք պատվոգրեր և շնորհակալագրեր ունի, բայց կավե իրերը չի արտահանում, ասում է` դրսում ինչպես հարկն է, չեն գնահատում իրերի արժեքը:

Հայաստանում իր արվեստի ապագան մշուշոտ է տեսնում, ասում է` խեցեգործությունը ծախսատար աշխատանք է. Հայաստանում սպիտակ կավ չկա, եղածն էլ նախկին սովետական երկրներից բերածն է, որն արդեն սպառվում է: Աշխատանքի ընթացքում կիրառվող ներկերն էլ թանկ արժեն: Գենադին դրանք բերում է ԱՄՆ-ից`սեփական միջոցներով:

«Չգիտեմ` ինչ ենք անելու, երբ սպիտակ կավի պաշարները սպառվեն: Ստիպված պիտի այլ երկրներից բերենք, ինչը շատ թանկ կարժենա»,- մտահոգվում է նա:

Այս ամենին գումարած` արհեստանոցն էլ իր սեփականը չէ, բայց շատ է կապվել հետը, ասում է` առանց էս չորս պատի կյանք չունեմ:

Գենադին երեխաներին ու պատանիներին փողոցից կտրելու լավագույն միջոցներից մեկը իր արհեստի նկատմամբ հետաքրքրություն սերմանելն է համարում: Նա նույնիսկ դասավանդում է մի քանիսին, այն էլ` անվճար:

«Շատ աշակերտներ չունեմ. մեր հայրենակիցները ձրի բան չեն սիրում, ասում են, որ ձրի է սովորեցնում, սովորացրածն ի՞նչ պիտի լինի»,- ժպտում է կավագործը:

Բայց հույս ունի, որ իր գործը շարունակող կունենա: Այս հարցում ապավինում է աշակերտներից մեկին, որը, ինչպես Գենադին է ասում, իրեն տվել, անցել է:

«Ամեն առավոտ ինձնից շուտ է գալիս արհեստանոց, արդեն ինքն է ինձ մտքեր տալիս, ոգեշնչում է… Մեծ հույսեր ունեմ  հետը. չէի ուզի որ կոտրվի»,-ասում է կավագործ-ուսուցիչը:

Երբ Գենադիին ցանկացա աշխատելիս լուսանկարել` թույլ չտվեց: Սկզբում չհասկացա պատճառը, իսկ հետո, երբ ուշադիր զննում էի նրա աշխատանքները, նկատեցի, որ դրանք ստորագրված չեն: Զարմանքիս ի պատասխան՝ Գենադի Յաղուբյանն ասաց՝ «Առաջին կավագործն Աստված է եղել, ով կավից կերտել է Ադամին  ու ինքը ստորագրելու կարիք չուներ. Ադամն ինքն է վկայում Աստծո ստեղծարարությունը: Ես, որ հասարակ կավագործ եմ ու մի երկու կավից իր եմ պատրաստում, ո՞վ եմ, որ ստորագրեմ»:

Աննա Բաբաջանյան 

ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետ, 4-րդ կուրս

 


Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter