HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրանտ Գալստյան

Ավան վարչական շրջանը 2018թ.-ին 11.6 մլն դրամ է փոխանցել Տարոն Մարգարյանին առնչվող հիմնադրամին

2018թ-ին Երևանի Ավան վարչական շրջանը «Խութ» հիմնադրամին տրամադրել է 11 մլն 666 հազար դրամ: Այս մասին տեղեկանում ենք հիմնադրամի տարեկան հաշվետվությունից, որը հրապարակվել է օրեր առաջ:

«Խութ» հիմնադրամը կապվում է նախկին քաղաքապետ, Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամ Տարոն Մարգարյանի հետ: Այն ստեղծվել է 2005թ-ի հոկտեմբերին, երբ Մարգարյանը Ավան համայնքի ղեկավարն էր: Հիմնադրամի ստեղծումից հետո նա եղել է դրա հոգաբարձուների խորհրդի նախագահը: Այս տեղեկությունը դուրս է թողնվել քաղաքապետարանի պաշտոնական կայքի՝ նախկին քաղաքապետերի մասին պատմող էջում հրապարակված կենսագրականից, բայց առկա է Մարգարյանի կենսագրության հին տարբերակում և այլ պաշտոնական հրապարակումներում:

Ավան վարչական շրջանի ղեկավար Արա Դանիելյանը, պատասխանելով «Հետք»-ի հարցմանը, հայտնել է, որ 11.6 մլն դրամի փոխանցման նպատակը եղել է սոցիալապես անապահով անձանց աջակցությունը:

Վարչական շրջանի և հիմնադրամի միջև կնքված պայմանագրից պարզ է դառնում, որ այդ նպատակի համար նախատեսված է եղել ոչ թե 11.6, այլ 35 մլն դրամ: Սակայն ամբողջ գումարի փոխանցումը տեղի չի ունեցել, հավանաբար, հանրապետական իշխանության անկման պատճառով:

Հիմնադրամը գումարը պետք է ստանար 4 մասով, ամեն եռամսյակում՝ 8 մլն 750 հազար դրամ: Փետրվարի 2-ին և ապրիլի 7-ին նրան է փոխանցվել 5 833 000-ական դրամ: Հունիսի 28-ին՝ Տարոն Մարգարյանի հրաժարականից օրեր առաջ, փոփոխություն է մտցվել նվիրատվության պայմանագրում, և նախատեսված գումարը նվազեցվել է 23 մլն 334 հազար դրամով: Այսինքն՝ հիմք է ընդունվել արդեն փոխանցված 11.6 մլն դրամը, և հետագա հատկացումները դադարեցվել են: Փոփոխության պատճառը չի նշվում:

Արա Դանիելյանը տեղեկացրել է, որ վարչական շրջանը հիմնադրամի հետ համագործակցել է նաև 2013-2017թթ.՝ դրան փոխանցելով ընդամենը 214.7 մլն դրամ: 2016թ-ին, օրինակ, թաղապետարանը հիմնադրամին մոտ 60 մլն դրամ է տվել:

khut_avan.png (209 KB)

Այլ հատկացումներ

«Խութ» հիմնադրամի տարբեր տարիների հաշվետվությունները ցույց են տալիս, որ քաղաքային իշխանություններից ստացած գումարը ավելին է՝ մոտ 286 մլն դրամ: Որպես նվիրատու՝ նշված է Երևանի քաղաքապետարանը, թեև հնարավոր է՝ դրանք ներառում են Ավան վարչական շրջանից ստացած գումարները:

Ընդ որում, սա միայն 2011թ-ից ի վեր հրապարակված հաշվետվություններում նշված գումարի չափն է: 2005-2010թթ. հաշվետվություններն ինտերնետում հասանելի չեն: Քաղաքապետարանի տեղեկատվության վարչությունը տեղեկացնում է, որ քաղաքապետի 2005-2008թթ. որոշումներն ու կարգադրությունները պահպանության են հանձնվել ազգային արխիվ, իսկ 2009-2010թթ. որոշումներում և կարգադրություններում «հիմնադրամին գումար փոխանցելու վերաբերյալ տվյալներ չեն հայտնաբերվել»:

khut_yerevan.png (256 KB)

Համայնքային բյուջեն հիմնադրամի ֆինանսավորման միակ աղբյուրը չի եղել: Քաղաքապետարանից կամ Ավան վարչական շրջանից հիմնադրամը ստացել է իր եկամուտների մինչև 37 %-ը: Ֆինանսավորման այլ աղբյուրների թվում են եղել ֆիզիկական և իրավաբանական անձինք:

Հիմնադրամի ծախսած գումարի մեծ մասը, համաձայն հաշվետվությունների, ուղղվել է սոցիալապես անապահով բնակիչներին դրամական օգնություն տրամադրելուն: Նշվում է, որ օգնություն է տրվել նաև ազատամարտիկների ընտանիքներին, Ավան վարչական շրջանի բազմազավակ ընտանիքներին, ԵԿՄ Ավանի տարածքային բաժանմունքին և այլն:

Գրեթե բոլոր տարիներին հիմնադրամը տասնյակ միլիոնավոր դրամներով ավելի շատ եկամուտ է ունեցել, քան ծախսել է. միայն 2017թ-ին է օգտագործած գումարը գերազանցել եկամուտները:

khut_finance.png (256 KB)

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության վարչությունը չի անդրադարձել մեր այն հարցին, թե ինչու է համագործակցության համար տարիներ շարունակ ընտրվել հենց այս հիմնադրամը, ում նախաձեռնությունն է եղել դա, և թե արդյոք համագործակցությունը շարունակվում է: Ավանի թաղապետ Արա Դանիելյանը հիմնադրամի հետ համագործակցության հարցին պատասխանել է. ««Խութ» հիմնադրամը վարչական շրջանում գործող հիմնադրամ է, և հավանաբար դրանով է պայմանավորված եղել վարչական շրջանի և հիմնադրամի համագործակցությունը»:

«Խութ»-ը Տարոն Մարգարյանին փոխկապակցված հիմնադրամներից մեկն է: Հիշեցնենք, որ քաղաքապետարանի շենքում գրանցված «Երևան» հիմնադրամը, որի հոգաբարձուների խորհրդի նախագահը, մամուլի հրապարակումների համաձայն, Տարոն Մարգարյանն է, իրավապահների ուշադրության կենտրոնում հայտնվեց 2018թ-ի հունիսին: ԱԱԾ-ն խուզարկություններ էր կատարել հիմնադրամի աշխատասենյակներում, քանի որ հաղորդում էր ստացել, որ «քաղաքապետարանի պաշտոնատար անձինք, կառուցապատման և գույքի ձևակերպման համապատասխան թույլտվություններ տրամադրելու դիմաց, բացի օրենքով սահմանված վճարումներից, իրենց պարտադրել են «Երևան» հիմնադրամին փոխանցել խոշոր չափերով գումարներ»: Տարոն Մարգարյանն այս գործով ունի վկայի կարգավիճակ:

Դատախազությունից «Հետք»-ին պատասխանել են, որ «Խութ» բարեգործական հիմնադրամի վերաբերյալ իրավապահ մարմինների վարույթում ուսումնասիրություններ չեն կատարվել: Չի բացառվում, որ այն նույնպես կոռուպցիոն սխեմայի մաս է եղել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter