
Կաշառք ստանալու մեջ մեղադրվող Թաթուլ Շուշանյանը կմնա կալանքի տակ. դատարանը նրան պատգամավորների երաշխավորությամբ չազատեց
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Աննա Մաթևոսյանի, հրապարակեց որոշում, որով մերժեց պատգամավորների երաշխավորությամբ կալանքից ազատել կաշառք ստանալու մեջ մեղադրվող Թաթուլ Շուշանյանին: Վերջինս Քննչական կոմիտեի Լուռու մարզային քննչական վարչության նախկին պետն է:
Շուշանյանի համար գրավոր երաշխավորություն էին տվել ԲՀԿ խմբակցության 6 պատգամավոր, որոնցից երեքը՝ Գևորգ Պետրոսյանը, Արայիկ Աղաբաբյանն ու Սերգեյ Բագրատյանը երեկ տեղի ունեցած նիստին եկել էին դատարան:
Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի՝ Թաթուլ Շուշանյանը, զբաղեցնելով Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության պետի պաշտոնը, ունենալով արդարադատության գնդապետի կոչում, հանդիսանալով պետական հատուկ ծառայություն և իշխանության ներկայացուցչի գործառույթներ մշտապես իրականացնող պաշտոնատար անձ, Վլադիմիր Դավթյանի և Վահագն Աբգարյանի օգտին իր լիազորությունների շրջանակում ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելու և անգործություն դրսևորելու համար Վահագն Աբգարյանից պահանջել և անձամբ ստացել է առանձնապես խոշոր չափերով կաշառք, ինչպես նաև չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները:
Կաշառքն, ըստ գործի նյութերի, տրվել է Կամո Փիրուզյանի գործի շրջանակներում:
Մեկնաբանել