HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Անցյալ տարի Հայաստանում 1000 երեխայից ամեն 85-րդը չի ապրել մինչեւ 1 տարեկան

Օրերս Վանաձորում 21-ամյա Ժաննա Սարիբեկյանը եռյակ էր ծննդաբերել: Բոլորն էլ կենդանի էին ծնվել, սակայն ժամեր անց երեքն էլ մահացել էին: Վանաձորի բժշկական կենտրոնի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի վարիչ Արամ Ավալյանի հավաստմամբ՝ վաղաժամ ծննդաբերություն է եղել. երեխաներն անհաս են ծնվել: Սա այս տարվա մանկական մահացության հնչեղություն ստացած թերեւս առաջին դեպքն է:

Իսկ ընդհանուր վիճակը մեր երկրում այսպիսին է: Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության՝ մանկական մահացության դեպքերը Հայաստանում աճել են: Մանկական մահացություն ասելով՝ հասկանում են 0-1 տարեկան կենդանածինների մահացության դեպքերը: 2007-2010 թթ. հանրապետությունում գրանցվել է կենդանածնության թվի աճ՝ 40105, 41185, 44413, 44825: Սակայն այս աճին զուգահեռ է ընթացել մանկական մահացության դեպքերի բացարձակ թվի աճը՝ 433, 442, 454, 512: Այսինքն՝ սկսել են ծնվել շատ երեխաներ, բայց նաեւ շատ են մահացել: Իսկ ահա անցյալ տարի կենդանի ծնունդների թիվն անկում է ապրել՝ 43447, փոխարենը աճել է մահացության դեպքերի վիճակագրությունը՝ 514:

Եվ այդուհանդերձ, բացարձակ թիվը չէ, որ բնորոշում է բուն պատկերը: Դրա համար կատարվում է հաշվարկ 1000 կենդանածնի համար, որը ցույց է տալիս մահացության հստակ աճը կամ նվազումը (տես աղյուսակ 1): Ըստ այդ հաշվարկի՝ 2007-2009 թթ. մանկական մահացությունը Հայաստանում նվազ, սակայն կայուն տեմպերով անկում է ապրել, բայց ահա 2010-ին գրանցվել է աճ թե բացարձակ թվով, թե 1000 հոգու հաշվով (‰, պրոմիլե): Այս միտումը շարունակվել է 2011-ին (ԱՎԾ-ի թվերից դատելով՝ 1000 հոգու մեջ 11,8 ցուցանիշը նշանակում է, որ մեր երկրում 1000 երեխայից ամեն 85-րդը չի ապրել մինչեւ տարին բոլորելը):   

Ոչ թե բուն մահացության, այլ դրա արձանագրման դեպքերն են շատացել

Առողջապահության նախարարության երեխաների առողջության պահպանման բաժնի պետ Նունե Փաշայանն ասում է, որ, պաշտոնական վիճակագրական տվյալների համաձայն, Հայաստանը  բնորոշվում է մանկական մահացության միջին մակարդակով (ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության դասակարգման): Եվ 1990-2010 թթ. ժամանակահատվածում մահացության ցուցանիշը կրճատվել է շուրջ 40 տոկոսով (1990 թ.-18,5 ‰, 2009 թ.- 10,2 ‰, 2010 թ.-11,4 ‰):

Իսկ թե ինչու է, այդուհանդերձ, 2010-ից ի վեր մանկական մահացության ցուցանիշի աճ գրանցվել, Ն. Փաշայանը պատասխանում է. «Դա հիմնականում պայմանավորված է օրենսդրական փոփոխությամբ եւ 2010-2011 թթ. ընթացքում բժշկական կազմակերպություններում եւ քաղաքացիական ակտերի գրանցման մարմիններում նորածինների մահվան դեպքերի գրանցման գործընթացի բարելավմամբ»: Ասել է թե՝ իրականում ոչ թե մահվան դեպքերն են շատացել, այլ դրանց արձանագրման որակն է բարելավվել, եւ իրական պատկերն ավելի հստակ է դարձել:   

Իսկ որ իրականում ցուցանիշը նվազել է եւ ոչ թե աճել, բաժնի պետը օրինակ է բերում տարածաշրջանում մանկական մահացության միտումների վերաբերյալ ԱՀԿ եվրոպական գրասենյակի 2011 թ. զեկույցը, համաձայն որի՝ Հայաստանում թե նորածնային (նեոնատալ- բնորոշում է մինչեւ 28 օրական կենդանածինների մահացությունը) (2009 թ.- 12 ‰, 2010 թ.-11,5 ‰) եւ թե մանկական մահացությունը (2009 թ.- 18,4 ‰, 2010 թ.-17,5 ‰) նվազել են` համապատասխանաբար` 0,5 ‰-ով  եւ 0,9 ‰-ով: Բայց ինչպես երեւում է, ՀՀ ԱՎԾ-ի տվյալները բացարձակապես չեն համապատասխանում ԱՀԿ-ի թվերին: Ըստ վիճծառայության՝ մանկական մահացության ցուցանիշը 2009-ին եղել է 10,2 պրոմիլե, իսկ 2010-ին՝ 11,4: Սա, փաստորեն, համեմատելի չէ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների (2009 թ.- 18,4 ‰, 2010 թ.-17,5 ‰) հետ: Ինչու՞ է այսպես:

Ն. Փաշայանն ասում է, որ սա չպետք է տարօրինակ համարել, քանի որ կա մեթոդաբանության տարբերություն: ԱՀԿ-ն եւ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը յուրաքանչյուր տարի բոլոր երկրների համար գնահատում են իրավիճակը, որի ժամանակ հաշվի են առնվում բազմաթիվ գործոններ, այդ թվում՝ նաեւ երկրի  սոցիալ-տնտեսական մի շարք ցուցանիշներ: Եվ միջազգային տվյալները գրեթե առանց բացառության բարձր են պաշտոնականից բոլոր երկրներում:

Միջազգային անկախ կազմակերպությունների կողմից անցկացված այլընտրանքային հետազոտության տվյալները, որոնք, ըստ Փաշայանի, կրկին փաստում են Հայաստանում մանկական մահացության նվազման մասին, նույնպես տարբերվում են ԱՎԾ-ի թվերից: Այսպես՝ 2010 թվականին Հայաստանի տնային տնտեսություններում  անցկացված այդ հարցումների համաձայն՝  մանկական մահացության մակարդակը 2000-2010 թթ. ընթացքում կրճատվել է շուրջ 2 անգամ (26 ‰-ից հասել է 13 ‰-ի): Իսկ ԱՎԾ-ի տվյալները, կրկնենք, այսպիսին են՝ 2009 թ.- 10,2 ‰, 2010 թ.-11,4 ‰:

Նախարարության աշխատակիցը նշում է, որ այլընտրանքային հետազոտության տվյալները հավաքագրվել են հարցազրույցի միջոցով` յուրաքանչյուր կնոջ դեպքում նրա վերարտադրողական ողջ կյանքի իրադարձությունների մասին, իսկ մանկական մահացության ցուցանիշը հաշվարկվել է հատուկ գնահատման միջոցով` հետազոտությանը նախորդող որոշակի ժամանակահատվածի համար` ռետրոսպեկտիվ անալիզի հիման վրա:

Այնուամենայնիվ, Ն. Փաշայանը բերում է միջազգային եւ տեղական կառույցների տվյալների տարբերության մի խումբ պատճառներ:

Դրանցից մեկը տեղեկատվության հավաքագրման համակարգի ոչ լիարժեքությունն է: Մյուս կողմից՝ մինչեւ 2005 թ. մանկական մահացության հետ կապված հիմնական հասկացությունները միջազգայինից տարբերվող սահմանումներ են ունեցել (օրինակ` պերինատալ շրջան, ծնունդ, մեռելածնութուն, կենդանածնություն եւ այլն): Վիճակագրական համակարգում եղել է նաեւ թերգրանցման խնդիր: Ըստ երեխաների առողջության պահպանման բաժնի պետի՝ նախկինում ԱՎԾ-ի եւ միջազգային կառույցների տվյալների տարբերությունն ավելի մեծ է եղել, իսկ ներկայիս աստիճանական նվազումը խոսում է առկա խնդիրների լուծման արդյունավետության մասին:

Հետ գնալով պատմության մեջ մի քանի տասնամյակ՝ տեսնում ենք, որ 1940 թ.-ից ի վեր մեր երկրում մանկական մահացության ամենամեծ գործակիցը գրանցվել է 1942-ին՝ Երկրորդ աշխարհամարտի ամենաթեժ հատվածում. այդ տարի Հայաստանում 1000 կենդանածնից մահացել է 163,2-ը, ասել է թե՝ յուրաքանչյուր 6-րդ երեխան չի ապրել մինչեւ 1 տարեկան դառնալը: Եվ ընդհանրապես 1940-1943 թթ. ցուցանիշը հասկանալի պատճառներով անչափ բարձր է եղել՝ 100-ից բարձր: Իսկ ահա 1944-ին մահացության ցուցանիշը գրեթե կրկնակի նվազել է: Հատկանշական է, որ ստալինյան տարիների (մինչեւ 1953-ը) 70-90 պրոմիլե ցուցանիշը արդեն 1970-ականներին հասել է 25-30-ի, իսկ 1990-ից հետո ընդհանրապես չի հատել 20-ի սահմանը: Սակայն պետք է շեշտել, որ խորհրդային տարիների մանկական մահացության բարձր ցուցանիշները մեծապես պայմանավորված են եղել նաեւ ծնունդների բարձր քանակով: Եթե, օրինակ, 1985-ին մեր երկրում ծնվել է ավելի քան 80 հազար երեխա, ապա 1995-ին այդ թիվը չի հասել 50 հազարի, 2005-ին՝ 40 հազարի (տես աղյուսակ 1):   

100 աղջկա դիմաց ծնվում է 102-106 տղա

Մանկական մահացության դեպքերն առավել տարածված են տղաների շրջանում: Սա վերաբերում է թե բացարձակ թվին, թե 1000 հոգու հաշվարկին (տես աղյուսակ 2): Սակայն նույն կերպ տղաներ ավելի շատ են ծնվում: Հարց է ծագում. արդյոք տղաների ավելի շատ մահերը պայմանավորված են զուտ նրանով, որ նրանք ավելի շատ են ծնվում: Այսինքն՝ տրամաբանական կապ կա՞ շատ ծնվելու եւ շատ մահանալու մեջ, թե՞ հիվանդությունների նկատմամբ սեռերի դիմացկունության տարբերություն կամ այլ խնդիր կա:

Ն. Փաշայանը նշում է, որ, համաձայն ՀՀ միջին վիճակագրական ցուցանիշների, տղա/աղջիկ հարաբերակցության գործակիցը կազմում է 1,02-1,06, ինչը նշանակում է, որ յուրաքանչյուր ծնված 100 աղջկա դեպքում ծնվում է 102-106 տղա: ԱՎԾ-ի համաձայն՝ մեր երկրում 2011 թ. տղա/աղջիկ հարաբերակցությունը եղել է 1,14, այսինքն՝ յուրաքանչյուր ծնված 100 աղջկա դեպքում ծնվել է 114 տղա:

«Բնականաբար, ասվածից երեւում է, որ իրոք տրամաբանական կապ կա շատ ծնվելու եւ շատ մահանալու մեջ,- ասում է երեխաների առողջության պահպանման բաժնի պետն ու հավելում,- ինչ վերաբերում է հիվանդությունների նկատմամբ սեռերի դիմացկունության տարբերությանը, ապա այս հարցի շուրջ ապացուցողական բժշկության վրա հիմնված տվալներ չկան: Այնուամենայնիվ, միջին վիճակագրական տվյալները փաստում են, որ թեեւ տղաները շատ են ծնվում, վաղ մանկության շրջանում նրանք ավելի շատ էլ մահանում են: Եվ դա ոչ միայն Հայաստանում, այլեւ աշխարհի գրեթե բոլոր երկրներում: Սա կարծես թե բնության կողմից սահմանված կարգավորող մեխանիզմ է, ինչպես, օրինակ, երկրաշարժից կամ այլ աղետներից հետո բազմապտուղ ծնունդների աճը կամ տղաների ծնունդների աճը պատերազմներից հետո»:

Մանկական մահացության «առաջատարներն» են Շիրակը, Արագածոտնը, Սյունիքը

Վիճծառայության տվյալներով՝ անցյալ տարի մանկական մահացության ամենաբարձր ցուցանիշը եղել է Շիրակի մարզում՝ 22,8 պրոմիլե, դրան հաջորդում են Արագածոտնն (17,7) ու Սյունիքը (16,9) (տես աղյուսակ 3):

«Հետքը» հարցումներ էր ուղարկել մարզպետարաններ՝ նշելով 2011-ի առաջին 6 ամսվա տվյալները: Փորձել էինք պարզաբանումներ ստանալ մարզերում մանկական մահացության բարձր ցուցանիշի մասին: Արդյունքում պարզ դարձավ, որ մարզպետարաններում առկա թվերն ընդհանրապես չեն համընկնում ԱՎԾ-ի տվյալներին: Օրինակ՝ Արմավիրի մարզում, ըստ ԱՎԾ-ի, 2011-ի հունվար-հունիսին գրանցվել է 1819 ծնունդ, որից մինչեւ 1 տարեկանը մահացել է 27-ը, այնինչ մարզպետարանում այլ թիվ են նշում՝ 1603, որից մահացել է 14-ը, եւ ըստ այդմ՝ գործակիցը ոչ թե 14,8 է, այլ 8,7, որը ցածր է միջին հանրապետական ցուցանիշից: Նույնը վերաբերում է մանկական մահացության առումով «առաջատար» Շիրակին, Սյունիքին, Արագածոտնին: Եթե ԱՎԾ-ն Շիրակի դեպքում նշել էր մանկական մահացության 40 դեպք (առաջին կիսամյակում), ապա մարզպետարանից փոխանցել են 30 թիվը: Հարցին, թե որն է հակասության պատճառը, մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության աշխատակիցը նշել է, որ, ըստ էության, ԱՎԾ-ն հաշվի է առել նաեւ մարզից դուրս գտնվող բուժհաստատություններում (օրինակ՝ Երեւանում) մահացած 0-1 տարեկանների թիվը, որը հետագայում գրանցվել է ՔԿԱԳ գործակալության Շիրակի տարածքային բաժիններում եւ վերջնարդյունքում փոխանցվել վիճծառայությանը: Սակայն, օրինակ, Արագածոտնի մարզպետարանի տվյալները, որոնք, ինչպես նշել է վարչության պետ Ա. Բասենցյանը, համապատասխանում են ՔԿԱԳԳ-ի տարածքային բաժինների ներկայացրած թվերին, նույնպես չեն համընկնում ԱՎԾ-ի վիճակագրության հետ: Ըստ վերջինիս՝ Արագածոտնում 2011-ի առաջին կիսամյակում մահացել է 18 երեխա, իսկ Բասենցյանի փոխանցմամբ՝ միայն 8:         

Իր հերթին, մեր հարցմանն ի պատասխան, ՀՀ ԱՎԾ պետ Ստեփան Մնացականյանը հաստատել է, որ իրենց այս վիճակագրության աղբյուրը ՔԿԱԳ տարածքային բաժինների տվյալներն են, ավելի ստույգ՝ 0-1 տարեկանների մահվան ակտերը. «Մահվան ակտերում առկա են տեղեկություններ ինչպես երեխայի ծնողների բնակության վայրի, այնպես էլ բուժհաստատության վերաբերյալ (այդ թվում՝ դրա գտնվելու վայրի), որում արձանագրվել է մահվան դեպքը: Տվյալների մշակման փուլում հիշատակված տեղեկություններն օգտագործվում են, որպեսզի մահվան դեպքը վերագրվի բնակության վայրին եւ ոչ թե բուժհաստատության վայրին»: Չնայած օրենքով մահվան պետական գրանցում կարող է կատարել նաեւ մահվան վայրի ՔԿԱԳ մարմինը, Մնացականյանի պատասխանից բխում է, որ վիճծառայությունն, այդուհանդերձ, հաշվի է առնում հենց բնակության վայրը եւ ըստ այդմ էլ կատարում հաշվարկը: Այսինքն՝ եթե, օրինակ, երեխան գրանցված է մարզում, սակայն մահացել է Երեւանում եւ մահվան պետական գրանցումն էլ կատարվել է մայրաքաղաքում, ամեն դեպքում վիճծառայության տվյալների մեջ այս դեպքը ներկայացվում է տվյալ մարզի հաշվեկշռում: Ըստ էության, հենց սրանով պետք է բացատրել մարզպետարանների եւ վիճծառայության թվերի մեջ առկա տարբերությունները:   

Այնուամենայնիվ, ինչո՞վ է պայմանավորված մայրաքաղաքի եւ մարզերի մահացության ցուցանիշների միջեւ առկա մեծ տարբերութունը: Նունե Փաշայանն ասում է, որ քանի որ Երեւանում երեխաներ շատ են ծնվում, մահվան դեպքերի բացարձակ թիվը ընդհանուրի մեջ փոքր ծավալ է կազմում: Այսինքն՝ չնայած Երեւանում 0-1 տարեկան մահացած երեխաների բացարձակ թիվը ամենամեծն է (2011-ին՝ 118), յուրաքանչյուր 1000 ծնված երեխայից մայրաքաղաքում մահանում է 7,5 երեխա (սա ամենափոքր ցուցանիշն է): Համապատասխանաբար, մարզերում կենդանածինների փոքր թվի պատճառով 0-1 տարեկան նույնիսկ փոքր բացարձակ թվի դեպքում ցուցանիշը մեծանում է:  Մյուս կողմից՝ հարկ է նշել, որ 0-1 տարեկանների մահվան դեպքերի հիմնական պատճառը շուրջծնական շրջանում առաջացած հիվանդություններն են, եւ բաժնի պետը հավելում է, որ Երեւանում արձանագրված նվազագույն ցուցանիշը բացատրվում է նաեւ մայրաքաղաքում նեոնատալ (նորածնային) ծառայության, այդ թվում՝ նորածնային վերակենդանացման ծառայության ավելի բարձր մակարդակով: «Հաշվի առնելով նշվածը՝ 2012 թ.-ին որպես գերակա միջոցառում է սահմանված մանկական վերակենդանացման մարզային ծառայությունների, այդ թվում՝ նեոնատալ հզորացումը»,- շեշտում է Ն. Փաշայանը:

Մանկական մահացության գլխավոր պատճառը շուրջծնական շրջանի հիվանդություններն են

Վերջին 10 տարում կայուն ձեւով պահպանվում է մանկական մահացության պատճառների հերթականությունն ըստ տարածվածության: Հիմնականը, ինչպես նշվեց, շուրջծնական (պերինատալ- 22 շաբաթական պտղից մինչեւ 7 օրական նորածինը) շրջանում առաջացած հիվանդություններն են, այդ թվում՝ նորածնային ասֆիկսիան, ներարգանդային խրոնիկական եւ սուր հիպօքսիան, մոր կրած վարակները: Երկրորդ տեղում բնածին անկանոնություններն ու ձեւախախտումներն են՝ արատները, երրորդում՝ շնչառական օրգանների հիվանդությունները: Ավելի քիչ թվով մահվան դեպքերի են հանգեցնում վարակային եւ մակաբուծային հիվանդությունները, դժբախտ պատահարները, թունավորումները, վնասվածքները, ինչպես նաեւ մարսողական օրգանների հիվանդությունները:  

«Այդ օրինաչափությունը հատուկ է զարգացած երկրների համար, քանի որ շուրջծնական շրջանում առաջացած հիվանդությունների տեսակարար կշիռը բարձր է նրա հաշվին, որ մանկական մահացությունը հնարավոր է եղել իջեցնել միջազգային համագործակցությամբ իրականացված նպատակային ծրագրերի արդյունավետության շնորհիվ, որոնց ազդեցությունը առավելապես դրսեւորվել է հետնորածնային շրջանում եւ 1-5 տարեկան երեխաների մահացության ցուցանիշներում,- ասում է բաժնի պետ Փաշայանը:-  Այնպես որ ինչ-որ առումով շուրջծնական շրջանում առաջացած հիվանդությունների տեսակարար կշռի բարձր լինելը «լավ» ցուցանիշ է եւ խոսում է վարակային եւ մակաբուծային, մարսողական օրգանների, շնչառական օրգանների հիվանդություններից մահացության իջեցման մասին: Շուրջծնական շրջանում առաջացած հիվանդությունները բազմագործոնային են, դրանցով պահմանավորված մահացությունը ավելի դժվար ենթակա է վերահսկման: Այդ հիվանդությունների հաշվին մանկական մահացության իջեցման գործողությունները հետեւյալն են` նորածնային վերակենդանացման ծառայությունների ուժեղացում մարզային մակարդակում, այդ թվում՝ միջմարզային նշանակության մարզային վերակենդանացման ծառայությունների ստեղծում, մանկական արագ արձագանքման ծառայության  աշխատանքի բարելավում, բարձր ռիսկի հղիների ժամանակին ուղեգրում երրորդ մակարդակի ծննդօգնության բուժհաստատություններ, անտենատալ հսկողության որակի բարելավում: Միջոցառումների մի մասը իրականացվում է, մյուս մասը կիրականացվի 2012 թ. ընթացքում եւ վստահաբար կտա իր դրական արդյունքները»: 

Մեկնաբանություններ (4)

Վահագն
Հետաքրքիր է, որ միայն Սյունիքից են արձագանքում ու բարձրաձայնում խնդրի մասին: Էն որ Կապանում բժշկական հաստատությունները գտնվում են, կամ ճիշտ կլիներ ասելու դրել են աղետալի վիճակի մեջ, դրանում կան մի կամ մի երկու երեք մեղավորներ: Բժշկական հաստատության ղեկավարը, եթե չեմ սխալվում, Սմբատ Օրբելյանն է, որն, այլևս երեխա չի ունենա, իսկ նրա զավակները, առավել ևս, քանի որ նրանք Երևանում են և մտահոգվելու տեղ չունեն: Երբ հայրս ինֆարկտ էր ստացել և պառկել էր Կապանի հիվանդանոցում, նույն պարոն Օրբելյանն անձամբ ինձ բառիս բուն իմաստով ասեց, որ իրենք անզոր են և պետք է հույսը դնել Աստծո վրա: Ի դեպ, մենք, չսխալվեցինք, որ հույսներս դրեցինք միայն Աստծո վրա: Իսկապես եմ ասում, հավատացեք:
Syuneci
Es avelin kasem Kapani cnndatan veraberyal- Es nuynpes cnvel em kapani cnndatany 1978 tvakanin, parzvuma esorva erexanery el vor cnvum en entex, nuyn shorerov en patatum inch indz-)))-UJEX AROXJ ZINVORNER kdarnan-
Lusva
isk texakan lratvamidcocnery lrum en, vaxenum en zrkven kerakratadtakic
kapanci kin
iroq, anhnar e patkeracnel te inch vichak e tirum ajntex minchev inqd ajntex ches hajtnvum, inchqan el ahavor djvar cnndaberutyun es tarac linum , aravel mec stress u shok es aprum ajntex anckacrac hetaga oreric, u varkjan hashvum ajd djoxqic azatvelu hamar, izuir chen shatery, vor hnaravorutyun unen gnum ajl texerum cnndaberelu, nman hakasanitarakan vichak, kencax komunal sarsapeli pajmanner, anznakazmi vorosh andamneri antarber verabermunq anhnar e patkeracnel hanrapetutyan amenaharust zernarkutyunnern unecox marzum..... aroxj mardn angam ajntexi tualetic karox e hazar infekcia stacac durs gal....

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter