HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԿԳ նախարարն ընդունել է ԱՄՆ դեսպանին

Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին: Նախարարությունը հայտնում է, որ հանդիպմանը ներկա էր նաև ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) երևանյան գրասենյակի ղեկավար Դեբորա Գրիզերը:

Շնորհավորելով դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ ԿԳ նախարարը նշել է. «Վստահ եմ, որ երկու երկրների գործընկերային հարաբերություններն ամրապնդելու և զարգացնելու համար՝ հատկապես կրթության համակարգում առկա է մեծ ներուժ»: Ընդգծելով, որ կրթությունը Հայաստանի կառավարության գերակա ուղղություններից է՝ նախարարը դեսպանին է ներկայացրել կառավարության ծրագրով սահմանված կրթության ոլորտի առաջնահերթությունների ու բարեփոխումների օրակարգը, որն ընդգրկում է հանրակրթությունից մինչև ՄԿՈՒ ոլորտ, բարձրագույն կրթությունից մինչև գիտության ոլորտ: Այս համատեքստում Արայիկ Հարությունյանը նշել է, որ ներկայում ջանքերը հիմնականում պետք է ուղղվեն հանրակրթության ծրագրերի, չափորոշիչների և ռազմավարության մշակման, ինչպես նաև ուսուցիչների վերապատրաստման համակարգի բարելավման ուղղությամբ: ԿԳ նախարարը կարևորել է նաև ՄԿՈՒ-աշխատաշուկա կապի ամրապնդման ուղղությամբ իրականացվող ծրագրերը, առաջիկայում հանրային քննարկման ներկայացվող «Բարձրագույն կրթության և գիտահետազոտական գործունեության մասին» օրենքի նախագծով նախատեսվող  բարեփոխումները: Անդրադառնալով, համընդհանուր ներառականության գործընթացին՝ նախարար Հարությունյանը կարևորել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) հետ փոխգործակցությունը՝ նշելով, որ ներկայում իրականացվող ծրագրի շնորհիվ Հայաստանի տարբեր մարզերի շուրջ 100 հանրակրթական դպրոց հարմարեցվում է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողներին:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին նշել է. «Ուրախ էի իմ  պաշտոնավարման մեկնարկին հանդիպել նախարար Արայիկ Հարությունյանին և քննության առնել մեր ամուր համագործակցությունը կրթական ոլորտում, մասնավորապես՝ անգլերենի խորացված ուսուցման, ներառական կրթության և ակադեմիական փոխանակման ծրագրերի շրջանակում»:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են անգլերեն լեզվի դասավանդմանը, անգլերենի ուսուցիչների վերապատրաստմանը, դպրոցների սեյսմակայունության ապահովմանը և հայ-ամերիկյան համագործակցության զարգացմանը վերաբերվող մի շարք այլ հարցերի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter