HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախարարություններին փոխանցվել են 360 հրշեջների համար ձեռք բերված հակահրդեհային միջոցները

Բնապահպանության նախարարության ներքո իրականացվող «Հայաստանում կլիմայի փոփոխության ազդեցության մեղմումն անտառային և դաշտային հրդեհների կառավարման ներուժի զարգացման միջոցով» ծրագրի շրջանակներում, «Խոսրովի անտառ» պետական արգելոցում տեղի է ունեցել 360 հրշեջների համար ձեռք բերված հակահրդեհային գործիքների և սարքավորումների՝ Բնապահպանության և Արտակարգ իրավիճակների նախարարություններին փոխանցման արարողությունը:

1 մլն ԱՄՆ դոլարի դրամաշնորհային ծրագիրը ֆինանսավորում է Ռուսաստանի Դաշնությունը և իրականացնում ՄԱԶԾ-ի հայաստանյան գրասենյակը։ Այս մասին տեղեկացնում է բնապահպանության նախարարությունը։

Արարողությանը, ըստ հաղորդագրության, մասնակցել են Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը, Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը, Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը, ՄԱԶԾ ադմինիստրատորի տեղակալ, Եվրոպայի և ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Միրյանա Շպոլյարիչ Էգգերը, Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիասինը, ոլորտի փորձագետներ ու մասնագետներ։

Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը խորհրդանշական է համարել հանձնման արարողությունը կենսաբազմազանության առումով աշխարհի կարևոր վայրերից մեկում՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցում անցկացնելը։

Նախարարը ծրագրի իրականացման ընթացքն արդյունավետ է գնահատել, քանի որ ծրագրի թիմի և Բնապահպանության նախարարության տեսլականները համընկել են, այն է՝ Հայաստանը պետք է ունենա անտառային և դաշտային հրդեհների կառավարման ժամանակակից-նորարարական ծրագրերի օգտագործմամբ, ուժեղ, առցանց համակարգ։ Էրիկ Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել ՌԴ-ին և ՄԱԶԾ-ի գործընկերներին՝ ծրագիրն արդյունավետ իրականացնելու համար։

Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը կարևորել է Հայաստանի բարդ ռելիեֆի պայմաններում արդյուանվետ հակահրդեհային և կանխարգելիչ միջոցների ձեռքբերումը և համոզմունք հայտնել, որ Բնապահպանության նախարարության հետ համագործակցությունն արդյունավետ կլինի։

ՌԴ դեսպանն առաջնային է համարել այս ոլորտում Հայաստանի կառավարության կողմից տարվող քաղաքականությանը աջակցություն ցուցաբերելը և նկատել, որ ՌԴ-ի տրամադրած օժանդակությունը հարաբերականորեն ոչ մեծ, բայց կարևոր բաղադրիչ է երկու երկրների ռացմավարական հարաբերությունների մեջ և այն  շարունակական բնույթ է կրելու։

Դմիտրի Մարիասինն այս ծրագիրը Բնապահպանության, Արտակարգ իրավիճակների, ՌԴ-ի և ՄԱԶԾ-ի արդյունավետ համագործակցության օրինակ է որակել, որի հիմնական նպատակը կլիմայի փոփոխության բացասական հետևանքների մեղմումն է։

Միջոցառման ընթացքում Բնապահպանության, ԱԻՆ նախարարները և ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիասինը ստորագրել են գույքի հանձնման-ընդունման փաստաթղթերը։

Ծրագրի նպատակն է մեղմել կլիմայի փոփոխության պայմաններում անտառային և դաշտային հրդեհների ռիսկերը՝ տեխնիկական ներուժի զարգացման միջոցով հզորացնել վաղ նախազգուշացման և մշտադիտարկման համակարգերը, հսկողության, կանխարգելման և հրդեհների մարման ժամանակ հստակեցնել համապատասխան կառույցների դերը և պարտականությունները։ Ծրագրի շրջանակներում կաջակցվեն և կխրախուսվեն անտառային և դաշտային հրդեհների մեղմմանն ու կանխմանն ուղղված այլընտրնաքային ձեռներեցությունը և նորարարական մոտեցումները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter