
Արվեստ` ստեղծված նոր մեդիայի աշխարհում
Տարբեր ժամանակներում մարդու երևակայությունը փորձել է գտնել արվեստը մարդկանց ներկայացնելու առավել գեղեցիկ և հետաքրքիր միջոցները: Նոր տեխնոլոգիաների ի հայտ գալը նույնպես իր ազդեցությունն է ունեցել արվեստի վրա՝ ձևավորելով արվեստի մի նոր տեսակ, որն անվանում են Նոր մեդիա արվեստ: Չնայած նրան, որ այս տերմինը հստակ սահմանում չունի, այն կապում են նոր մեդիայի հետ, որն օգնում է թվային տեխնոլոգիաների միջոցով նորովի մատուցել արվեստի գործերը՝ դրանք դարձնելով առավել շոշափելի և ազդեցիկ:
Ներկայումս Նոր մեդիա արվեստը իր զարգացման շարունակական գործընթացում է, սակայն այս պահին սահմանված են հետևալ կատեգորիաները՝
Net art / Նեթ-արտ կամ Ինտերնետային արվեստ
1990-ականներին ձևավորված համացանցը արմատապես փոխեց թե՛ հաղորդակցության ոլորտը, թե՛ նոր հնարավորություններ ստեղծեց արվեստագետների համար: Net art տերմինի ի հայտ գալը կապվում է ժամանակակից սլովենացի նկարիչ Վուկ Լոսիչի հետ, որն իր աշխատանքները ստեղծելու համար կիրառում էր ASCII (American Standard Code for Information Interchange/Տեղեկատվության փոխանակման ամերիկյան ստանդարտ կոդ) ծածկագրերը:
Ինտերնետային արվեստին պատկանող աշխատանքները կարող են ցուցադրվել ոչ միայն առցանց հարթակում, այլև պատկերասրահներում՝ չպահանջելով համացանցի կիրառություն:
Virtual art / Վիրտուալ արվեստ
1980-ականների սկզբին ամերիկացի գիտնական Ջարոն Լանյեն սկսեց կիրառել Virtual reality / Վիրտուալ իրականություն տերմինը: Վիրտուալ իրականությունը հնարավորություն է ընձեռում հայտնվել անիրական միջավայրում, որի հետ շփումը ապահովում են թվային էկրանները կամ ստերեոսկոպիկ ակնոցները: Կան նաև հատուկ ձեռնոցներ, որոնց միջոցով մարդիկ կարողանում են ուղղակիորեն փոխազդել այդ մտացածին միջավայրի հետ, օրինակ՝ նկարել այնտեղ:
Robotic art / Ռոբոտային արվեստ
1960-ականներին արվեստում առաջին անգամ սկսեցին օգտագործել ռոբոտներ և այլ ավտոմացված տեխնոլոգիաներ՝ զուգակցելով դրանք համակարգչային տեխնոլոգիաների և սենսորների հետ: Այստեղ ռոբոտները ներկայացվում են որպես արվեստի գործեր: Սակայն, ի տարբերություն, օրինակ՝ քանդակների կամ նկարների, դրանք առավել լայն հնարավորություններով են օժտված: Կան նույնիսկ հատուկ մշակված ռոբոտներ, որոնք իրենք են ստեղծում արվեստի գործեր:
Artifical life art / Արհեստական կյանքի ձևեր պարունակող արվեստ
Այստեղ օգտագործվում են գենետիկական ինժեներիան և բիոինժեներիան՝ արվեստի գործեր ստեղծելու համար: Այդպիսի ստեղծագործությունների առանձնահատկությունն այն է, որ դրանք ժամանակի ընթացքում կարող են ենթարկվել մուտացիայի և զարգանալ՝ փոփոխելով իրենց կենսակերպը:
Digital art / Թվային արվեստ
Այս կատեգորիայում կարող են հայտնվել այն բոլոր արվեստի գործերը (նկար, լուսանկար, քանդակ, ինստալյացիա, վիդեո, անիմացիա և այլն), որոնց ներկայացման համար կիրառվող հիմնական մասը թվային տեխնոլոգիաներն են: Թվային արվեստի առաջին կիրառությունը 1980-ականներին էր, երբ համակարգչային մասնագետները մշակեցին AARON նկարչական մեքենան, որը նախատեսված է հատակին տեղադրված թղթի վրա մեծ նկարներ պատրաստելու համար: Մեր օրերում թվային արվեստը դարձել է ինտերակտիվ՝ մարդկանց հնարավորություն ընձեռելով ազդել վերջնական պատկերի վրա:
Նոր մեդիա արվեստում կա նաև մեկ այլ կատեգորիա, որն անվանում են Multimedia art / Մուլտիմեդիա արվեստ: Այս տերմինն առաջին անգամ օգագործվել է 1960-ականներին՝ երաժշտության, կատարման, ֆիլմի և լուսավորության համակցությունը նկարագրելու համար: Այսօր մուլտիմեդիա արվեստ ասելով` մարդիկ հասկանում են այն արվեստի գործերը, որոնց ստեղծման համար նոր մեդիայի մի քանի տեսակներ միաժամանակ օգտագործվել են մեկ տեղում:
Մեկնաբանել