
Սրիկա լինելն անձնական որոշում է
Իրավունք ունե՞ր 2008-ի մարտի 1-ի իրադարձություններից հետո ՀՀ քաղաքացի Մուշեղ Սաղաթելյանը դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ ոստիկանության՝ իր հանդեպ դաժան վերաբերմունքի և ազատության իրավունքի ոտնահարման համար: Իհարկե: Նրա դիմումի հիման վրա ՄԻԵԴ-ը վճիռ է կայացրել՝ պարտավորեցնել Հայաստանի Հանրապետությանը՝ Սաղաթելյանի խախտված իրավունքների համար՝ որպես արդարացի հատուցում, վճարել 20 600 եվրո գումար։ Օրեր առաջ՝ մարտի 7-ին, Կառավարությունը 20 600 եվրո հատկացրեց մարտի 1-ի գործով դատապարտված Մուշեղ Սաղաթելյանին վճարելու համար։
Իսկ ինչպե՞ս կվարվեր կալանավորվածների հետ Մուշեղ Սաղաթելյանը, եթե 2008 թ.-ի մարտի 1-ին ի՜նքը լիներ կալանավայրերի վարչության պետը:
Սաղաթելյանը կալանավայրերի վարչության պետ էր 1996-ին: Նույն թվականին տեղի ունեցած նախագահական ընտրությունների արդյունքները, ինչպես և 2008-ին, ընդդիմությունը համարում էր կեղծված: 1996-ի սեպտեմբերի 25-ին, ինչպես 2008-ին մարտի 1-ից հետո, ձերբակալվեցին ընդդիմության ներկայացուցիչները: Նրանց ծեծն ու խոշտանգումները ՆԳ նախարարության 6-րդ վարչությունում անձամբ կատարում ու համակարգում էր Մուշեղ Սաղաթելյանը:
Այսօր պետությունը պետք է Մուշեղ Սաղաթելյանին բյուջեից, որը ձևավորվում է նաև 1996-ին խոշտանգված մարդկանց հարկերից, 20 600 եվրո վճարի:
Գուցե հանգամանքնե՞րն են ստիպում մարդուն դահիճ լինել՝ մի համակարգում, զոհ՝ մեկ այլ համակարգում: Թե՞ դա մարդու անձնական ընտրությունն է:
Համակա՞րգն էր 2015 թ.-ին ստիպել ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին ցուցադրաբար հարվածել նախագահ Սերժ Սարգսյանի բարեհաճությունը ժամանակավորապես կորցրած ԲՀԿ առաջնորդին: Եվ համակա՞րգն է ստիպում նրան այսօր հանդես գալ՝ որպես սրտացավ քննադատ:
Ինչպե՞ս կարող է համակարգը պարտադրել մարդուն կամավոր, առանց աքսորի, մահվան սպառնալիքի, ցուցադրաբար ստորություն անել: Պատմության մեջ կմնա Աշոտյանի՝ 2015 թ.-ի փետրվարի 13-ի ելույթը՝ նվիրված մականունավոր Ծառուկյանին «պարոն Ծառուկյան» դարձնելուն:
Աշոտյանը և՞ս համակարգի զոհ էր, թե՞ այդպիսին լինելն իր նախընտրությունն էր:
Համակարգի զո՞հ էին Գագիկ Ծառուկյանը, Սամվել Ալեքսանյանը, Մհեր Սեդրակյանը, Գագիկ Բեգլարյանը, Սուրիկ Խաչատրյանը, մյուս օլիգարխներն ու պաշտոնյաները, որոնց անունները հիշատակված են Մարտի 1-ի փաստահավաք խմբի հրապարակած փաստաթղթում: Ըստ այդմ՝ մարտի 1-ի նախօրեին Պաշտպանության նախարարության իրային պահեստից նրանք զինվորական համազգեստներ էին ստացել, որոնք բաժանվել են իրենց թիկնապահներին:
Հրապարակված տեղեկության համաձայն՝ այդ զորամասից մոտ 350 միավոր զինվորական համազգեստ ստացել է Գագիկ Ծառուկյանը:
Արդեն 2019-ի մարտի 1-ին լրագրողը Գագիկ Ծառուկյանին հիշեցրեց, որ իր գլխավորած ուժը ՀՅԴ-ի և «Օրինաց երկրի» հետ, մարտի 1-ի ոճրագործությունից հետո կոալիցիա էր կազմել Սերժ Սարգսյանի իշխանության հետ և հետաքրքրվեց՝ արդյո՞ք Մարտի 1-ի համար պատասխանատվություն զգում է: «Բայց ի՞նչ պատասխանատվություն․․․ Մեր ձեռն ի՞նչ կար, որ մենք զգանք»:
«Մեր ձեռքն ի՞նչ կար». սա բանալի միտքն է, որ նշանակում է՝ ի՞նչ կարող է անել մարդը, երբ համակարգը ստիպում է լինել հանցագործ՝ մարդասպան, ընտրակեղծարար, կաշառակեր, սադիստ, սրիկա…
Այսօր, արդեն նոր Հայաստանում, նախորդ համակարգերի ժամանակ Քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով անցնող պաշտոնյաներ դարձյալ պահանջարկ ունեն: Դիցուք՝ ընտրակեղծարարության հիմնադիրներից մեկը՝ Գագիկ Ջհանգիրյանը, «հանցագործ և կրիմինալ» ( վարչապետ Նիկոլ Փաշինյանի գնահատականն է) Հունան Պողոսյանը, Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ սպանված Ավետիք Բուդաղյանի սպանությունը կոծկած նախկին զինդատախազ Գևորգ Կոստանյանը, էլի շատերը…
Այս մարդիկ նախորդ համակարգում եղել են հանցագործության գործիքներ: Հնարավո՞ր է , որ նոր համակարգում նրանք լինեն ազնիվ պաշտոնյաներ:
Երբ ասվում է, թե համակարգն էր մեղավոր, այս մարդիկ անզոր էին համակարգի առաջ, անհիմն փաստարկ է: Դա անզորություն չէր, այլ սթափ հաշվարկ: Եթե նրանք ընդդիմանային հանցագործության մասը դառնալուն, նրանց ոչ ոք, ինչպես 37 թվին, հոգեբուժարան, աքսոր կամ գնդակահարության չէր ուղարկելու:
Կա կարևոր մի հանգամանք:
Այդ հանգամանքն ունի անուն՝ ՄԱՐԴ՝ առանց որի չեն ձևավորվում համակարգերը: Սրիկա լինել թե չլինելը յուրաքանչյուրի ընտրությունն է: Այս դեպքում չենք դիտարկում կտտանքների ենթարկվող մարդուն, որը ցավից, նվաստացումից պատրաստ է ամեն քայլի: Կան իրավիճակներ, երբ որևէ արտաքին հանգամանք մարդուն չի ստիպում սրիկա կամ դահիճ լինել, բայց այդպիսին լինելը նրա ներքին պահանջն է: Եվ մարդն ուղղակի շնորհակալ է Ժամանակին և համակարգին՝ իրեն նման հնարավորություն տալու համար:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել