
Ճանապարհներ՝ «տրակտորների ու ձիերի համար» (տեսանյութ)
Արմավիրի մարզի Զարթոնք գյուղի ճանապարհները գնալով դառնում են անանցանելի: Գյուղ դժվար են մտնում նաև շտապօգնության ավտոմեքենաները, իսկ տաքսու վարորդներն առհասարակ խուսափում են: Նույնն է և՛ միջհամայնքային, և՛ ներհամայնքային ճանապարհների վիճակը: Մոտ 10 տարի գյուղացիները նույն հարցը բարձրացնում են, բայց ապարդյուն:
«Գյուղ մտնող և հարևան գյուղեր տանող ճանապարհները մարզային նշանակության են, ես իրավունք չունեմ ֆինանսական միջոցներ ծախսել: Բազմիցս դիմել եմ իշխանություններին՝ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին ուղղված գրությունն ունեմ, Հովիկ Աբրահամյանինն ունեմ, Կարեն Կարապետյանինն ունեմ, մեր հարգարժան Նիկոլ Փաշինյանին ուղղված երկու գրություններն ունեմ: Պատասխանը ստացել եմ տրանսպորտի նախարարությունից, որ ֆինանսական միջոցներ լինելու դեպքում, ճանապարհի հարցը կլուծվի»,- ասում է համայնքապետ Պարույր Սարգսյանը:
Ճանապարհի փոսերն այնքան շատ են, որ ավտոմեքենաների վարորդները ստիպված «ոլորապտույտներով» են վարում՝ հնարավորինս խուսափելով մեծ փոսերից: Դժվար է հատկապես ամռան ամիսներին: Այդ ճանապարհով հնարավոր չէ գյուղատնտեսական մթերքները հասցնել շուկա:
Պ. Սարգսյանի ասելով՝ համայնքի բյուջեի միջոցներով նախորդ տարվա դեկտեմբերին կազմվել է նախահաշիվ, որից մեկական օրինակ ուղարկվել է կառավարություն և մարզպետարան: Ըստ համայնքապետի՝ մոտ 10 կմ ճանապարհի վերանորոգման համար անհրաժեշտ է մոտ 1 մլրդ 170 մլն դրամ:
Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը «Հետք»-ին փոխանցեց, որ Զարթոնք և Արտաշար համայնքներ տանող մարզային նշանակության անբարեկարգ ճանապարհների հիմնանորոգման համար Արտաշարի և Զարթոնքի համայնքապետարանների միջոցներով 2018թ. պատվիրվել և ձեռք են բերվել ճանապարհի հիմնանորոգման նախագծա-նախահաշվային փաստաթղթեր:
«Պետական բյուջեի միջոցների հաշվին կվերանորոգվի ճանապարհի 2,1 կմ հատվածը»,- ասում է մարզպետ Համբարձումյանը:
Զարթոնքցի Կարենը կատակով նշեց, որ գյուղի ճանապարհները նախատեսված են միայն տրակտորների և ձիերի համար, թեթև մարդատար ավտոմեքենաները կարող են մնալ կես ճանապարհին: Ասում է՝ ինքն էլ «սովետական» ավտոմեքենայով է երթևեկում, որ եթե ավտոմասերը ճանապարհին կոտրվեն, մեքենան թողնի ճանապարհին ու տուն գնա, սրտին դարդ չլինի:
Մեկնաբանել