
ԱԳ նախարարը հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ներկայացուցչին
Մարտի 19-ին Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության արևելյան հարևանության հարցերով տնօրեն Լոուրենս Մերեդիթին: Այս մասին տեղեկացնում է ԱԳՆ-ն։
Զրուցակիցները, ըստ հաղորդագրության, անդրադարձել են ՀՀ վարչապետի՝ վերջերս ԵՄ կառույցներ կատարած այցի արդյունքներին և գոհունակությամբ արձանագրեցին, որ վերջին շրջանում տեղի ունեցած բարձրաստիճան շփումները և կայացած փոխայցելությունները վկայում են ՀՀ-ԵՄ գործընկերության բարձր մակարդակի մասին:
ՀՀ ԱԳ նախարարը կարևորել է ՀՀ կառավարության կողմից որդեգրված բարեփոխումների և զարգացման օրակարգի կյանքի կոչման գործընթացի շրջանակներում ԵՄ հետ հետևողականորեն զարգացող փոխգործակցությունն ու աջակցությունը, իսկ ԵՄ պաշտոնյան իր հերթին վերահաստատեց դրանց շարունակականության ապահովման պատրաստակամությունը։
Քննարկել են նաև ՀՀ-ԵՄ միջև ոլորտային համագործակցությանը, մասնավորապես՝ Հայաստանի թվային օրակարգի զարգացման հեռանկարները և այդ համատեքստում այս տարվա հոկտեմբերին Երևանում կայանալիք Տեղեկատվական տեխնոլոգիաների 23-րդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական աշխատանքները:
Զրուցակիցներն անդրադարձել են նաև ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման ճանապարհային քարտեզի նախագծին և դրա շուրջ կառավարություն-քաղաքացիական հասարակություն խորհրդակցությունների անցկացմանը։
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը և ԵՄ պաշտոյան նաև մտքեր են փոխանակել Արևելյան գործընկերության 10-ամյակի տոնակատարման ծրագրերի և այս հոբելյանի նշանավորման նպատակով Հայաստանի կողմից հյուրընկալվելիք միջոցառմանն առնչվող հարցերի շուրջ։
Մեկնաբանել