
Ինտերնետն առաջ է անցել հեռուստատեսությունից. ինչ աղբյուրներից են տեղեկություն ստանում հայաստանցիները
Ինտերնետը՝ որպես տեղեկություն ստանալու նախընտրելի աղբյուր, առաջ է անցել հեռուստատեսությունից: Այս մասին են վկայում «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի հետազոտության արդյունքները:
«Եթե հեռուստատեսությունը ուզում է այս մրցակցությունում հաղթի, ապա բավականին արմատական և լուրջ բարեփոխումների պետք է ենթարկվի»,- հետազոտության արդյունքները ներկայացնելիս այսօր ասաց կենտրոնի տնօրեն Լաուրա Բաղդասարյանը:
Սոցիալական հարցումներն անցկացվել են Հայաստանի 19 քաղաքներում և 34 գյուղերում: Դրանց նպատակն է եղել պարզել մարդկանց՝ մեդիայի սպառման նախընտրությունները, դրանցում սոցիալական ցանցերի դերը, ինչպես նաև ընտրական գործընթացների հանդեպ հարցվողների վերաբերմունքը:
Հարցված 1150 մարդկանց մոտ 60%-ը նշել են, որ նորությունների մասին տեղեկանալու իրենց առաջնային աղբյուրը ինտերնետն է, 35.7%-ը՝ հեռուստատեսությունը: «Հետաքրքիրն այն է, որ ռադիոն և տպագիր թերթերը էականորեն զիջել են իրենց դիրքերը ինֆորմացիայի այնպիսի աղբյուրների, ինչպես օրինակ հարազատներն են, ընկերներն են, հարևաններն են»,- նշում է կենտրոնի տնօրենը:
Հետազոտողները պարզել են, որ տեղեկատվամիջոցների այսպիսի սպառումը կապված է ոչ թե հարցվողների սեռի կամ բնակության վայրի հետ, այլ՝ տարիքի, սոցիալական վիճակի և կրթական մակարդակի: Որքան ցածր է կրթական մակարդակը և քիչ՝ եկամուտները, այնքան շատ են հեռուստատեսությունը որպես տեղեկության առաջնային աղբյուր օգտագործելու դեպքերը:
Ինչ վերաբերում է Հայաստանի համար կարևոր իրադարձությունների մասին տեղեկանալու նախընտրելի աղբյուրներին, «ինտերնետ» ընդհանուր կատեգորիայի փոխարեն տարբերակվել են սոցիալական ցանցերն ու առցանց ԶԼՄ-ները: Հարցվածների 66%-ը նշել են, որ ամենաշատը սոցիալական ցանցերից են օգտվում՝ այդ իրադարձությունների մասին տեղեկանալու համար:
«Մեզ թվում էր, որ օնլայն լրատվամիջոցները իրենց ուղիղ եթերներով, ինֆորմացիան տալու արագությամբ ավելի առաջ են հեռուստատեսությունից, բայց այս հարցումները ցույց տվեցին, որ այնուամենայնիվ օնլայն լրատվամիջոցները զիջում են հեռուստատեսությանը»,- նշում է Լաուրա Բաղդասարյանը:
Սոցիալական ցանցերից օգտվողների հիմնական մասը կազմում են մինչև 50 տարեկանները (ևս 2%-ը եղել են 65 տարեկանից բարձր): Ընդ որում, եթե ընթացիկ նորությունների մասին ինտերնետից օգտվելը ուղիղ համեմատական է բարձր սոցիալական դիրքին և կրթական մակարդակին, սոցցանցերի դեպքում ցուցանիշները տարբերվում են: Թեև բարձրագույն կրթություն ստացածների թիվը այստեղ ևս շատ է, բայց բարձր եկամուտ ունեցողների թիվն ավելի քիչ է, քան ցածր եկամուտ ունեցողներինը: Սոցցանցերից օգտվող հարցվողների 12.7%-ը նշել են, որ իրենց գումարը երբեմն անգամ սննդին չի բավականացնում:
Սոցիալական ցանցերից ամենատարածվածը Facebook-ն է (73%), որից օգտվողների 1/3-ը նշել են, որ այն իրենց համար տեղեկության բացառիկ աղբյուր է հատկապես լարված իրավիճակներում: Հետազոտության հեղինակները հարցրել են նաև, թե հատկապես որ գործընթացներում է այս սոցիալական ցանցը օգնում հասնելու դրական արդյունքների.
Մյուս տարածված սոցցանցերն են Instagram-ը (30.3%), Одноклассники-ն (23.4%), Twitter-ը (4.3%) և այլն:
Հետազոտությունն անդրադարձել է նաև հարցվողների քաղաքական հետաքրքրություններին: Նրանց 84.4%-ը նշել են, որ մասնակցել են դեկտեմբերի 9-ի խորհրդարանական ընտրություններին: Կեսից ավելին նշել են, որ Facebook-ում քաղաքական և պետական գործիչների ելույթները օգտակար են: Ընդ որում, նման կարծիք արտահայտողների շրջանում մեծ թիվ են կազմել մարզերի բնակիչները:
Ընտրական քարոզարշավներին հետևելու համար հարցվածները տարբեր պատճառներ են բերել՝ դրանք կարևոր են տեղեկացված լինելու համար, հետաքրքիր են, կողմնորոշում են, զվարճացնում են և այլն:
Քարոզարշավի ժամանակ նրանց ամենաշատը հետաքրքրել են բանավեճերը, ավելի քիչ՝ հարցազրույցները, կենդանի հանդիպումները, ֆեյսբուքյան ուղիղ եթերները, գովազդային հոլովակներն ու պաստառները:
Ընտրական փուլում բնակիչների համար տպավորիչ են քաղաքական ուժերի ծրագրերը, գաղափարները, մարդկանց խնդիրները լուծելու թեկնածուների կարողությունները, նրանց նախկին գործունեությունն ու կենսագրությունը, և քիչ նշանակություն ունեն «զուտ քարոզարշավային» երեւույթները՝ կարգախոսը, նկարները, հանդիպումները նրանց հետ, հանրահավաքներն ու երթերը:
«Եթե ճիշտ է, որ հիմա ընտրական գործընթացները մեծ ազդեցություն պիտի ունենան ընտրողների ընտրության վրա, հետևաբար երևի պետք է փոխել վերաբերմունքը նաև քարոզչական գծեր տանելու նկատմամբ»,- նշում է «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի տնօրենը՝ հավելելով, որ կարիք կլինի հետագա հետազոտություններով տեսնել, թե արդյոք ամրապնդվում են այս արդյունքները: Մարդիկ պատասխանել են այս հարցերին՝ դեռևս նախորդ բոլոր ընտրական գործընթացների ազդեցության տակ, «որովհետև մեկ անգամվա ընտրական գործընթացը, թեկուզև հաջողված, չի կարող փոխել մարդկանց վերաբերմունքը ընդհանրապես ընտրությունների նկատմամբ»:
Դիագրամները՝ «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի
Մեկնաբանել