HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարիետա Խաչատրյան

Չօգտագործվող հողերը ոչ համայնքինն են, ոչ գյուղացունը

Վարդենիսի վարչատարածքի 27 համայնքների ղեկավարներ դիմել են Ազգային ժողով եւ կառավարություն

Կառավարությունն ունի համալիր ծրագիր, ըստ որի Գեղարքունիքի մարզի Վարդենիսի վարչատարածքի սահմանամերձ 13 գյուղի սոցիալտնտեսական շատ խնդիրներ 2002-05 թվականների ընթացքում պետք է լուծում ստանային: Թե ինչպես է կատարվել այդ ծրագիրը, եւ հիմա էլ նորը' 2005-07 թվականներինն է կատարվում, կարելի է պատկերացում կազմել Վարդենիսի վարչատարածքի 27 համայնքների ղեկավարների միասնական նամակից, որով նրանք իրենց համայնքների խնդիրները ներկայացրել են միատեղ եւ ուղարկել Ազգային ժողով ու կառավարություն:

Նամակն Ազգային ժողով է հասել անցած ամիս' ապրիլին, նախագահի հանձնարարականով քննարկվել է, ապա եւ վարդենիսցիների հետ հանդիպում է նշանակվել' բարձրացված հարցերի մանրամասներին ծանոթանալու եւ նրանց առաջարկները լսելու համար: Այդ հանդիպումը տեղի ունեցավ մայիսի սկզբներին Վարդենիսում: Ազգային ժողովի տեղական ինքնակառավարման հարցերի բաժնի վարիչ Հովիկ Օհանյանը, համայնքների ղեկավարների բոլոր գանգատները լսելուց հետո, առաջարկեց ամեն համայնքին իր խնդիրներն առաջարկների ձեւով ներկայացնել: Նախորդ շաբաթ արդեն ԱԺ-ն 12 կետից կազմված առաջարկ էր ստացել Տրետուկի համայնքապետ Սուրեն Եղիազարյանից:

Համայնքին առաջին հերթին հուզում է երկարաժամկետ եւ ցածր տոկոսադրույքներով վարկերի տրամադրման եւ պետբյուջեից տրամադրվող դոտացիայի չափի վերանայման խնդիրները: Քանի որ Տրետուկը փոքրաթիվ համայնք է եւ ունի մինչեւ 300 բնակիչ, ստանում է 1,5 մլն դրամ տարեկան բյուջետային հատկացում (դոտացիա): Համայնքն ունի գրադարան, մանկապարտեզ, մշակույթի տուն եւ այլն, որոնց պահպանումը չի տեղավորվում այդ փոքրիկ գումարի մեջ: Համայնքապետի բացատրությամբ' հարկերից հավաքված գումարը հազիվ աշխատավարձի ֆոնդին է բավականացնում, համայնքը 5 մլն դրամից ավելի աշխատավարձի հին պարտք ունի, նրա հաշվարկային հաշիվը կալանքի տակ է, սոցիալական վճարումների համար տուգանք է մուծում, հավաքված գումարներն ամբողջությամբ գնում են տուգանքներին, որից հետո համայնքի զարգացման մասին խոսք լինել անգամ չի կարող: Մարդիկ հույսները դրել են միջազգային կամ համապետական ծրագրերի վրա, որ կարողանան ոռոգման եւ խմելու ջրագիծ ունենալ, մանկապարտեզ ու գրադարան աշխատեցնել:

Տրետուկի համայնքապետը պատմեց, որ գյուղի խմելու ջրատարը կառուցվել է 1949 թվականին սանիտարահիգիենիկ բոլոր նորմերի կոպիտ խախտումով' ազբեստյա խողովակներով: Մարզային սանիտարական ծառայությունն ուսումնասիրել եւ արգելել է ջրի օգտագործումը:
Գյուղի ղեկավարությունը բազմիցս դիմել է բոլոր կազմակերպություններին' ՋՕՄ-երին, ջրային պետական կոմիտեին, հումանիտար կազմակերպություններին, Սոցիալական ներդրումների հիմնադրամին: Հիմնահարցը ոչ մի կերպ չի լուծվում: Նույն տարիքի ոռոգման ջրատարն էլ շարքից դուրս է եկել 92-94 թվականների մարտական գործողությունների ժամանակ, հետո էլ անցած տարվա մարտին երկրաշարժ եղավ եւ ջրատարը հիմնահատակ ավերվեց: Ահա մի գյուղ, որը ոչ խմելու, եւ ոչ էլ ոռոգման ջուր ունի, չջրվելով' հողերը անորակ են դարձել, բերքատվությունն ընկել է:
Հողերի տնտեսական գնահատման հարցը չի լուծվում, աշխատավարձային պարտքը խեղդում է: Մարդիկ հեռանում են գյուղից: Գյուղը միացել է ԱԺ-ին եւ կառավարությանն ուղղված 27 համայնքների նամակին' հուսալով, որ, ի վերջո, իրենց խնդիրները լուծող կգտնվի, աշխատավարձի պարտքն էլ կներեն: Տրետուկի համայնքապետի ներկայացրած վիճակն ընդհանուր է բոլոր 27 համայնքներում:

Կուտականի համայնքապետ Միքայել Խաչատրյանին հուզողը վարկերի բարձր տոկոսադրույքներն են. «Դիմել ենք Հայգյուղփոխբանկ, Հայէկոնոմբանկ, Արդշինբանկ: Տոկոսադրույքները շատ բարձր են՝ մինչեւ 24 տոկոս, գրավադրումն էլ հետը: Ես անձամբ վերցրել եմ մի տարի ժամկետով: Առաջին իսկ ամսվանից սկսում ես մարել վարկը, մինչդեռ վարկը գյուղատնտեսական աշխատանքում որ ներդնում ես, առնվազն 6-8 ամիս պետք է սպասես, մինչեւ բերք հավաքես-իրացնես»,- տրտնջում է գյուղապետը' այդպիսի վարկն աննպատակահարմար եւ անարդյունավետ համարելով:

Ըստ համայնքապետի' Հողային օրենսգիրքը նույնպես գյուղացու լավագույն օգնականը չէ: Հողն օգտագործելու հնարավորություն չունեցողները, բնականաբար, հողի հարկը չեն մուծում, նրանց մի մասը հողը տալիս է ուրիշին մշակելու, վերջինս ինչ-որ չափով գումար է ստանում ու գլուխը պահում, բայց դա այնքան մեծ եկամուտ չէ, որ կարողանա հողի հարկը վճարել: Այդպիսով գյուղի բյուջետային պարտավորությունները չեն կատարվում, սոցիալական ծրագրեր ընդհանրապես չեն իրականացվում, աշխատավարձ չեն կարողանում վճարել:

Հողային օրենսգրքի 102-րդ հոդվածի 5-րդ կետով արդեն չորրորդ տարում հողի հարկի պարտքը չմարելու դեպքում հողը սեփականատիրոջից ետ է վերցվում դատարանի միջոցով՝ համապատասխան գումարները գանձելով: Դա կատարվում է տնտեսական դատարաններում: Վարդենիսի տարածքում տնտեսական խնդիրները վճռող դատարանը Սեւանում է գտնվում, որի համար երկար ճանապարհ պետք է անցնել:

Համայնքապետն առաջարկում է հողի ետ վերցնելու գործընթացի իրականացումը օրենքի լրացումով հանձնել համայնքապետարաններին' տեղում վճռելու այդ խնդիրը, որ ժամանակի, դրամի, նյարդերի կորուստ եւ բյուրոկրատական քաշքշուկ քիչ լինի: Հողերն էլ գտնեն մշակողին եւ հողի հարկը վճարողին: Սակայն այդքան իրավասություն համայնքապետին տալն իր բացասական կողմերն ունի:

Կուտականը եւս սահմանամերձ գյուղ է, ասել է թե՝ ռազմավարական նշանակության բնակավայր: Գյուղի ու գյուղացու համար թիվ մեկ խնդիրը ջրագիծն է, որ խորհրդային ժամանակներում է կառուցվել, խողովակաշարը շարքից դուրս է եկել. «Փինելով մի կերպ աշխատեցնում ենք»: 1,5 մլն դրամի դոտացիան այստեղ չեն էլ կարողանում սոցիալական ոլորտ ուղղել, հազիվ աշխատավարձ են վճարում:
89 տնտեսություն ունեցող գյուղի բնակչության 70-80 տոկոսն աղքատ է (նրանց կարելի է ծայրահեղ աղքատ անվանել), մինչդեռ նպաստառու է 5 ընտանիք, թոշակառուները 15-ն են: Ջրագծի եւ դպրոցի նորոգման հարցով համայնքը դիմել է երկրի բարձրագույն իշխանության բոլոր երեք թեւերին' կառավարություն, ԱԺ, նախագահի գրասենյակ, որոնք դիմումը, համայնքապետի խոսքերով, վերահասցեագրել են ինչ-որ ջրային տնտեսության, նրանք էլ ասել են' մեր ոլորտը չէ:

118 տուն ունեցող Նորաբակի համայնքապետ Սամվել Կարապետյանը հանդիպման ժամանակ խոսում էր իրականությանը չհամապատասխանող հողերի կարգի մասին. իրարից որակապես չտարբերվող, իրար կողքի գտնվող հողերից տարբեր հարկեր են գանձվում ' մեկից 1600 դրամ, մյուսից' 7395 դրամ, որը ժամանակին անարդար-անսկզբունք հողի կարգ սահմանելու հետեւանք է եւ պարզապես սնանկացնում է բարձր հարկ մուծող գյուղացուն:

Համայնքապետն ասում է, որ այդ հարցով դիմել են վարչապետին, բայց մոտ երկու տարի է' ասում են, թե հարցը քննարկվում է. «Մի գիժ քար է գցել ջրհորը, մյուսները չեն կարողանում հանել»,- իրավիճակն այսպես է բնութագրում համայնքապետը: Նորաբակը փախստականներով բնակեցված գյուղ է, համայնքապետարանի աշխատողների աշխատավարձային պարտքը 4 տարվա հնություն ունի. «Դոտացիան սխալ են բաշխում, առաջարկում ենք վերանայել. 2100 մետր բարձրության վրա ենք ապրում, ջուր չունենք, ոռոգում չունենք, կոմունիստների ժամանակի խորքային հորերը շարքից դուրս են եկել, մեր հողերը դարձել են անջրդի»:

Ուրիշ գյուղերի նման, այս գյուղի համայնքապետարանի հաշիվն էլ կալանքի տակ է: «Լուծումը որ իմանայի, էլ ինչու՞ պիտի ԱԺ դիմեի. օրենսդիր մարմին է' թող խելք-խելքի տան, տեսնեն՝ էս ժողովրդին ոնց են պահում»:

Խաչաղբյուր համայնքը Վարդենիսից 3 կմ է հեռու, 340 տնտեսություն ունի, որոնցից 103-ը փախստական ընտանիքներ են: Խաչաղբյուրի համայնքապետը համարյա բոլոր գյուղերին բնորոշ ֆինանսական թնջուկն առավել մանրամասն նկարագրեց եւ ընդհանրացրեց: Խաչաղբյուրի այս տարվա դոտացիան 3 մլն դրամ է, որի վրա վաղուց կալանք է դրված. սոցապվճարները հազիվ են հասցնում: Գյուղը հին պարտք է ունեցել նախկին համայնքապետից ժառանգած' 21 մլն աշխատավարձի պարտք: Այս պատկերը գրեթե բոլոր գյուղերում է, բացառությամբ նրանց, որոնք նախկինում տարբեր ձեւերով իրենց հողերի կադաստրային արժեքները (կարգերը) իջեցնելու հնարավորություն են ունեցել, ու հենց այդ պատճառով գյուղերին հատկացվող դոտացիան բարձր է:

Խաչաղբյուրի համայնքապետը բերեց հարեւան Լուսակունքի օրինակը, որոնց հողերի կադաստրային արժեքը 1600 դրամ է, իսկ իրենցը, նույն որակի ու բերրիության, 7395 դրամ (5-րդ եւ 2-րդ կարգի հողեր): Այս հսկայական տարբերության պատճառով գյուղի եկամտային մասը մեծ գումար է գրանցում, դոտացիան էլ քիչ են տալիս, գյուղը կրկնակի է տուժում. «Թող փորձաքննություն անցկացնեն, բացի այդ էլ կառավարությունը գոտիավորել է հողը, բայց դա չի կիրառվում. որպես բարձր լեռնային' ցածր հարկեր պիտի վճարեինք: Ես առաջարկում եմ հողի կադաստրային արժեքները հավասարության բերել»,-ասում է Խաչաղբյուրի համայնքապետը: Իսկ համայնքապետարանների աշխատավարձային պարտքերի հանդեպ, ըստ նրա, պետական մոտեցում է պետք, պետությունն ինչ-որ ձեւով պետք է փոխհատուցի, քանի որ այդտեղ պետության մեղքն էլ կա:

Համայնքապետն ասում է, որ համայնքի զարգացման համար ամենանվազագույն ֆինանսական հնարավորությունները չկան. օրինակ' մի ունեւոր չկա, որ գյուղտեխնիկա ձեռք բերի, իր գործն անի, հետո էլ վարձակալման տա մյուսներին, ունեւորները վաղուց լքել են գյուղը, արդյունավետ չեն համարել իրենց գումարները ներդնել հողի մեջ:

Սահմանամերձ գոտին ամրապնդելու ծրագիրը մասամբ է կատարվել

ԱԺ-ի տեղական ինքնակառավարման հարցերի բաժնի վարիչ Հ. Օհանյանը համայնքների խնդիրներից առանձնացրեց հետեւյալը: «Ուսումնասիրությունների արդյունքում բավական առաջարկներ կան օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ. համալիր ծրագիր կա սահմանամերձ գոտու համար, ԱԺ կողմից ընդունված օրենքով 2003-2005 թվականներին պետք է համալիր ծրագիրն իրականացվեր' սահմանամերձ գոտին ամրապնդելու նպատակով, բայց մեր ուսումնասիրության արդյունքում պարզվեց, որ այդ ծրագիրը մասամբ է կատարվել, հստակ պարզ չէ' ի՞նչ պատճառներով. երբ մենք նամակը կուղարկենք գործադիր եւ հետամուտ կլինենք' պատասխանը կստանանք: Օրենսդրական փոփոխությունների առաջարկներն էլ մենք ներկայացնում ենք պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողով, ուսումնասիրման արդյունքում դրանք կամ ընդգրկվում են փոփոխությունների մեջ, կամ մերժվում են' չհիմնավորելով, թե ինչու»,-բացատրում է նա:

Ի՞նչ օրենսդրական փոփոխություն են ուզում համայնքներում: Հայաստանում հողի հետ կապված բավականին խնդիրներ կան, հատկապես սահմանամերձ գոտում: Մի դեպքում գյուղացին հողը չի կարողանում մշակել, բայց եւ չի ուզում հրաժարվել. այդ դեպքում, գործող օրենքի համաձայն, ավագանին պարտավոր է դիմել դատարան եւ հողը ետ վերցնել: «Բայց հասկանալի է, որ համայնքները փոքր են, նման քայլ մեկը մյուսի նկատմամբ անգամ ի պաշտոնե չեն անի»,-սա Հ. Օհանյանի համոզմունքն է: Մինչդեռ հենց Վարդենիսի հանդիպման ժամանակ համայնքների ղեկավարներից շատերն էին առաջարկում հողի օգտագործումը դատարանի միջոցով ետ վերցնելու իրավունքը փոխանցել իրենց' պատճառաբանելով, որ տնտեսական դատարանը Սեւանում է եւ հնարավոր չէ անընդհատ գնալ-գալ, բացի այդ էլ, այդ իրավասությունը ավելի արդյունավետ եւ արագ կդարձնի չմշակվող հողերը մշակողին հանձնելու ընթացակարգը:

Մի խոսքով' համայնքապետերը նոր լիազորություն են ուզում: Ըստ Հ. Օհանյանի' նրանք ավելի շատ հարցը բարձրացնում են բարոյական տեսանկյունից: Խնդիրն այլ նրբերանգ էլ ունի: Օրինակ' Տավուշի մարզի սահմանամերձ Շամշադինի տարածքում, անգամ նախկին շրջկենտրոն Բերդ քաղաքում, հեկտարներով հողեր կան, որոնց սեփականատեր գյուղացիները հրաժարվում են սեփականության իրավունքից, չեն ուզում մշակել. տնտեսապես նպատակահարմար չէ, քանի որ դրանք արդեն բեռ են դարձել գյուղացու համար' պետք է հարկ վճարի, եւ հրաժարվում են: Բայց օրենքի անկատարության պատճառով հողերի ետ վերադարձման մեխանիզմը չի գործում. երբ գյուղացին հրաժարվում է, 15 օրվա ընթացքում ավագանին պարտավոր է որոշում կայացնել եւ հողերը ետ ընդունել: Քանի որ ետ վերցնելու գործընթացը նաեւ կադաստրային ձեւակերպումների հետ է կապվում, համայնքների բյուջեներում մուծումների համար ֆինանս չի նախատեսվում: Գյուղացին հրաժարվում է իր հաշվին նման ծախսեր կատարել, իսկ օրենքն էլ չի ասում, թե ձեւակերպումն ու՞մ միջոցների հաշվին է կատարվելու: Հետեւապես, այդ հողերը մնում են օդում կախված' ո՛չ գյուղացունն են, ո՛չ համայնքինը:

Երեք տարի չօգտագործվելուց հետո հողը ետ վերցնելու իրավունքը համայնքին տալը մասնագետները չեն խրախուսում, քանի որ համայնքի ղեկավարը կարող է միշտ էլ սուբյեկտիվ որոշում կայացնել:
«Համայնքների ղեկավարների մեծ մասն այսօր ընտրվում է իր գերդաստանի մեծության հաշվին, համայնքներից այսօր բավականին բողոքներ ենք ստանում, որ համայնքի ղեկավարը վրեժխնդրություն է իրականացնում, այս կամ այն հարցում սուբյեկտիվ որոշում կայացնում, հողերն էլ կարող է իր ազգականների ձեռքում կենտրոնացնել»,-ասում է Հ. Օհանյանը: Անկախ մշակել-չմշակելուց' գյուղացին ավելի շատ հակված է չզրկվել իր միակ ունեցվածքից՝ հողից: Այդպես է գոնե Վարդենիսի տարածքում:

Համայնքապետերը պահանջում են փոխհատուցել աշխատավարձի պարտքերը

Մյուս խնդիրը համայնքապետարանների աշխատակիցներին ունեցած աշխատավարձային պարտքերն են, որոնք երբեմն կուտակվել են տարիներով: Պարտքի պատճառով համայնքների հաշվի վրա դատարանի որոշմամբ կալանք է դրվում, վերջիններս հաճախ չեն կարողանում գյուղին հատկացված սուղ դոտացիան իրացնել, իսկ սովորաբար մասամբ հավաքված գույքահարկն ու հողի հարկն էլ օգտագործվում է սոցիալական վճարները կամ այդ առթիվ եկած տուգանքները վճարելու համար:

Համայնքապետերը բարձրացնում են աշխատավարձերի կուտակված պարտքերն ինչ-որ ձեւով փոխհատուցելու հարցը: Արդյոք դա տրամաբանության շրջանակու՞մ է. «Ես Վարդենիսից վերադառնալուց հետո խոսել եմ Ֆինանսների եւ էկոնոմիկայի փոխնախարար Կորյուն Աթոյանի եւ այլ իրավասուների ու մասնագետների հետ: Ոչ մեկը հարցի լուծման տարբերակ չի կարողանում առաջարկել, փոխնախարարն առաջարկում է հարցը շատ բարձր մակարդակներում քննարկել' կառավարություն եւ ԱԺ: Մի բան ճիշտ է' այսօր ակնկալել, որ համայնքները կարող են այս վիճակից ինքնուրույն դուրս գալ' աբսուրդին հավասար բան է: Դոտացիան չվերահսկվող գումար է, որ պետության կողմից տրվում է համայնքին, պետությունն իրավասու չէ թելադրելու համայնքին' այդ գումարն ի՞նչ նպատակի համար գործածի: Ավագանին է որոշում' քանի հաստիք պահեն, որքան վճարեն: Բյուջեն կազմելիս եկամտի աղբյուրներն, իհարկե, նշում են, բայց խնդիրն այն է, որ չեն կարողանում ապահովել բյուջեի կատարումը: Հողը չեն օգտագործում, արտագաղթ կա կամ եղել է' ունենք բնակչության ցուցակային եւ փաստացի թիվ: Մուտքերը հաշվարկում ենք ցուցակային թվով, բայց դրանք ապահովվում են փաստացի թվով, այդ հակասությունը մուտքերի վրա շատ է ազդում, քանի որ բյուջեն կազմելու ժամանակ ցուցակային թիվը չեն կարող անտեսել եւ հաշվի առնել փաստացի թիվը, վիճակագրական տվյալներում նստած են ցուցակային թվերը (ահա եւ քեզ վիճակագրությունը-Մ.Խ.)»,- ասում է ԱԺ-ի տեղական ինքնակառավարման հարցերի բաժնի վարիչ Հ. Օհանյանը:
Մասնագետը ելք չի կարողանում առաջարկել:

Համայնքի բյուջեի ֆինանսավորման աղբյուրներն են հողի հարկը, գույքահարկը, դոտացիան, տեղական տուրքերը եւ այլն, բայց հողի հարկն ու գույքահարկն ամբողջությամբ չեն հավաքվում:
Համայնքների ղեկավարների բացատրությամբ' երբ գույքահարկի գանձումը հանձնվել է համայնքներին, հիմնական միջոցների, գույքի հիմնական ցուցակ չի տրվել. այսինքն' նրանք ունեն թիվ՝ որքան պետք է հավաքեն, բայց թե կոնկրետ ո՞ր գույքի դիմաց, մշակված չէ: Համայնքի ղեկավարի գույքահարկի ցուցակի հստակեցումը մարզպետարանների միջոցով պետք է կազմակերպել, բայց, փաստորեն, դա չի արվում:

Բարձրլեռնային այս գոտում հատկապես ցցուն է հողի կարգերի անհամամասնությունը: Թեեւ երկրորդ տարին է, ինչ կառավարության որոշմամբ տարբեր մարզերում հողի գոտիավորման խնդիրը սկսել է կարգավորվել, սակայն փորձագետները դեռ Վարդենիս չեն հասել:

Տարբերությունները սարսափելի են. առաջին եւ երկրորդ կարգի հողի վարձավճարը ցածր է, այն դեպքում, երբ համարյա անպիտան չորրորդ կարգի հողից բարձր վճար է գանձվում: Սա 90-ականների սկզբին արված սխալ եւ սուբյեկտիվ դասակարգման հետեւանք է: Հարցի կարգավորումը զուտ համայնքի ղեկավարների եւ մարզպետարանի համատեղ աշխատանքի խնդիր է:

Մարզպետարանը ԱԺ կողմից ընդունված «Սահմանամերձ գոտու ամրապնդման վերաբերյալ» օրենքի պահանջները կատարելու առումով գոնե պետք է աշխատեր, քանի որ նաեւ ծրագրերի ֆինանսավորման աղբյուրներն են նշված օրենքում, եւ կատարման պատասխանատուն էլ մարզպետարանն է:

Մարզպետը պետք է հետամուտ լինի, որ այդ ծրագրերը համայնքները կատարեն: Մարզպետի հետ ԱԺ մասնագետները չէին հանդիպել, քանի որ ավելի շատ խնդիր կա կառավարությանը դիմելու. օրենքի նախագիծը կառավարությունն է ներկայացրել, ԱԺ-ն ընդունել է, կատարումն էլ դրված է մարզպետարանների վրա:

Սահմանամերձ գյուղերում բնակչությանը տեղերում պահելու խնդիր կա

Վերը նշված հիմնահարցերը վկայում են, որ Վարդենիսի տարածքի սահմանամերձ գյուղերի բնակչության վիճակն այսօր ծանր է, մարդկանց տեղերում պահելու խնդիր ունենք. ոչ միայն նրանց սոցիալական վիճակի հարցն է հրատապ, այլեւ հարակից տնտեսական հարցեր կան լուծելիք: Թեկուզ հենց այն, որ, օրինակ, Վարդենիսի սահմանամերձ տարածքը լեռնային գոտի է, եւ ոչ թե Արարատյան դաշտավայր, մայրուղիներից կտրված, տարին հազիվ մեկ անգամ է բերք ստացվում, այն էլ՝ եղանակից կախված:

Բերքն էլ մարդիկ չեն կարողանում հանել շուկա, որ մի հոգս հոգան, օգտվում են ճարպիկ մարդիկ, ովքեր ինքնարժեքից էլ ցածր գներով վերցնում են գյուղացու բերքը, բերում Երեւան, եւ գյուղացին իր ստացած արդյունքի դիմաց ոչինչ չի վաստակում:

Այդ պատճառով շատ դեպքերում գյուղացին հրաժարվում է հողը մշակելուց, որովհետեւ եթե պիտի կարտոֆիլ մշակի, եւ դա նրա վրա նստի 500 դրամ, կգա շուկա եւ ամենաթանկը 200 դրամով կգնի, ինչու՞ տանջվի: Այստեղ հարցն այնքան պետության հնարավորություններին չի վերաբերում, որքան այն խնդրին, որ մեր սահմանամերձ գյուղերը երկրի անվտանգությունն են. հիմնախնդրի լուծումը պետք է գտնել:

Միջազգային արժութային միջոցները մտնում են Հայաստան եւ հիմնականում մնում են Երեւանում, մեր աչքի առաջ շինարարություն է գնում, օբյեկտներ են կառուցվում, ճանապարհները' բարելավվում, բայց չէ՞ որ սահմանամերձ համայնքներում էլ պետք է ֆինանսներ ներդնել: Ռիսկայնությունը բարձր է, հասկանալի է, բանկերն այդ պատճառով երկարաժամկետ վարկեր չեն տրամադրում գյուղացուն, բայց լուծում պետք է գտնել: Գուցե վարկերի ռիսկայնության մի մասը առանձին դեպքերում պետությունը պետք է վերցնի՞ իր վրա: Օրինակ՝ գրավի խնդիրը. գյուղացու հողը վարկի դիմաց գրավ չեն վերցնում, անշարժ գույք պետք է լինի, այն էլ՝ Երեւան քաղաքում: Բանկը չի ուզում այդ հողը, որովհետեւ իրեն անցնելու դեպքում էլի մեծ ներդրում պետք է անի, ուստի ձեռնտու չէ: Բայց մի բան պետք է մտածել այս ուղղությամբ:

Վարդենիսի տարածքի սահմանամերձ գյուղերին վերաբերող համալիր ծրագրի կատարմանը դեռ կանդրադառնանք' գործադիրի համապատասխան օղակներին դիմելով: Ազգային ժողովում անցած շաբաթ 27 համայնքների նամակն ու համայնքապետերի առաջարկները մի անգամ եւս քննարկելով ուղարկել են կառավարություն' պատասխանի ակնկալիքով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter