
Դատախազի միջնորդագրի հիման վրա դպրոցների տնօրեններն աշխատանքից ազատվելու դիմում են գրել
Արմավիրի մարզի Այգեվանի և Լենուղու միջնակարգ դպրոցների տնօրեններն ազատվել են զբաղեցրած պաշտոններից: Այս մասին տեղեկացնում են Արմավիրի մարզպետարանից: Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից «Հետք»-ին փոխանցեցին, որ Լենուղու դպրոցում կատարված յուրացման փաստով հարուցվել էր քրեական գործ 179 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի հատկանիշներով (պաշտոնեական դիրքն օգտագործելով խոշոր չափերով յուրացում): Տնօրենը ընդունել է մեղքը, խափանման միջոց էր ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Դպրոցի տնօրենն ամբողջությամբ վերականգնել է պետությանը պատճառված վնասը, որը 2014-2018 թթ-ի ընթացքում կազմել է 2 մլն 549 հազ. 741 դրամ: Գործը կարճվել է:
Այգեվանի դպրոցի տնօրենին մեղադրանք է առաջադրվել դարձյալ նույն հոդվածի հատկանիշներով՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով խոշոր չափերով յուրացում: Այս դեպքում վնասը կազմել է 1 մլն 590 հազ. դրամ: Քրեական հետապնդումը դադարեցվել է, քանի որ վնասն ամբողջությամբ վերականգնել է: Գործը կարճվել է:
Դատախազի միջնորդության հիման վրա դպրոցի տնօրենների պաշտոնավարումը դադարեցվել է: Տեղի ունեցած քննարկումների արդյունքում վերը նշված դպրոցների տնօրենները զբաղեցրած պաշտոնից ազատվելու վերաբերյալ դիմում են ներկայացրել մարզպետ Համբարձում Մաթևոսյանին, և վերջինիս համապատասխան որոշումներով՝ ազատվել զբաղեցրած պաշտոններից:
Ըստ մեղադրանքի, վերը նշված դպրոցների տնօրենները իրենց պաշտոնավարման ընթացքում, որպես աշխատող մարդիկ են ընդունել, վերջիններս չեն հաճախել աշխատանքի, և գումարները ստացել են իրենք:
Մեկնաբանել