
Ռոբերտ Քոչարյանը տուժող չի ճանաչվի ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսային գաղտնալսումների գործով
Վերաքննիչ քրեական դատարանը` նախագահությամբ դատավոր Մհեր Արղամանյանի, քիչ առաջ մերժեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանի բողոքն ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսային խոսակցությունների հրապարակման առթիվ հարուցված քրեական գործով Քոչարյանին տուժող չճանաչելու որոշման դեմ: ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի միջև հեռախոսային խոսակցությունները, հիշեցնենք, տեղի են ունեցել Քոչարյանին առաջին անգամ կալանավորելու օրը, և դրանում շոշափվում են նրա կալանքին առնչող հարցեր:
Հեռախոսային գաղտնալսված խոսակցությունների հրապարակումից հետո հարուցված քրեական գործի շրջանակներում Քոչարյանի պաշտպանական թիմը դիմել է վարույթն իրականացնող մարմնին՝ միջնորդելով Քոչարյանին տուժող ճանաչել, սակայն միջնորդությունը մերժվել է: Այս որոշումը բողոքարկվել է, եւ առաջին ատյանի դատարանը` նախագահությամբ դատավոր Արմեն Վարդապետյանի, նույնպես մերժել է բողոքը:
Այսպիսով, հարուցված քրեական գործի շրջանակներում այս պահի դրությամբ Քոչարյանը տուժող չի ճանաչվի:
Որոշման հրապարակումից հետո Հովհաննես Խուդոյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ դատարանի որոշումը կբողոքակվի Վճռաբեկ դատարան։
Լուսանկարում (ձախից)` ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը
Մեկնաբանել