HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Ռոբերտ Քոչարյանի՝ խափանման միջոցի գործով որոշումը կհրապարակվի վաղը

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը` նախագահությամբ դատավոր Արմեն Բեկթաշյանի, տաս ժամ տևած դատական նիստից հետո քիչ առաջ հեռացավ խորհրդակցական սենյակ` երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի գործով որոշում կայացնելու։

Լրագրողների հետ զրույցում Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը նշեց, որ որոշումը կհրապարակվի վաղը՝ ժամը 15.00-ին։

Դատարանը երկու օր քննում է Քոչարյանի նկատմամբ ընտրված կալանավորման ժամկետը երկարացնելու վերաբերյալ հատուկ քննչական ծառայության միջնորդությունը։

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով և 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ մասով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ: Նրա, ինչպես նաև «Մարտի 1-ի» գործով մեղադրյալներ Արմեն Գևորգյանի, Յուրի Խաչատուրովի և Սեյրան Օհանյանի վերաբերյալ գործով նախաքննությունն ավարտվել է և պաշտպաններին ժամանակ է տրամադրվել՝ գործի նյութերին ծանոթանալու համար:

Քոչարյանն իր նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու սկզբնական շրջանում գտնվում էր անազատության մեջ, սակայն Վերաքննիչ դատարանը նրան անձեռնմխելիության հիմքով ազատ էր արձակել: Դատախազությունն այս որոշումը բողոքարկել էր Վճռաբեկ դատարան:

2018-ի նոյեմբերի 15-ին Վճռաբեկը բեկանել էր Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշումը, և գործն ուղարկվել էր նույն դատարան՝ նոր քննության:

Դեկտեմբերի 7-ին դատարանը՝ նախագահությամբ դատավոր Ռուբիկ Մխիթարյանի, որոշել էր ուժի մեջ թողնել Քոչարյանին կալանավորելու վերաբերյալ 1-ին ատյանի դատարանի որոշումը, որից հետո Քոչարյանը կալանավորվել էր ու առ այսօր գտնվում է կալանքի տակ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter