HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Պատգամավորների բիզնեսը ծաղկում է. նրանք լավագույն հարկատուների ցանկում են

Պետեկամուտների կոմիտեն հրապարակել է 2011թ. առաջին եռամսյակի Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցանկը: Ցանկի առաջին 100 տեղերում հայտնվել են այնպիսի ընկերություններ, որոնք նախկինում նույնիսկ ցուցակի 1000-րդ տեղում չէին: Օրինակ, դիրքերը բարելավել է հայ-գերմանական «Էլբատ» ՓԲԸ-ն՝ վճարելով 331 մլն 167 հազ դրամ հարկ: Դա նշանակում է, որ «Էլբատի» գործերն այս տարի լավ են եղել եւ ՓԲԸ-ն հարկ վճարողների ցանկում հայտնվել է 45-րդ տեղում: Նշենք, որ մարտկոցներ արտադրող գործարանը պաշտոնապես բացվել է 2010թ. նոյեմբերի 23-ին, որի սեփականատերերից մեկն էլ ԱԺ պատգամավոր Կարեն Ճշմարիտյանն է:

Առաջին եռամսյակի կտրվածքով Հայաստանի թիվ 1 հարկատուն «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն» է՝ իր վճարած 7 մլրդ 450 մլն դրամ հարկերով: Պղնձամոլիբդենային կոմբինատը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի քան 6 անգամ ավելացրել է հարկային վճարումները: 2010թ. առաջին եռամսյակում վճարել էր ընդամենը 1 մլրդ 212 մլն դրամ:

7 մլրդ 355 մլն դրամ վճարած հարկով ցանկի երկրորդ տեղում «ՀայՌուսգազարդն» է: Հայ-ռուսական ընկերությունը նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ 40.3 տոկոս ավել հարկ է վճարել: Երրորդ տեղում ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս Գրիգ» ընկերությունն է: Նախորդ տարվա համեմատ ընկերությունն ընդամենը 2.1 տոկոս է ավել հարկ վճարել: Այս տարի՝ 4 մլրդ 572 մլն դրամ, նախորդ տարի՝ 4 մլրդ 480 մլն դրամ:

Չորրորդ տեղում հայտնված «Արմենտել» ընկերությունը նախորդ տարվա համեմատ 9.2 տոկոս քիչ հարկ է վճարել: Եթե նախորդ տարի վճարել էր 3 մլրդ 463 մլն դրամ, ապա այս տարի՝ 3 մլրդ 144 մլն: Մյուս բջջային օպերատորը՝ «Ղ-Տելեկոմը» այս տարի 10.3 տոկոսով ավել հարկ է վճարել՝ 2 մլրդ 437 մլն դրամ, նախորդ տարվա 2 մլրդ 209 մլն դրամի փոխարեն: «Օրանժ Արմենին» 11-րդ եղում է: Ընկերությունը այս տարի մոտ 23 տոկոսով պակաս հարկ է վճարել' 1 մլրդ 281 մլն, իսկ նախորդ տարի՝ 1 մլրդ 659 մլն դրամ:

«Հայաստանի էլեկտրական ցանցերը» 7-րդն է՝ 2 մլրդ 32 մլն դրամ հարկով, որն ավել է 10.4 տոկոսով: Հետո «Գրանդ Տոբակոն» է 1 մլրդ 990 մլն դրամ, ինչը 238 տոկոսով ավել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածում վճարած հարկի համեմատ: «Արմենի միջազգային օդանավակայաններն» այս տարվա եռամսյակում պետբյուջե են վճարել 1 մլրդ 270 մլն դրամ հարկ, ինչը նախորդ տարվա համեմատ ավել է մոտ 49 տոկոսով:

Իրենց հարկերը գրեթե կրկնակի ավելացրել են «Բջնի հանքային ջրերի գործարանը»՝ մոտ 899 մլն դրամ, «Ակնաձորը»՝ 527 մլն, «ՄԱՊ»-ը՝ 272 մլն դրամ եւ այլն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter