HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քննարկվել են հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ մոդելի ներդրման վերաբերյալ հարցեր

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի նախաձեռնությամբ մարտի 12-ին կազմակերպվել է հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ մոդելի վերաբերյալ աշխատանքային քննարկում: Այս մասին տեղեկացնում է ԹԻՀԿ-ը։

Քննարկմանը ներկա են եղել Ազգային ժողովի նախագահի տեղակալ Լենա Նազարյանը, ԱԺ պատգամավորներ, ՀՀ կառավարության և իրավապահ մարմինների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և անկախ փորձագետներ: Միջոցառմանը զեկույցներով հանդես են եկել Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության հակակոռուպցիոն ցանցի հրավիրված փորձագետներ Վալց Կալնինշը և Ռուսլան Ռյաբոշապկան։

Աշխատանքային քննարկման ընթացքում միջազգային փորձագետները ներկայացրել են հակակոռուպցիոն մարմինների ձևավորման հիմնական սկզբունքները և խնդիրները, հիմնական ինստիտուցիոնալ մոդելների ուժեղ և թույլ կողմերի վերլուծությունը, հնարավոր ռիսկերն ու տարբեր մարմիններ ունեցող մի շարք երկրների փորձը։

Միջազգային փորձագետների հավաստմամբ՝ տարբեր երկրներում կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետությունը և հաջողության պատմությունները պայմանավորված չեն ինստիտուցիոնալ մոդելի (ունիվերսալ/բազմաֆունկցիոնալ կամ տարանջատված/ապակենտրոնացված) ընտրությունից, այլ կախված են քաղաքական, տնտեսական, սոցիալական և իրավական մի շարք գործոններից։

Փորձագետների խոսքով՝ հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ մոդելի ընտրություն կատարելիս ցանկալի է խուսափել ավելորդ ռիսկերից և անհրաժեշտ է հաշվի առնել արդեն իսկ առկա հիմքերն ու փորձառությունը։ Արդյունավետությունն ապահովելու անհրաժեշտ պայման է հակակոռուպցիոն մարմինների անկախությունը, առաջնորդությունը, մասնագիտացումը, բավարար ֆինանսավորումը, թափանցիկությունը, վերահսկողությունը և այլն։

Թեմայի համատեքստում, միջազգային փորձագետները նաև նշել են, որ ունիվերսալ և տարանջատված մոդելների ուժեղ և թույլ կողմերի համադրությամբ կարելի է եզրակացնել, որ առաջինի ընտրության պարագայում արդյունավետությանն առնչվող ռիսկերն առավել են, իսկ մյուս կողմից, լիարժեք ունիվերսալ մոդելներ հազվադեպ են հանդիպում․ երբեմն ունիվերսալ համարվող հակակոռուպցիոն մարմիններից որոշ գործառույթներ առանձնացվում են և իրականացվում այլ կառույցների կողմից։

ՏՀԶԿ փորձագետները հայ գործընկերներին տեղեկացրել են նաև, որ ժողովրդավարական  կառավարում ունեցող եվրոպական երկրներում առավել տարածված է տարանջատված մոդելի կիրառությունը։

ԹԻՀԿ-ը հիշեցնում է, որ ՏՀԶԿ փորձագետները Հայաստան են ժամանել ԹԻՀԿ հրավերով՝ ԱՄՆ ՄԶԳ ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter