HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարտիրոս գյուղը ոտքեր առած փախչում է տեղից

Այս տարվա գարնանային հեղեղումներն ավերեցին Վայոց ձորի Մարտիրոս համայնքի վարելահողերն ու ցանքսերը, ավելացրին ճաքերը բնակարանների պատերի նոր հատվածներում: Անցած ձմռան առատ տեղումներն արդեն իրենց սեւ գործն արել էին. տների տանիքներ են նստել, վնասվել են օժանդակ շինություններ' ավտոտնակներ, նախկին մանկապարտեզի շենքը, գոմեր: Կորուստների մասին համայնքապետ Կամո Խաչատրյանը փետրվարին պարտաճանաչորեն տեղեկացրել է տարածքային կառավարման նախարարությանը: Բայց վստահ չէ՝ ինչպիսին կլինի արձագանքը:

Մարդիկ ապրում են ահը սրտներում, փորձանքի սպասման մշտական զգացողությունը խախտել է կեցության կենսաբանական ռիթմը: Գիշերները կարծես չեն քնում, ամեն շրշյունից վեր են թռչում տեղից: Եվ դա սովորական է դարձել: 1972-1973 թվականներին գյուղը սողանքից փրկելու համար որոշվեց այն տեղափոխել հին տարածքից հարավ-արեւմուտք: Մարտիրոսցիներին տեղավորեցին 2 բնակարանով հարմարավետ կառույցներում. մի շենքի մեջ այստեղ 2 տնտեսություն է ապրում: Բայց բնությունը շարունակեց չար կատակը' նոր բնակատեղում սողանքային իրողություններն անհամեմատ ավելի խիստ են արտահայտված, քան հին տարածքում: «Հին գյուղի մեր տները մինչ հիմա ոնց թողել ենք, նույնությամբ կանգուն են, իսկ այս նոր տները փախչում են տեղից»,- դառնացած ասում են գյուղացիները: Գյուղի տեղափոխումը նոր բնակատեղի իրականացվել է հապճեպորեն, առանց լուրջ ուսումնասիրությունների: Այսօր մասնագետներն ասում են, որ եթե ժամանակին խնդրի նկատմամբ այդպիսի անփութություն չդրսեւորվեր, տեղափոխման անհրաժեշտություն չէր առաջանա, կարելի էր բավականանալ միայն կանխարգելիչ միջոցառումներով:

Գյուղացիները պատմում են մի տեսակ միալար, ձանձրացած: Նրանց աչքին ես ընդամենը հերթական այցելուն էի պաշտոնատարների ու լրագրողների շարքից, ովքեր ժամանակ առ ժամանակ գյուղ են գալիս, արձանագրում տեսածը, հույսով անում եւ ոնց եկել էին, այդպես էլ արագ անհետանում: Ասացին, որ 90-ական թթ. նույնիսկ վարչապետն է գյուղ եկել: Այս այցելությունների միակ գործնական արդյունքը եղել է սելավատարների կառուցումը, որոնք հավաքում են ջուրը, արգելում նրա ներծծումը հողի մեջ: Բայց այս միջոցառումը ոչ մի օգուտ չտվեց. հողը շարունակում է իր ավերիչ գործը:

Վերջին անգամ գյուղում երկրաբանները երեւացել են երկու տարի առաջ. ճապոնական դրամաշնորհով իրականացվող հակասողանքային ծրագրի շրջանակներում հետազոտել են տեղանքը, հաստատել տների վթարայնության աստիճանները: Գյուղում 48 վթարային բնակարան կա' 4-ը' 4-րդ, մնացածը' 3-րդ կարգի վթարայնության աստիճանով: Բայց մարդիկ շարունակում են ապրել այդ տներում:

Ռաֆիկ Առաքելյանի ընտանիքում 6 շունչ է' ամուսինները, հայրը, մայրը եւ 2 մանկահասակ երեխաները: Ողջ գարնան ընթացքում անձրեւներից տանիքը կաթում էր: Անլույս հյուրասենյակում ու ննջարաններում գաղջ օդ է կանգնած, պատերի երկայնքով խորացած ճաքերի լայն շերտերի մեջ տանտերը փալաս-փուլուս է խցկել, որ քամին ներս չթափանցի: Ամենաշատը զգուշանում են օձերից ու կարիճներից: Անցած տարի այդ ճեղքերով օձ էր սողոսկել տուն եւ սարսափահար արել երեխաներին:

Կից տնտեսությունում տարեց մի կին է ապրում' 70-ամյա Հասմիկ Մկրտչյանը: Տղա զավակները Ռուսաստանում են, աղջիկը Երեւանում է ամուսնացել: Փեսայի տուն չի ուզում գնալ, իր տանն էլ ապրում է ահուդողով: Մղձավանջ է, ոչ թե տուն: Տիկին Հասմիկը սողանքի ուժգնությունը չափելու սեփական մեթոդն է հորինել: 8 ամիս առաջ մատիտով նշան է արել պատի ճաքերի մոտ եւ 8 ամիս հետո հայտնաբերել, որ ճաքերն առաջ են գնացել 1-1,5 սմ-ով:

Նույն վիճակն է Արարատ Մանուկյանի բնակարանում: Հյուրասենյակի պատի ճաքն այնքան մեծ է ու խորը, որ Արարատն ամեն առավոտ կարող էր բարի լույս ասել հարեւանին, եթե վերջինս գլխի ճարը տեսած չլիներ: Դրկիցն ուրիշ գյուղ է տեղափոխվել, նրա բնակարանի դուռը փակ է:

Տիկին Ժենյայի բնակարանում շրիշակներն անջատվել են պատերից, խոնավ պատերից անընդհատ թափվում է գաջը: Պանելներն անզեն աչքով երեւում են: Ամուսինը համառորեն նորից գաջում է, մինչեւ նոր անձրեւները: Իրենց բնակարանը գոնե 3-րդ աստիճանի վթարայնությամբ է: Նրա հարեւան Մարտիրոս Ազատյանը մեզ ուղեկցում է նկուղ եւ մատնացույց անում ավելի հուսահատեցնող տեսարան' հողն անզեն աչքով անգամ նկատելի նստվածք է տվել: «Մի թեթեւ երկրաշարժ որ լինի, ո՞նց է լինելու մեր վիճակը»,-հարցնում է նա:

Վթարային մյուս բնակարանների տերերը խանդով հետեւում են մեր ել ու մուտին, համբերատար սպասում, որ իրենց տուն էլ կմտնենք: Ո՞վ գիտի, մեկ էլ տեսար այս մի այցելությունը օգուտ տվեց իրենց:

Մեր այցելած կիսաշունչ բնակարաններից 2-ը' Զորիկ Մանուկյանի եւ Խարիդոն Պողոսյանի տները, 90-ական թվականներին ամբողջությամբ փլվեցին: Սողանքը շրջանցել է միայն 143 աշակերտով դպրոցի շենքը:

Հայաստանում այսօր նման իրավիճակում հայտնված գյուղերի թիվը հասնում է մի քանի տասնյակի: Իրավասու ատյաններին թե հարցնես, միշտ էլ ծրագրեր ու աշխատանքներ նախատեսվում են բնական այս փորձանքի դեմ, բայց արդյունքը չի երեւում: Համայնքներին չափազանց անմատչելի է անհրաժեշտ ֆինանսավորումը: Համայնքապետը դիմել է կառավարությանը, միջոցներ խնդրել: Հաշվարկների համաձայն' միայն Մշակույթի տան կապիտալ վերանորոգման համար անհրաժեշտ է 122 մլն 400 հազար դրամ: «Քաղաքաշինության նախարարությունից հենց օրերս պատասխան եղավ, թե հարցը նկատի կառնեն 2007 թվականի բյուջեի քննարկումների ժամանակ»,-տեղեկացրեց Մարտիրոսի համայնքապետ Կամո Խաչատրյանը:

«Մարտիրոսում նախանցած տարի մենք հետազոտություններ անցկացրել ենք, բայց լուրջ միջոցառումները բավական թանկ հաճույք են: Մենք խնդրել ենք նաեւ Վայոց ձորի մարզպետարանին, որպեսզի իրենք էլ մտածեն միջոցներ գտնելու ուղղությամբ, որովհետեւ հանրապետության հարյուրավոր նման օբյեկտների հարցի լուծումը մեր բյուջեի հնարավորության սահմաններից դուրս է»,-ասում է Քաղաքաշինության նախարարության գիտատեխնիկական վարչության բաժնի պետ Սարգիս Մարգարյանը:

2 տարի առաջ ճապոնական հակասողանքային հետազոտական ծրագիր մեկնարկեց Հայաստանում, ճապոնացիներն ընտրանքային կարգով ուսումնասիրություններ անցկացրին մարզում: Ըստ պարոն Մարգարյանի' այդ ուսումնասիրությունների հիման վրա այժմ իրենք հետագա գործողությունների հայեցակարգ են մշակում, որը պիտի ներկայացնեն կառավարություն: Ամենամեծ խոչընդոտը ֆինանսն է, ամենակարեւոր խնդիրը՝ դոնորներ գտնելը: «Մարտիրոսի սողանքի վիճակը հստակեցված է, բայց գործնական միջոցառումների համար պետությունն ու տեղական ինքնակառավարման օղակները պիտի համագործակցեն ֆինանս հայթայթելու նպատակով: Մենք հայտ ենք ներկայացրել կառավարություն նաեւ Մարտիրոսի համար, բայց այն մերժվել է: Եթե ֆինանսավորման երաշխիք կա, իմաստ ունի հետազոտություն ու նախագիծ իրականացնել, եթե դեռ չկա այդ երաշխիքը, իմաստ չունի, քանի որ իրավիճակը ժամանակի ընթացքում փոխվում է»,-ավելացրեց Ս. Մարգարյանը: Երաշխիքներ առայժմ չկան, ֆինանսի խնդիրը չի լուծվում, Մարտիրոսի տները շարունակում են սահել, իսկ գյուղացիները մարտիրոսաբար կրում են իրենց խաչը:

Այս ընթացքում, երբ պետությունն ու համայնքը փոխադարձաբար դոնորներ գտնելու հույսերն ու նախաձեռնությունը գցում են մեկը մյուսի վրա, գյուղացիներից ով հնարավորություն ունի, անմիջապես լքում է գյուղը, համալրում մշտապես Ռուսաստան հեռացած համագյուղացիների շարքերը: Շատերն էլ մեկնում են սեզոնային աշխատանքի, որպեսզի, եթե հնարավոր լինի, նման վիճակից դուրս գալու միջոց ունենան:

Մարտիրոսի 739 բնակիչները' ընդամենը 231 ծուխ, Սալմաստի եւ Խոյի վերաբնակներ են: Գյուղը 700 տարվա պատմություն ունի, հիմնվել է 1283 թվականին: Մարտիրոսցիները հիմնականում անասնապահությամբ են զբաղվում, որովհետեւ հողն այնքան էլ արգասաբեր չէ: Հողի տվածը հազիվ իրենց կարիքներն է բավարարում: Անասուն պահելն էլ գլխացավանքի հետ է կապված: Գյուղի արոտավայրերը 8-10 կմ ձգվում են ադրբեջանական սահմանի երկայնքով: Դրանք հիմնականում չեն օգտագործվում. մի քանի տարի առաջ կատարվածը միշտ աչքների առաջ է: Ադրբեջանցիները 120 անասուն գողացան, հետո ԱԺ պատգամավորների մասնակցությամբ նրանց հետ երկար բանակցություններ եղան, մինչեւ վերջիններս որոշեցին վերադարձնել անասունների գոնե կեսը: Բայց մարտիրոսցիների բոլոր հոգսերը ոչինչ են արդեն 3 տասնամյակի պատմություն ունեցող սողանքի խնդրի հետ համեմատ:

Կարինե Դանիելյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter