
ՏՄՊՊՀ-ն վրացական կողմի հետ ուսումնասիրում է ավիավառելիքի շուկան
Ավիավառելիքի շրջանառության ոլորտում առկա հնարավոր մրցակցային խնդիրների բացահայտման նպատակով, Հայաստանի Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը ուսումնասիրություն է սկսել այս շուկայում: Ոլորտի ուսումնասիրությունը կարևորվում է առանձնակի, քանի որ, ավիավառելիքի գները էական ազդեցություն են թողնում ավիատոմսերի գնագոյացման գործում:
Ներկայումս քաղաքացիական ավիացիայի համար ավիավառելիքի ներմուծում Հայաստան իրականացվում է միայն Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի կողմից, այլ ներմուծողներ չկան:
«ՏՄՊՊՀ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ՀՀ ավիավառելիքի շրջանառության ոլորտում մրցակցության բացակայությունը պայմանավորված է Վրաստանում ավիավառելիքի փոխադրման հետ կապված խնդիրներով: Մասնավորապես, Վրաստանի տարածքով ավիավառելիքի փոխադրումն իրականացվում է վրացական երկաթուղու միջոցով, որը հայեցողական մոտեցմամբ, համագործակցում է խիստ սահմանափակ թվով ընկերությունների հետ: Արդյունքում, բոլոր այն ընկերությունները, որոնք ցանկանում են զբաղվել ավիավառելիքի ներմուծմամբ, հնարավորություն չեն ստանում ՀՀ շուկայի համար իրականացնելու մատակարարումներ, քանի որ բացի Վրացական երկաթուղուց, ըստ էության տնտեսապես արդյունավետ այլընտրանքային փոխադրամիջոց առկա չէ: Հաշվի առնելով վերոնշյալը, Հանձնաժողովը դիմել է Վրաստանի մրցակցային մարմնին՝ ավիավառելիքի փոխադրման ոլորտում առկա խնդիրները համատեղ ուսումնասիրելու և դրանց լուծման ուղղությամբ գործուն քայլեր իրականացնելու նպատակով»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Մեկնաբանել