HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

ԲՀԿ-ի ու ԼՀԿ-ի առաջարկները՝ մարտական հերթապահության և զորացրվածների առողջական փորձաքննության վերաբերյալ

ԱԺ ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» ու «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններով են հանդես եկել: Երկու խմբակցությունների ներկայացրած առաջարկներն արդեն շրջանառության մեջ են դրվել խորհրդարանի կայքում:

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունն առաջարկում է օրենքով ամրագրել, որ պարտադիր զինվորական ծառայության ժամկետը լրանալու հիմքով զինվորական ծառայությունից արձակված շարքային և սպայական կազմերի պարտադիր զինծառայողներն անցնում են առողջական վիճակի համալիր հետազոտություն և բժշկական փորձաքննություն զինվորական ծառայությունից արձակվելուց անմիջապես հետո, սակայն ոչ ուշ, քան արձակվելուց մեկ օրացուցային ամսվա ընթացքում: Եթե պարզվի, որ զինծառայության ընթացքում զինծառայողի մոտ առողջական խնդիրներ են առաջացել, ապա պետությունը պարտավոր է հոգալ այդ ծախսերը:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջարկությունն էլ վերաբերում է առաջնագծում զինծառայություն անցնելու պայմանների փոփոխությանը՝ ամրագրելով, որ մարտական հերթապահության մեջ կարող է ընդգրկվել միայն այն զինծառայողը, որի պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու մեկ տարին չի լրացել:

«Լուսավոր Հայաստան»-ի նախաձեռնությունը

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր, նախագծի համահեղինակ Տարոն Սիմոնյանն ասում է՝ ֆինանսական հաշվարկներ չի կատարել, չունի նման ռեսուրսներ, որպեսզի հասկանա, թե օրենքի փոփոխությունն ինչպես կարող է ազդել բյուջեի վրա, սակայն պնդում է՝ նախագծի նկատմամբ չի կարող բացասական եզրակացություն լինել միայն այն պատճառով, որ պետությունը ֆինանսական ծախսեր է կրելու:

«Ես զինծառայողների ապահովագրության հիմնադրամի օրենքում ևս փոփոխություններ եմ առաջարկել՝ նախատեսելով, որ գումարը կարելի է էնտեղից փոխանցել: Եթե գումարը բավարար չէ, նոր` բյուջեից հատկացումներ անել, այսինքն` փորձել եմ մեղմել հնարավոր ֆինանսական ծախսերը, բայց, կարծում եմ, ինչ ծախսերի մասին էլ խոսք գնա, այն առաջնային կարևորության հարց է, և մենք չենք  կարող բացասական վերաբերվել այս նախաձեռնությանը միայն այն փաստով, որ պետությունը որոշակի ֆինանսական ծախսեր պետք է կրի: Բնականաբար, այդ ծախսերը կլինեն, բայց եթե անձը պետության համար ծառայություն է մատուցում և այդ ընթացքում որոշակի առողջական խնդիրներ է ձեռք բերում, ապա պետք չէ անտեսել այն կարևոր օղակը, որի ժամանակ կբացահայտվի, որ հենց ծառայության ժամանակ են առաջացել նման խնդիրները, և փոխհատուցումն անհրաժեշտ է»,- ասաց նա:

Պատգամավորը օրինակ է բերում մասնավոր իրավահարաբերությունները. ցանկացած աշխատանքային պրոցեսում, եթե ի հայտ են գալիս առողջական խնդիրներ, գործատուն պարտավորվում է այդ վնասներերը փոխհատուցել:

«Նույնը տարածենք ծառայության հետ կապված հարաբերությունների վրա, եթե, իհարկե, այն անձի դիտավորության արդյունք չէ կամ օրինազանցության, այլ ծառայության ընթացքում կամ պատճառով է առաջացել առողջության վատթարացում, ապա պետությունն ինչպես վերցրել է քաղաքացիական կյանքից զինվորական կյանք, պետք է նույն կերպ բժշկական փորձաքննություն անցկացնելուց հետո բացահայտի` ինչ առողջական վնասներ են եղել, վերականգնի այդ վնասները և նոր վերադարձնի քաղաքացիական կյանք»,- ասում է Սիմոնյանը:

Պատգամավորը պնդում է, որ նման խնդիրների շատ է առնչվել, քանի որ 2013 թվականից զինվորական ոլորտի փորձագետ է, ունի այդ հարցում մասնագիտացած ՀԿ, որն անվճար խորհրդատվություն է մատուցում զինծառայողներին և նրանց ընտանիքի անդամներին:

«Վեց ամսվա կտրվածքով վիճակագրություն ունեինք, որի համաձայն` 500 քաղաքացիների 60 տոկոսը բողոքում էր, որ զինծառայության ընթացքում ձեռք են բերել խնդիրներ, կամ մինչ ծառայությունն ըստ արժանվույն չեն բացահայտվել իրենց առողջական խնդիրները և վատթարացել են ծառայության ընթացքում. առկա իրավիճակում զինծառայողների կեսից ավելի նման խնդիր ունի»,- ասաց նա:

Պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը մեզ հետ զրույցում ասաց, որ ԼՀԿ-ի առաջարկները ստացել են, այժմ նախարարությունում քննարկում են, որից հետո կարծիք կհայտնեն:

«Մենք վերլուծում ենք նախևառաջ ֆինանսական գնահատականներ, ուզում ենք գնահատականները հասկանալ, քանի որ այն ենթադրում է նաև բյուջեի մեջ փոփոխություններ՝ ռազմաբժշկական ծառայության կամ առողջապահության նախարարության բյուջեում, հիմա ուսումնասիրման փուլում է նախագիծը»,- ասաց փոխնախարարը՝ ընդգծելով, որ հումանիստական մոտեցումներով միանշանակ դրական է նման նախագծի նկատմամբ վերաբերմունքը, սակայն պետք է ուսումնասիրել ֆինանսական գնահատականները, որպեսզի հասկանալի լինի` պետությունը կարո՞ղ է խնդիրը լուծել հատկացված միջոցների շրջանակում, թե ոչ:

«Բարգավաճ Հայաստանի» նախագիծը

ԲՀԿ պատգամավոր, նախագծի համահեղինակ Նաիրա Զոհրաբյանը պնդում է՝ ռազմական փորձագետ պետք չէ լինել հասկանալու համար, որ «18 տարեկան երեխային առաջնագիծ տանելը ռիսկ է»:

«Երբ տեսնում ենք զոհերի թիվը՝ հատկապես առաջնագծում, հատուկ ռազմական փորձագետ պետք չէ լինել` հասկանալու համար, որ անպատրաստ, 18 տարեկան երեխան, ով չի տիրապետում զինվորական ծառայության շատ նրբությունների, նրան կանգնեցնել առաջնագծում` մեծագույն ռիսկ է, ուստի մենք առաջարկում ենք, որ առնվազն մեկ տարի շատ ավելի հանգամանալից պատրաստվի, նոր ուղարկեն դիրքեր»,- ասում է Նաիրա Զոհրաբյանը:

Զոհրաբյանի խոսքով՝ իրենք առաջարկում են նաև, որ առաջնագիծը պահեն պայմանագրային  զինծառայողները:

«Այստեղ կարող է առաջանալ երկրորդ խնդիրը. պայմանագրային զինծառայողները պատրա՞ստ են ամիսը 120-140 հազար դրամով առաջնագիծ պահել, սա խնդիր է, մենք պատրաստվում ենք առաջիկայում մեր խմբակցություն հրավիրել պաշտպանության նախարարին՝ մի շարք խնդիրների հետ կապված փակ հանդիպման»,- ասաց նա:

Պատգամավորի խոսքով՝ նախագծի վրա աշխատած փորձագետները զրուցել են ռազմական ոլորտի ներկայացուցիչների հետ:

«Նրանք իրենց հաշվարկներով ընդգծում են, որ այսօր ունենք այնքան պայմանագրային զինծառայող, ու եթե նրանց աշխատավարձը փոքր-ինչ բարձրացվի, կարող են նախագծում դրված գաղափարախոսությունն ու խնդիրը լուծել»,- ասում է Զոհրաբյանը:

Պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը նախագծին ծանոթ չէ, չգիտի ինչ հիմնավորումներ են ներկայացվել, սակայն հիշեցնում է, որ զորակոչվելուց հետո ուսումնական փուլ կա, որը մոտ 6 ամիս է տևում, և միայն դրանից հետո են շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայողներն ընդգրկվում մարտական հերթապահության մեջ:

«Ես չեմ կարծում, որ այդ կարգը մշակողները հաշվի չեն առել նաև այլ տարբերակներ, եթե միջազգային փորձը նայենք, շատ բանակներ կան, որտեղ զինծառայությունը մեկ տարի 6 ամիս է, բայց սովորաբար այդ բանակները այնպիսի մարտական խնդիր չեն կատարում, որը կատարում են ՀՀ-ի և Արցախի ԶՈՒ-երը: Ընդհանրապես առաջին հերթին պետք է ուսումնասիրել հիմնավորումները. ես չգիտեմ ռազմական գործի մասնագետներ ներգրավվել են թե ոչ, բայց Սահմանադրության համաձայն՝ մենք պարտավոր ենք այդ առաջարկությունը քննարկել և համապատասխան եզրակացություն տալ»,- ասում է փոխնախարարը:

Փոխնախարար Բալայանն ասում է, որ մեկ նախաձեռնություն ցուցաբերելը կարող է որոշակի առումով ռիսկային լինել. «Որովհետև մի ամբողջ համակարգի հետ գործ ունենք, զինվորական ծառայության մասին օրենքում կան որոշակի հենասյուներ, որոնք փոխկապակցված են, մի մասը փոխելով` այն որոշակի ազդեցություն է ունենում նաև մնացած այլ հոդվածների և ծառայության կազմակերպման մնացած այլ իրավահարաբերությունների վրա, դրա համար նախագիծը երբ ստանանք, կքննարկենք ու կարծիք կհայտնենք»:

Տեղեկացնենք, որ 2 խմբակցությունների նախաձեռնություններն էլ դեռևս չեն ստացել կառավարության եզրակացությունը, հետևաբար նաև՝ ԱԺ գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter