HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դատարանում զուգահեռ աշխարհները խաչվում են

Մհեր Ենոքյան

«Հետք»-ի թղթակիցը Նուբարաշեն բանտից

Ֆիզիկական ազատության մեջ իրար սիրող զույգերը միշտ էլ կարող են գրկախառնվել, իսկ երբ ապրում եք զուգահեռ աշխարհներում… դատարանում զուգահեռ աշխարհների խաչվելու հնարավորություն կա… կնոջս հանդիպում եմ դատարանում՝ ակնթարթի մեջ մի հավերժություն է կա, որտեղ մեր սրտերը կողք-կողքի են:

Գարնան հետ երևանյան շրջագայություններ սկսեցի: Արդեն երկու անգամ Շենգավիթի դատարանում եմ լինում, և դեռ շարունակվելու են նիստերը: Երբ վերջին անգամ մտա դատական նիստերի դահլիճ, բազմաթիվ ծանոթ և անծանոթ բարեկամներ դիմավորեցին ինձ: Ափսոս, որ չեմ կարող ամեն մեկիդ առանձին մոտենալ և շնորհակալությունս հայտնել: Իմացա, որ այս անգամ այցելել էին նաև իրավաբան և լրագրող ուսանողներ, ու սա առավել քան ողջունելի է: ԱՄՆ-ում ուսանողները նույնիսկ զբաղվում են իրենց անմեղության մասին պնդող ցմահ ազատազրկվածների քրեական գործեր` ուսումնասիրում և դատարան դիմելու հիմքեր գտնում, օգնում մարդկանց վերադառնալ ազատություն: Պատկերացրեք` կարդացել եմ անգամ այնպիսի դեպքերի մասին, երբ հենց ուսանողների ջանքերով կայացվել են արդարացման դատավճիռներ:

Դատական նիստից առաջ և հետո ոստիկանների հետ ենք զրուցում, նրանցից շատերի հետ արդեն վաղեմի ծանոթներ ենք: Այս անգամ երկու կին կային, նրանցից մեկի հետ գրեթե հասակակիցներ ենք, և պարզվեց, որ հանդիպել ենք դեռ անցած դարի 96 թվականին` այն ժամանակվա Գերագույն դատարանի շենքում: Հետաքրքիր բաներ իմացա կանանց գաղութի մասին, նաև ինձ էին հարցնում 90-ականների և ներկայիս բանտի մասին:

Վերադարձի ճանապարհին մեքենայի մեջ երեքով էինք`«Սասնա Ծռերի» գործով ռեժիմի դեմ ապստամբած տղաների հետ: Նրանք մի խցիկում էին, ես՝ կողքի: Նրանց ոստիկանական մեքենաների մի ամբողջ շքախումբ է ուղեկցում` ազդանշանները միացրած.

  • Տեսնում եք`ինչ պատվով են ձեզ ուղեկցում… պի՛նդ եղեք, ազատության մեջ միասին բաժակ ենք բարձրացնելու:

Տղաներն էլ ոգևորված`ինձ ողջունեցին և ազատություն ցանկացան:

Ապրում ենք Նոր Հայաստանում: Դանդաղ, դժվարություններով, բայց, այնուամենայնիվ, իրավիճակ է փոխվում: Անկախ նրանից, որ դեռ բանտում եմ, որ մարդասիրական մոտեցումը խափանեցին ռեժիմին աջակցող տարրերը, ես ուզում եմ հավատալ, որ տեղի է ունեցել հեղափոխություն, այլ ոչ թե պարզապես իշխանափոխություն: Ուզում եմ հավատալ, որ վերջապես թե՛ արդար դատաքննությունը, թե՛ մյուս իրավունքները կկիրառվեն ոչ ընտրողաբար` միայն ընտրյալների հանդեպ`կախված գրպանի պարունակությունից ու կապերից, այլ օրենքի առաջ բոլոը կլինեն հավասար. հարուստները փողով չեն գնի ազատությունը, իսկ աղքատները բանտերում հավերժ չեն մնա` հարուստ տուժողների քմահաճ պատվերով:  

Կարծում եմ` լսած կլինեք կիսով չափ ջրով լցված բաժակի սկզբունքով մարդու օպտիմիստ կամ պեսիմիստ լինելը որոշելու մեթոդի մասին: Պեսիմիստը դժգոհում է, որ կիսով չափ ջուր չկա, իսկ օպտիմիստը ուշադրություն է դարձնում, որ կիսով չափ բաժակը ջրով դեռ լի է: Ես լավատես եմ յուրաքանչյուր պարագայում: Իմ լավատեսությունն է, որ անկախ բազմաթիվ դատական մերժումներից՝ ինձ միշտ օգնել է չհուսահատվել, չնահանջել, այլ համառորեն առաջ գնալ:

Արդեն նոր դիմում ենք ներկայացրել մեր ընտանիքի դեմ մի շարք հանցագործություններ կատարած անձին պատասխանատվության ենթարկելու համար: Այստեղ մենք ենք տուժող կողմը, բայց քանի որ էլիտար տուժողներ չենք, ստիպված ենք իրավապահ մարմիններից համառորեն պահանջել օրենքի կիրառում և մեր իրավունքների իրացում:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter