HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանի մոտոցիկլիստները ճանապարհ են ելնում

Երևան, Հայաստան։ Մայիսի վերջին մոտեցող սովորական շաբաթ օր է, կեսօր, և ցուրտ, գրեթե ավերիչ ձմռանից հետո Հայաստանը կրկին սկսել է կենդանանալ։ Պետական պաշտոնյաները, նրանց գործընկերներն ու հարազատները արդեն բացել են բազմաթիվ սրճարաններ' ոչնչացնելով Երևանի կանաչ տարածքներն ու այգիները, և եղանակի տաքանալու հետ մեկտեղ շրջազգեստների փեշերն արդեն սկսել են կարճանալ։ Շուտով քաղաքը ողողված կլինի վերջին «նորաձևության» թելադրած գույներով։

Ոտքից գլուխ սև կաշի հագած մեկ տասնյակ հայերը անսովոր են թվում մարդկանց, ովքեր երեկոյան զգեստներ և սրածայր կոշիկներ են կրում որպես ամենօրյա հագուստ։ Իհարկե, Հրազդանի կիրճ տանող ճանապարհին հավաքված կաշվե հագուստով տղամարդկանց խումբը սովորական հայեր չեն, ում ամեն օր հանդիպում ես։ Նրաց կողքին կանգնած մոտոցիկլետներրը դա են վկայում։

Շատերն իրենց բաճկոնների ետևի մասում կրում են Հայաստանի Հանրապետության զինանշանը, և «Հայ Րայդերս MC ակումբ» բառերը շրջանակում են իրենց երկրի գերբը։ Դար 21 հեռուստաընկերության նկարահանող խումբը նկարահանում է նրանց, երբ խմբվում են իրենց առաջնորդի՝ 47-ամյա Նորայր Մարտիրոսյանի շուրջ, որը շուտով կհայտնի օրվա ծրագրի մասին։ Ոչ միայն ձմեռն է անցել, այլև մոտոցիկլետային սեզոնի առաջին օրն է։

Նախապատրաստական զրույցից հետո, երբ նշվի երթուղին, տասներկու մոտոցիկլիստները կերթևեկեն քաղաքով, մինչ հայ գրերը ստեղծող Մեսրոպ Մաշտոցի ծննդավայր՝ Օշական մեկնելը, այնուհետև կուղեւորվեն դեպի նախկին առողջարանային քաղաք Արզնի։ Օդը լցվում է չորս տակտանի մոտոցիկլետների շարժիչների ձայնով։ Երբ նրանք անցնում են Երևանի կենտրոնական փողոցներով, մարդիկ շրջում են գլուխները, և որոշ հետիոտներ, հատկապես երեխաները, ժպտում են։ Դիտորդներց քչերն են զարմացած թվում ճանապարհով սլացող մոտոցիկլիստների տեսարանից։

«Հայ Րայդերսը» ԱՄՆ-ում յոթ տարի առաջ ամերիկահայ Պերճ Գասպարյանի հիմնած մոտոցիկլիստների MCC ակումբի տեղական մասնաճյուղն է։ Մարտիրոսյանն ասում է, որ «Հայ Րայդերսն» ԱՄՆ-ում ավելի քան 50 անդամ ունի, ավելի քան երկու տասնյակ անդամներ' Ֆրանսիայում և Սիրիայում։ Մեկ տարի առաջ Մարտիրոսյանը հիմնեց Հայաստան մասնաճյուղը, որն այժմ 15 անդամ ունի։

Մարտիրոսյանը մոտոցիկլետ է վարում ավելի քան 25 տարի և տիպիկ բայքերի նկարագիր ունի։ Մասնագիտությամբ ճարտարապետ Մարտիրոսյանն ասում է, որ իրավիճակը Հայաստանում բարելավվում է, բայց չի կարող համեմատվել խորհրդային ժամանակաշրջանի հետ, երբ խոսքը վերաբերում է մոտոցիկլետներին։ Չնայած թանկարժեք «Հոնդա» ընկերությունը Երևանի կենտրոնական Աբովյան փողոցի վրա մասնաճյուղ է բացել' նշանակետում ունենալով Հայաստանի «նոր փողը», այդուհանդերձ մոտոցիկլետները դեռևս հազվադեպ և ոչ սովորական տեսարան են նույնիսկ մայրաքաղաքում։

«Երբ խորհրդային տարիներին ամեն ինչ արգելված էր, հայերը, հատկապես երիտասարդությունը, ավելի համախմբված էր, և այն, ինչ արգելված էր, քաղցր էր թվում»,-ասում է նա իր ճերմակ, բայց տպավորիչ մորուքի տակից, երբ հարցնում եմ, թե ինչու են Հայաստանում մոտոցիկլետները սակավաթիվ։ «Սա նաև վերաբերում է Լիվայ ջինսին, Փինք Ֆլոյդի դիսկերին և երկար մազերի պես ամեն ինչին։ Մեկ այլ կեսակերպ ի հայտ եկավ, շատերը թեթևամիտ դարձան, և ամեն ինչ կորած էր։ Ես խորը ցավ եմ ապրում դրա պատճառով»։

«Անշուշտ,-բացատրում է Մարտիրոսյանը,-«Հայ Րայդերսի» առաջնորդող սկզբունքը հայրենասիրությունն է, այդ պատճառով էլ մոտոցիկլետային սեզոնի բացումը սկսվում է Մեսրոպ Մաշտոցի ծննդավայրից»։

«Տարեկան մենք յոթ կամ ութ հատուկ երթեր ենք անցկացնում,-ասում է նա:-Այս երթերի նպատակներից մեկն էլ հասարակության ուշադրությունը այդ վայրերի վրա սևեռելն է։ Մենք պարտավորված ենք զգում հարգանք մատուցել այնպիսի դեմքերին, ինչպիսիք են Սևակը, Նժդեհը, Մինասը և Կոմիտասը»։

«Հայ Րայդերս» MCC ակումբի ամերիկյան մասնաճյուղի հիմնադիր և նախագահ Պերճ Գասպարյանի նախաձեռնությամբ բայքերները խաղալիքներ տարան Վանաձորի մանկատուն։ Մարտիրոսյանն ասում է, որ Գասպարյանը դիմել է Միացյալ նահանգների բայքերների ակումբներին Հայաստանի հյուսիսային Լոռի մարզում գտնվող մանկատանը խաղալիքներ նվիրելու խնդրանքով։ Երևանի Ոստիկանության պետ Ներսես Նազարյանը նույնիսկ ոստիկանական ուղեկցություն է տրամադել Վանաձոր հասնելու համար և այլ հարցերում նույնպես աջակցել է։

«Երեխաները միջոցառում էին կազմակերպել մեր ժամանման առթիվ,- հիշում է Մարտիրոսյանը,-և երբ ես տեսա երեխաներին խաղալիքներ ստանալիս, աչքերումս արցունքներ հայտնվեցին։ Այս ամառ մենք պատրաստվում ենք մոտոցիկլետներով կրկին այցելել նրանց, քանի որ ձմռանը չկարողացանք։ Պերճն էլ նորից այստեղ կլինի իր ընկերների հետ, նա նաև պատրաստվում է դրամ նվիրել մանկատան շրջակայքում ապրող աղքատ ընտանիքներին։ Մեր մասնաճյուղի տեղացի անդամներն էլ ցանկանում են նույնն անել»։

Ինչևէ, հայերի մեծամասնությունը բայքերներին որակում է գրեթե նույն կերպ, ինպես աշխարհում ցանկացած տեղ։ Հաշվի առնելով վատ ճանապարհները, բենզինի ցածր որակը, պահեստամասերի բացակայությունը և քաոսային երթևեկությունը' զարմանալի է, որ Մարտիրոսյանն ընդհանրապես ակումբ ունի։ Նա ասում է, որ հազվադեպ կիրառվող արխայիկ օրենքը, որն արգելում է երեք կամ չորս մոտոցիկլետներ միասին վարելը, նույնիսկ կայանելը, ցույց է տալիս պաշտոնյաների դիրքորոշումը բայքերների նկատմամբ։

Ակումբի մոտոցիկլետների 50 տոկոսի ինքնաշեն կամ հարմարեցված լինելու պատճառով «Հայ Րայդերսը» դժվարություններ է ունենում մոտոցիկլետները գրանցելու հարցում։ Անդամներից երեքը՝ 36-ամյա Սամվել Կարապետյանը, նրա եղբայր Վահանը և նրանց ընկեր Տիգրան Հովսեփյանը, կառուցում են հարմարեցված մոտոցիկլետներ հին սովետական մոտոցիկլետներից, մեքենայի շարժիչներից այնպիսի բարձր մակարդակով, որ նրանց արևմտյան ընկերների բերանները բաց կմնան։

Մոտոցիկլետներն արժեն մոտավորապես 1500 դոլարից մինչև 2500 դոլար։

«Մենք օգտագործում ենք' ինչ ունենք,-բացատրում է Կարապետյանը Երևանից 20 րոպե հեռավորության վրա գտնվող Մարմարաշեն գյուղի իր տանը,-եթե մենք ունենայինք հնարավորություններ և պահեստամասեր, որոնք կան Հայաստանից դուրս, մենք կարող էինք արտադրել շատ ավելի բարձր որակի մոտոցիկլետներ, քան արտադրվում են դրսում՝ արևմուտքում։ Մենք չենք կարողանում պատվիրել այդ պահեստամասերն ու շարժիչները, որովհետև դրանք շատ թանկ են»։

Սակայն, ըստ Մարտիրոսյանի, Հայաստանում մոտոցիկլետի ապագայի առաջ ծառացած հիմնական խնդիրը երիտասարդ մոտոցիկլիստների բացակայությունն է։

Երևանի պատանի երիտասարդներից շատերը երազում են Մերսեդես կամ Համմեր ունենալ, մինչդեռ ակնառու է, որ բայքերի կենսակերպը չի կարող մրցել « նոր էլիտայի» հետ, որտեղ անհատականությունը կորել է՝ հետևելով նրան, ինչ շատերը անվանում են կոլեկտիվ, կույր ամբոխ։ Կարապետյանը, ինչևէ, հավատում է, որ իրավիճակը կամաց-կամաց փոխվում է։

«Անցյալում ծնողները թույլ չէին տալիս իրենց երեխաներին նույնիսկ նայել մոտոցիկլետին, իսկ այժմ նրանք դեմ չեն, եթե երեխան ուզում է մոտոցիկլետ գնել,-ասում է նա,-եթե տարիներ առաջ ծնողները արգելում էին իրենց երեխաներին մոտոցիկլետ վարել, այսօր նրանք միայն հորդորում են զգույշ լինել։ Կամաց-կամաց իրավիճակը փոխվում է, և մարդիկ հասկանում են, որ մոտոցիկլետը վատ բան չէ։ Անկախ նրանից' դու մոտոցիկլետ ես վարում, թե ավտոմեքենա, եթե զգույշ չես, ապա վթարի կենթարկվես»։

Արեգ Հարությունյանը «Հայ Րայդերսի» ամենանոր անդամն է, երևի նաև ներկայացնում է հայ երիտասարդության այն փոքր մասնիկը, որն ավելի քիչ է ընկել իր հասակակիցների ճնշման ազդեցության տակ և ավելի շատ առաջնորդվում է իր անձնական ճաշակով և նախընտրություններով։

«Երբ ես առաջին անգամ ուզում էի մոտոցիկլետ գնել, սպասեցի ամբողջ օրը, որ հայրիկիս ասեմ՝ մոտոցիկլետ եմ ուզում,-հիշում է 21-ամյա Հարությունյանը,-եթե նա մերժեր, պատրաստվում էի գնել իմ սեփական միջոցներով, անկախ ամեն ինչից, եթե նույնիսկ դա նշանակեր տնից հեռանալ»։

«Եվ երբ հայրս երեկոյան վերադարձավ, նա իսկապես լավ տրամադրության մեջ էր, ես ասացի նրան, որ մի խնդրանք ունեմ։ Նա պատասխանեց՝ ամեն ինչ, բացի մոտոցիկլետից»։

Երիտասարդ բայքերը ոչ մի կերպ չհամոզվեց, և հայրը, ի վերջո, որոշեց նրան ներկայացնել Նորայր Մարտիրոսյանին։ Դա երեք տարի առաջ էր, այդ ժամանակից ի վեր Հարությունյանը մոտոցիկլետ է վարում։ «Հայ Րայդերներին» հետաքրքում է վարելը և ոչ թե իրենց ցուցադրելը»,- ասում է նա' ավելացնելով, որ դա նաև հնարավորություն է լինել նման մտածելակերպ ունեցող մարդկանց խմբի մի մասը։ «Մոտոցիկլիստների մեջ մի բան կա, որ ինձ շատ է դուր գալիս, բայց հնարավոր չէ այն բառերով բացատրել,-ասում է նա:-Միգուցե դա ուղղակի ազատության զգացումն է»։

Այդ ընթացքում «Հայ Րայդերներն» արդեն պարզել էին, որ Աշտարակի մոտակայքում մի բաժակ սուրճ էլ հնարավոր չի գտնել, իսկ տեղացի երեխաների խումբը դիտում է, թե ինչպես են նրանք վարում իրենց երկաթե նժույգները' սլանալով ողողափոսերով ծածկված հայկական մայրուղիներով դեպի նախկին առողջարանային քաղաք Արզնի։ Մինչ նրանց շարժիչների ձայնը մարում է հեռվում, կասկած չկա, որ այդ երեխաներից մի քանիսը երևի ուզում էին միանալ նրանց։ Ժամանակը ցույց կտա, թե ինչպես կլինի։

Տեքստը և լուսանկարները՝ Օնիկ Գրիգորյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter