HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Բրիկետի արտադրության ծրագիրը վտանգված է. Ախուրյանի համայնքապետն առ ոչինչ է համարում ավագանու որոշումը

Ախուրյան խոշորացված համայնքում կենսավառելիքի՝ բրիկետի արտադրության ծրագիրը վտանգված է: 2017թ.-ի դեկտեմբերից սկսած՝ նախապատրաստական աշխատանքները (ծրագրի ներկայացում, հանրային քննարկումներ, բնակավայրերում բնակիչների հետ հանդիպում-ծրագրի ներկայացում, տեղանքի ընտրություն, շենք-շինությունների տրամադրում, հիմնադրամի ստեղծում եւ այլն) 2019թ. փետրվարից մտել են փակուղի: «Այս տարվա փետրվարին արդեն պետք է խոսեինք արտադրանքի մասին, սակայն Ախուրյանի համայնքապետ Արծրուն Իգիթյանի բավական անհասկանալի դիրքորոշման պատճառով, որն երեւի կարելի է որակել պարզ քմահաճույք, աշխատանքները կասեցված են»,- ասում է ծրագրի ղեկավար Գեւորգ Պետրոսյանը:

ՄԱԶԾ ԳԷՀ փոքր դրամաշնորհային ծրագրի շրջանակներում Շիրակի մարզի Ախուրյան համայնքում կոշտ կենսավառելիքի արտադրության եւ էներգաարդյունավետ վառարանների կիրառության ծրագրի իրականացման հայտ էր ներկայացրել «Վանանդ» ՀԿ-ն: Ծրագրի նպատակն է խթանել կենսազանգվածի կիրառումը, որպես վերականգնվող էներգիայի կենսունակ աղբյուր Շիրակի մարզի գյուղական բնակավայրերում՝ էներգետիկ անվտանգության, բնապահպանական կայունության եւ աղքատության նվազեցման նպատակով:

Ծրագրի համար ընտրված շահառու համայնքը միավորում է 8 բնակավայր (Ախուրյան, Կամո, Կառնուտ, Բասեն, Արեւիկ, Ջրառատ, Հովիտ, Այգաբաց) 17 հազար բնակչով: Նշված գյուղերի բնակիչները հիմնականում զբաղվում են անասնապահությամբ, հացահատիկային, կերային ու բանջարաբոստանային կուլտուրաների մշակմամբ: Համայնքի բոլոր բնակավայրերը միասին վերցրած ունեն 16000 հա գյուղատնտեսական նշանակության հող, որից 9305,7 հա-ը՝ վարելահող:

Ծրագրի պատասխանատուների կատարած ուսումնասիրությունների համաձայն, 2017թ-ին հացահատիկային մշակաբույսերի ցանքատարածությունները Ախուրյան համայնքում կազմել են 6444 հա, այդ թվում՝ աշնանացան՝ 4506 եւ 3138 գարնանացան: «Ըստ մեր հաշվարկների, Ախուրյանը մարզում կենսաէներգիայի զարգացման եւ կոշտ կենսավառելիքի արտադրության համար առավելագույն ներուժ ունեցող համայնքն է, որի հացահատիկային ծղոտի եւ կերային մշակաբույսերի մնացորդների տարեկան կենսավառելիքային ներուժը կազմում է շուրջ 29507,1 տոննա, իսկ գոմաղբի քանակը՝ շուրջ 30422 տոննա տարեկան,- ասում է Գեւորգ Պետրոսյանը,- համայնքի հողերի զգալի մասում կան դեգրադացիայի խնդիրներ, որի պատճառներից մեկն էլ աշնանացան ցորենի ծղոտի այրումն է՝ ոչ պիտանի անասնակեր լինելու պատճառով, ինչն էլ բերում է հողերի վերին շերտերի էրոզիայի ու կենսաբազմազանության ոչնչացման: Բրիկետի արտադրությունը ապագայում կկանխի այդ պրոցեսը»:

Ախուրյան խոշորացված համայնքի 8 բնակավայրից 4-ն են գազիֆիկացված, բայց սոցիալ-տնտեսական պատճառով ջեռուցման նպատակով գազ օգտագործում են տնային տնտեսությունների միայն 20-25 %-ը: Բնակչության զգալի մասը՝ մոտ 75-80 %, որպես վառելանյութ օգտագործում է փայտ եւ աթար, ինչը հնարավորություն չի տալիս գոմաղբը օգտագործել որպես պարարտանյութ հողերի որակը բարելավելու եւ բերքատվությունը բարձրացնելու համար: «Կենսաթափոնների կառավարման համակարգի առկայության պայմաններում հնարավոր է ամբողջությամբ բավարարել Ախուրյանի մոտ 3900 տնտեսության էներգետիկ կարիքները եւ նույնիսկ դառնալ արտահանվող ապրանք կենսավառելիքի՝ բրիկետների տեսքով»,- վստահեցնում է Գեւորգ Պետրոսյանը:

2018թ.-ի հոկտեմբերի 5-ին, Ախուրյան խոշորացված համայնքի ավագանին կենսազանգվածի կառավարման գործողությունների ծրագիրը հաստատելու, Ախուրյանի «Համայնքային զարգացման կենտրոն քաղաքացիական շրջանառու հիմնադրամ»-ի հիմնադրման եւ Ախուրյանի կոշտ կենսավառելիքի արտադրության կենտրոնի համաֆինանսավորման նպատակով որոշում է կայացրել: Ծրագիրը հաստատվել է, որպես համայնքի հնգամյա զարգացման ծրագրի հավելված եւ անբաժանելի մաս: Բրիկետների արտադրության ծրագիրը սեպտեմբերի 28-ին ավագանու հաստատմանը ներկայացրել էր համայնքապետ Արծրուն Իգիթյանը:

Որպես ծրագրի համաֆինանսավորում, ավագանին որոշել է Ախուրյան համայնքի բյուջեից հատկացնել 10 մլն դրամ (21900 ԱՄՆ դոլար) եւ լիազորել համայնքի ղեկավարին կնքել համապատասխան համաձայնագիր նշված ծրագիրը համատեղ իրականացնելու համար: Հատկացվող դրամական միջոցները պետք է ծախսվեին արտադրական շինությունների վերակառուցման եւ նորոգման, տրամադրած արտադրական տարածքի հարթեցման, շինաղբի մաքրման, տեղափոխման, ցանկապատման, պահպանության համակարգի ձեւավորման, տարածքի գիշերային լուսավորության ապահովման, բնակկոմունալ մինիմալ պայմանների ստեղծման ուղղությամբ:

«Բրիկետների արտադրության հոսքագիծ ձեռք բերելու համար ներդրվում է ավելի քան 40,5 մլն դրամ դոնորի կողմից,- պարզաբանում է Գեւորգ Պետրոսյանը,- համայնքի մասնակցությունը 10 մլն դրամի չափով է: Սա մի ծրագիր է, որ ունի մի շարք բաղկացուցիչ տարրեր՝ բնապահպանական, արտադրական, հետագայում այլ ծրագրեր ներգավելու հնարավորություն եւ այլն: Բայց էսօրվա օրը համայնքի ղեկավարը անհասկանալի պատճառաբանություններ է բերում, իբրեւ թե անձնական բիզնեսին միտված գործողություններ են, մեկ մարդու հարստացման աղբյուր եւ այլն: Այս ու այլ չհիմնավորված մեղադրանքներ, պարոն Իգիթյանը հնչեցրեց նորանշանակ մարզպետ Տիգրան Պետրոսյանի մոտ հանդիպման ժամանակ, որոնք իմ կարծիքով առնվազն զավեշտալի են»:

2018թ-ի հոկտեմբերի 24-ին հիմնվել է Ախուրյանի «Համայնքային զարգացման կենտրոն քաղաքացիական շրջանառու հիմնադրամը»՝ 15 անդամով: Հիմնադրամում ընդգրկված անդամներից 3-ը Ախուրյանից են, 2-ը՝ Հովիտից, 2-ը՝ Բասենից, 2-ը՝ Արեւիկից, 2-ը՝ Ջրառատից եւ մեկական անդամ Այգաբաց, Կամո, Կառնուտ գյուղերից, ի դեմս Ախուրյան համայնքի հիմնադրամի՝ հիմնադիր անդամ է ընտրվել համայնքի ղեկավար Արծրուն Իգիթյանը: Հիմնադիր անդամներից 6-ն ավագանու անդամներ են: Հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Սամվել Սաֆարյանը:

«Մեր ծրագիրն առանց այդ էլ մեկ անգամ երկարացվել է ժամկետների առումով,- ասում է հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սամվել Սաֆարյանը,- դեռ անցած տարի գարնանը պետք է սկսեինք, սակայն հեղափոխությունը մինչեւ հուլիս մեր աշխատանքներում դադարի պատճառ հանդիսացավ՝ սպասողական վիճակ էր: Հետո արդեն սեպտեմբերից վերսկսեցինք ծրագրին վերաբերող գործողություններն ու սպասվում էր, որ ամենաուշը այս տարվա հունվարից պետք է համայնքային ֆինանսավորումն ունենայինք: Մոտ 4 ամիս Արծրուն Իգիթյանն ինձ տարավ-բերեց, էսօր-էգուց գցելով ֆինանսավորման հարցը, հիմա էլ հայտարարում է, որ ավագանու որոշումն իրեն հետաքրքիր չէ, որ հիմնադրամում իր վարչական ղեկավարներից մարդ չկա եւ այլն»:

Ինչու՞ է Ախուրյանի համայնքապետը խոչընդոտում բրիկետների արտադրամասի ստեղծմանը

2019թ.-ի մարտի 11-ին նշանակված էր Ախուրյան խոշորացված համայնքի ավագանու արտահերթ նիստը: Օրակարգում բրիկետների արտադրության հետ կապված հարց չկար, սակայն որոշ տարաձայնություններ քննարկելու նպատակով հրավիրվել էին Ախուրյան համայնքում կոշտ կենսավառելիքի արտադրության եւ էներգաարդյունավետ վառարանների կիրառության ծրագրի ղեկավար Գեւորգ Պետրոսյանը, հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սամվել Սաֆարյանը, մարզպետի խորհրդական Տիգրան Մինասյանը եւս ներկա էր նիստին:

Ախուրյանի համայնքապետ Արծրուն Իգիթյանը հայտարարեց, որ ստեղծված հիմնադրամում գյուղական բնակավայրերի վարչական ղեկավարներից որեւէ մեկն ընդգրկված չէ, եւ ինքը կասկածներ ունի հիմնադրամի կառավարման վերաբերյալ: Արծրուն Իգիթյանին սկսել է նաեւ չգոհացնել այն տարածքը, որը համայնքապատկան չէ եւ Շիրակի մարզպետարանի աջակցությամբ տրամադրվել է բրիկետների արտադրությունը կազմակերպելու նպատակով: Ախուրյանի համայնքապետին անհանգստացնում է նաեւ բյուջեից հատկացվող 10 մլն դրամի ճակատագիրը, թե ինչպես է ծախսվելու եւ ինչպես է այդ ամենը վերահսկվելու:

«Այս բոլոր հայտարարություններն անլուրջ են, այդ թվում եւ մարզպետի կաբինետում արված այն հայտարարությունը, որ ավագանին ձերն է, բայց բյուջեն իմն է: Այսինքն 20-21 տարի համայնքի ղեկավարի աթոռին կառչած անձն այլեւս չի տարբերակում համայնքային բյուջեն իր գրպանից՝ զուգահեռ առ ոչինչ համարելով ավագանու ընդունած որոշումը,-նկատում է Գեւորգ Պետրոսյանը,- ես չեմ ուզում ենթադրություններ անել, թե ինչու է հանկարծ մտքափոխվել Ախուրյանի համայնքապետը, ինչու՞ այլեւս հարմար չէ այն կես հա տարածքը, որ ավագանու որոշմամբ հատկացրել է հիմնադրամին, ինչու՞ նա չի վստահում ավագանու այն 6 անդամներին, որ հիմնադրամում հիմնադիր անդամներ են ու պահանջում է վարչական ղեկավարների ներկայությունը: Մի բան է հստակ, որ ցանկացած ձգձգում այս պահին լուրջ խոչընդոտ է ծրագրին, ու այն կարող է ցանկացած պահի չեղարկվել Ախուրյանի համար, տեղափոխվել այլ համայնք, անգամ՝ հարեւան մարզ»:

Ավագանու արտահերթ նիստի օրը Ախուրյանի համայնքապետ Արծրուն Իգիթյանն անընդհատ կրկնում էր, որ իրեն խաբել են, եւ որ տարածքը ոչ թե իրավաբանական, այլ ֆիզիկական անձի է տրվել: «Ծրագրի մեկնարկը տրվել է Շիրակի նախորդ մարզպետ Կարեն Սարուխանյանի օրոք, հարցով զբաղվել է փոխմարզպետ Սոֆյա Հովսեփյանը,-մեկնաբանում է հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սամվել Սաֆարյանը,- քանի որ հիմնադրամը դեռ չէր ստեղծվել, ես տարածքի հարցով իրենց եմ դիմել, որպես ֆիզիկական անձ: Մեզ հատկացված տարածքը համայնքապատկան չէ, այլ պատկանում է Ախուրյանի բժշկական կենտրոնին եւ չի շահագործվում: Աշխատանքներն արագացնելու նպատակով այն ժամանակ դիմումս բավարարվել է իմ անունով, սակայն հետագայում, երբ հիմնադրամը ստեղծվեց, կրկին դիմել ենք, արդեն որպես իրավաբանական անձ մարզպետ Տիգրան Պետրոսյանին եւ կրկին ստացել դրական պատասխան: Ահա եւ ողջ պատմությունը»:

Խոսակցությունները, որ վարչական բոլոր ղեկավարները դժգոհ են հիմնադիր անդամ չլինելու հանգամանքից, մեղմ ասած այնքան էլ չէր համապատասխանում իրականությանը: Ավագանու նիստին ներկա վարչական ղեկավարներից, օրինակ Արեւիկ գյուղի վարչական ղեկավար Վարդգես Մելքոնյանը նշեց, որ Սամվել Սաֆարյանն իրեն զանգահարել է եւ առաջարկել ընդգրկվել հիմնադիրների կազմում, սակայն ինքը մերժել է՝ ասելով, որ դա իրեն չի հետաքրքրում: Գեւորգ Պետրոսյանն էլ իր հերթին նկատեց, որ բոլոր բնակավայրերում իրենք հանդիպում- քննարկում են ունեցել բնակիչների հետ, հանդիպումները կազմակերպել են վարչական ղեկավարները, մարդաշատ են եղել միայն Բասենի եւ Ջրառատի հանդիպումները, մարդիկ տեղեկացված են եղել ե՛ւ ծրագրից, ե՛ւ հիմնադրամի ստեղծումից:

Ինչ վերաբերում է ընտրված տարածքին, որ գտնվում է Ախուրյան բնակավայրի կենտրոնական հատվածում, ապա ընտրությունը կատարվել է մանրակրկիտ ուսումնասիրությունից հետո: «Առաջարկվել էր տարածք Բասենում, Կառնուտում եւ Ախուրյանում, մնացած գյուղերը հարմար շինություններ չունեին: Տարածքը նայելուն մասնակցել են ե՛ւ ավագանու անդամներ, ե՛ւ վարչական ղեկավարներ, ե՛ւ անձամբ համայնքի ղեկավարը, վերջում ընտրվել է Ախուրյանում գտնվողը: Դրանից հետո մենք տարածքը ներկայացրել ենք դոնորին, ստացել ենք հավանություն, ստացել ենք մարզային իշխանությունների թույլտվությունը եւ հիմա՝ ամիսներ անց, պարզվում է՝ էդ տարածքը Արծրուն Իգիթյանի սրտովը չէ»,- տարակուսում է Գեւորգ Պետրոսյանը:

Ավագանու մարտի 11-ի նիստին ներկա ավագանու անդամներից Հովհաննես Մաթոսյանն անթույլատրելի համարեց ծրագրի ձգձգումը: «Մենք իրավունք չունենք ձախողել համայնք 40 մլն դրամի ներգրավմամբ, այդպիսի կարեւոր ծրագրի գործարկումը, մանավանդ, որ ավագանին կողմ է քվեարկել: Ես հիշում եմ, որ վարչական ղեկավարները ներկա են եղել քննարկումներին, ինչպես նաեւ այն նիստին, որի ժամանակ մենք որոշում ենք կայացրել եւ ոչ մի տառ չեն ասել դեմ ծրագրին: Հիմա ինչպե՞ս եղավ, որ դժգոհում են կամ ինչ-որ բանի դեմ են,- շեշտեց Հովհաննես Մաթոսյանը,- ինչ վերաբերում է ինձ, ես՝ որպես ավագանու անդամ, կոնկրետ դեմ եմ, որ չեղյալ հայտարարվի ավագանու որոշումը, դա անվստահություն է համայնքի եւ ավագանու նկատմամբ: Ձեր բարձրացրած հարցերը, պարոն Իգիթյան, բոլորը տեխնիկական բնույթի են եւ հեշտ լուծելի: Բացի դրանից, առաջարկել ենք հիմնադրամին ամեն ամիս հաշվետվություն տալ ծախսերի մասին, որին մարդիկ համաձայնվել են, էլ ի՞նչ ենք ուզում: Հիմա քանի որ փոխանցում չենք արել, չկա ծախս՝ չկա հաշվետվություն»:

Արծրուն Իգիթյանի առարկությանը, թե ինքը զրուցել է Լոռու մարզում բրիկետի արտադրությամբ զբաղվողների հետ, որոնք ունեն իրացման խնդիր, Հովհաննես Մաթոսյանը նկատեց, որ եթե իրացման խնդիր լինի, համայնքապետարանը կարող է ավագանու որոշմամբ գնել բրիկետը եւ բաժանել սոցիալապես անապահով ընտանիքներին: Սպառելով բոլոր փաստարկները՝ համայնքի ղեկավարն, այնուամենայնիվ, հայտարարեց, որ սխալ է համարում ոչ համայնքապատկան տարածքը հիմնադրամին հատկացնելը եւ ինքը կդիմի կառավարությանը սուբսիդավորման համար: «Գնենք տարածքը, թող լինի համայնքինը, որ էդքան ներդրումից հետո չգան, ասեն՝ դուրս արեք, դա մեզ պետք է»,- նկատեց Արծրուն Իգիթյանը:

Ինչ խնդիր է լուծում կենսավառելիքի արտադրությունը տարածաշրջանում

«Հետքը» 2018թ.-ի սեպտեմբերին հրապարակումով անդրադարձել է հողերի դեգրադացման խնդրին, հատկապես հունձքից հետո կամ վաղ գարնանը ցանքատարածությունների այրման արատավոր պրակտիկային: Այրում են հողի շերտը՝ պատճառաբանությամբ, թե վերացնում են այդպես մոլախոտն ու տարատեսակ հիվանդությունները. մարդկանց մեծամասնության գիտակցության մեջ արմատացած կարծիք է: Այնինչ, այրման հետեւանքով ոչնչանում են թե՛ օգտակար, թե՛ վնասակար բակտերիաները: Ի տարբերություն օգտակարի, վնասատուներն արագ են վերականգնվում:

«Աղանաբազե. որսորդների, բնապահպանների միություն» ՀԿ նախագահ Հովհաննես Խնուսյանն ասում է, որ հողերի վերին շերտի այրման պատճառով տարեցտարի՝ կապված կերի ոչնչացման հետ, պակասում են նաեւ կաքավն ու լորը: «Հիմա կմտածեք, թե մտահոգությունս որսորդի տեսանկյունից է, բայց ոչ, իմ մտահոգությունն առավել բնապահպանական ուղղվածություն ունի,- ասում է Հովհաննես Խնուսյանը,- բնության մեջ ամեն ինչ փոխկապակցված է, մեկի ոչնչացումը վտանգում է իր հետ կապված մյուս տեսակի գոյությունը: Դաշտերն այրելով՝ ոչնչացնում են նաեւ վայրի թռչունների կերային բազան: Էլ չեմ խոսում այլ վտանգների մասին: Մի 2 տարի առաջ էր մեր ընկերներից մեկի մեքենան վառվեց դաշտում՝ մարդիկ որոշել էին խոզանը կրակի տան առանց նայելու, թե դաշտի մեջ ավտո կա կանգնած, մի անգամ էլ ես եմ վառվելուց փրկվել: Համացանցում որ փնտրեք, լիքը լուսանկարներ կգտնեք այրված աղվեսի, նապաստակի, ոզնու եւ այլ կենդանիների»:

Հովհաննեսն ապրում է Գյումրիում, երկրորդ տարին է տունը ջեռուցելու նպատակով բրիկետ է ձեռք բերում Վանաձորից: Ասում է, որ շատ ավելի ձեռնտու է, քան փայտը՝ թե՛ գնի, թե՛ ջերմատվության առումով: «Մեկ տոննա բրիկետը 80 հազար դրամ է, այս տարի մի քիչ թանկ եմ գնել, բայց էլի ձեռնտու է,- ասում է Հովհաննեսը,- 1 խմ բրիկետի կալորիականությունը հավասար է 4 խմ փայտի կալորիականությանը: Որ հաշվարկ ես անում, հասկանում ես, որ բրիկետը ձեռնտու է, մանավանդ որ հատուկ վառարան չի պահանջում, մեր սովորական վառարաններում էլ կարող ես վառել»:

Հովհաննես Խնուսյանին ուրախացրել էր լուրը Ախուրյանում բրիկետի արտադրության հիմնման մասին: Համոզված է, որ դրանով տարածաշրջանում բնապահպանական մեծ խնդիր է լուծվում, բացի դրանից, հարեւան մարզից վառելիքի գնման տրանսպորտային ծախսն էլ մի քանի անգամ կնվազի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter