
Ավիատորները՝ Նիկոլ Փաշինյանին. «Պետությունը առաջնահերթ պետք է ապահովի կանխատեսելի, հավասար, մրցակցային պայմաններ»
Ներկայացնում ենք ավիացիոն մասնագետների նախաձեռնող խմբի կողմից վարչապետ Ն. Փաշինյանին եւ ԱԺ նախագահ Ա. Միրզոյանին ուղղված նամակը, որին կարող են միանալ ոլորտի մասնագետները:
ՀՀ վարչապետ պարոն Նիկոլ Փաշինյանին
Կրկնօրինակը՝ ՀՀ Ազգային ժողովի նախագահ պարոն Արարատ Միրզոյանին
Մեծարգո պարոն Փաշինյան,
Անցած 9-10 ամիսների ընթացքում բազմաթիվ նամակներով և ամենատարբեր առաջարկներով Ձեզ են դիմել քաղաքացիական ավիացիայի ոլորտի առանձին մասնագետներ, հասարակական կազմակերպություններ, ներկայացնելով քաղավիացիայի ոլորտի բնականոն զարգացմանը խոչընդոտող, մենաշնորհների առկայության, ավիափոխադրումների ոլորտի կանոնակարգման և այլ բազմաթիվ կուտակված խնդիրների վերաբերյալ տեսակետներ և առաջարկություններ։
Արդյունքը եղել է այն, որ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի հրամանով ստեղծվեց մի անհասկանալի ֆորմատով աշխատանքային խումբ, որտեղ 6-7 ամիս քննարկվում էր միայն անհեռանկար մեկ հարց՝ արդյոք կա պետական կամ պետական մասնակցությամբ ազգային ավիափոխադրող ստեղծելու անհրաժեշտություն, և տալ դրա վերաբերյալ տնտեսական հիմնավորում։ Մնացյալ բոլոր հարցերը չքննարկվեցին, անտեսվեցին, իսկ այժմ խմբի աշխատանքները շուրջ 2-3 ամիս է՝ պրակտիկորեն դադարեցվել են:
Փետրվար ամսին՝ ԱԺ-ում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ, վերը նշված հարցին Դուք հստակ պատասխանեցիք և քաղավիացիայի ոլորտի բազմաթիվ բարձրակարգ մասնագետներ կիսում են Ձեր և կառավարության մոտեցումները։ Դուք հայտարարեցիք, որ կառավարությունը չի մասնակցելու, չի ստեղծելու ազգային ավիափոխադրող և կաջակցի այն անձանց, որոնք ոլորտում կիրականացնեն ներդրումներ: Սակայն այստեղ հարց է առաջանում, թե կառավարությունը ինչպես և ինչ մեխանիզմներով կաջակցի ներդրողներին, երբ ոլորտում կան բազմաթիվ չլուծված խնդիրներ:
Նախկին իշխանությունները քաղավիացիայի ոլորտում «բարեփոխումների» իրականացման դրոշի ներքո ՀՀ նախագահի հրամանով ստեղծել էին պետական ամենաբարձր կարգավիճակով օժտված հանձնաժողով պ-րն Դ. Հարությունյանի նախագահությամբ, և նրանք տարիների ընթացքում ուսումնասիրեցին ոլորտը, ծրագրավորեցին, որից հետո կազմակերպվեց և իրականացվեց ոլորտի կազմաքանդման, ենթակառուցվածքների մասնատման, «Հայկական ավիաուղիների» արհեստական սնանկացման, «Զվարթնոց» և Գյումրիի օդանավակայանները մոնոպոլ ձևով կոնցեսիոն պայմանագրերով կառավարման տրամադրման, «Արմավիա» մասնավոր ավիաընկերությանը ՀՀ ավիափոխադրումների շուկայի մենաշնորհի տրամադրման գործընթացները, և զուգահեռաբար այդ բոլոր գործընթացները ամրագրվեցին համապատասխան տնտեսական, օրենսդրական փոփոխություններով և իրավական ակտերի ընդունմամբ: Այդ գործընթացները ավարտվեցին կառավարության ու շահագրգիռ կողմերի միջև կնքված հակապետական խայտառակ պայմանագրերի վավերացմամբ:
Ակնհայտ է, որ քաղավիացիայի ոլորտի վերականգնումն ու բնականոն զարգացումն ապահովելու համար անհրաժեշտ է իրականացնել համակարգային, ինստիտուցիոնալ, արմատական փոփոխություններ: Ոլորտի վերականգնումը հնարավոր կլինի լիարժեք իրականացնել, եթե այժմ նույնպես ստեղծվի ամենաբարձր կարգավիճակով օժտված քաղավիացիայի ոլորտում բարեփոխումների իրականացման պետական հանձնաժողով՝ ներգրավելով հանձնաժողովում արդարադատության նախարարությանը, շահագրգիռ գերատեսչություններին, ինչպես նաև փորձառու և գիտակ ավիացիոն ոլորտի մասնագետների խումբ (ոչ ավիացիայի կոմիտեի կազմից): Հանձնաժողովի առաքելությունը պետք է լինի ուսումնասիրել քաղավիացիայի ոլորտի բնականոն զարգացմանը խոչընդոտող բոլոր խնդիրները, ծրագրավորել, մշակել նախագծեր և քայլ առ քայլ, իրականացնել անհրաժեշտ օրենսդրական, իրավական ակտերի այնպիսի փոփոխություններ, որոնց ընդունման արդյունքում ոլորտը աստիճանաբար կկանոնակարգվի, և կստեղծվեն ազատ, հավասար մրցակցային պայմաններ շուկայի մասնակից բոլոր սուբյեկտների համար:
Անհրաժեշտ է նաև, որ ՀՀ ավիացիայի մասին օրենքը փոփոխվի և համապատասխանեցվի միջազգային ստանդարտներին (խոսքը տեխնիկական օրենքների մասին չէ) ներկայումս գոյություն ունեցող օրենսդրական, իրավական ակտերը, կնքված հակապետական խայտառակ պայմանագրերը սպասարկում են մենաշնորհների բարգավաճումն ու առանձին վերցրած սուբյեկտների շահերը:
Հարգելի պարոն Փաշինյան,
պետությունը քաղավիացիայի ոլորտում առաջնահերթ պետք է կանոնակարգի օրենսդրական, իրավական դաշտը և ապահովի կանխատեսելի, հավասար, մրցակցային պայմաններ շուկայի բոլոր մասնակիցների և ներդրողների համար: Բարեփոխումների միջոցով ոլորտը պետք է դարձնել հրապուրիչ, և ինքնին կհայտնվեն բազմաթիվ ներդրողներ ավիացիոն ոլորտի ամենատարբեր բնագավառներում, այդ թվում նաև կծնվեն ոչ թե մեկ, այլ առնվազն մի քանի մրցունակ հայկական ավիափոխադրողներ:
Հարգանքներով՝
ավիացիոն մասնագետների նախաձեռնող խումբ
Կից ներկայացված են խմբի մասնակիցների ստորագրությունները:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել