
Ն․ Փաշինյան. «Եթե որևէ պահի ծագի անհրաժեշտություն Սերժ Սարգսյանին, Ռոբերտ Քոչարյանին և Լևոն Տեր-Պետրոսյանին ինչ-որ բան հարցնել, որևէ բարդույթ չկա»
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արցախի հարցում, անհրաժեշտություն դեպքում, պատրաստ է խոսել ՀՀ երեք նախագահների հետ։
«Եթե որևէ պահի ծագի անհրաժեշտություն Սերժ Սարգսյանին, Ռոբերտ Քոչարյանին և Լևոն Տեր-Պետրոսյանին ինչ-որ բան հարցնել, որևէ բարդույթ չկա»,- մամուլի ասուլիսի ժամանակ այսպես արձագանքեց վարչապետ Փաշինյանը, հարցին, թե արդյոք պատրա՞ստ է անհրաժեշտության դեպքում Արցախյան հակամարտության հարցում հանդիպել ՀՀ նախկին նախագահների հետ։
«Ընդհանրապես իմանալը, տեղեկանալը, սովորելը ինձ համար համարում եմ ամենակարևոր հատկանիշները: Մինչև հիմա դրա անհրաժեշտությունն, անկեղծ ասած, չի ծագել: Վարչապետ ընտրվելուց հետո Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպում ենք խնդրել, և ինքը ներկայացրել է բանակցային գործընթացը: Եթե դրա արդյունքում անհրաժեշտություն ծագեր, որ Սերժ Սարգսյանին ինչ-որ բան հարցնեինք, բնականաբար, իրենից էլ կհարցնեինք: Կարող է վաղը ծագի տենց անհրաժեշտություն, կհարցնեմ, կարող է մյուս օրը 2004 թվականի հետ կապված անհրաժեշտություն ծագի՝ Ռոբերտ Քոչարյանին կհարցնեմ, կարող ա մյուս օրը ծագի անհրաժեշտություն Լիսաբոնի կամ Բուդապեշտի գագաթնաժողովի մասին՝ Տեր-Պետրոսյանին էլ կհարցնեմ: Կարող ա անհրաժշտություն ծագի բոլորին իրար հետ հավաքել և հարցնել: Այստեղ ոչ մի բարդություն չկա: Իհարկե չգիտեմ՝ նրանցից ով կցանկանա իմ հարցին պատասխանել, ով ոչ, բայց ես կհարցնեմ, եթե անհրաժեշտություն լինի»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Անդրադառնալով Ադրբեջանի նախագահի հետ ունեցած հանդիպումներին՝ Փաշինյանն ասաց, որ դրական է համարում այն երկխոսությունը, որ դեռ պիտի գա:
«Երբ միջազգային հանրությունն ասում է՝ հանրություններին պիտի պատրաստել խաղաղության, ո՞վ պիտի դա անի: Միջազգային հանրությունը նկատի է ունենում, որ Հայաստանի վարչապետը պետք է Հայաստանի հանրությանը խաղաղության պատրաստի, Ադրբեջանի նախագահը՝ Ադրբեջանի հանրությանը: Ես կարծում եմ, որ այդպես հնարավոր չէ: Ինչպես Ստեփանակերտում ասացի՝ ես կարծում եմ, որ ես պետք է մասնակցություն ունենամ Ադրբեջանի ժողովրդին խաղաղության նախապատրաստելու գործում և Ադրբեջանի ղեկավարն էլ պետք ա մասնակցություն ունենա հայ հանրությանը խաղաղության նախապատրաստելու դեպքում: Ինձ հետաքրքիր է՝ Ադրբեջանի նախագահը Հայաստանի և Ղարաբաղի հանրությանը որևէ ասելու բան ունի՞, որ ուղիղ կարող է նրանց հետ խոսել: Ես, օրինակ, շատ բան ունեմ Ադրբեջանի հանրությանն ասելու», - ասաց Փաշինյանը։
Մեկնաբանել