HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հանձնաժողովը հովանավորե՞լ է ՀԷՑ-ին

Վաճառքի գումարը' որպես ներդրում

2002 թվականին Հայաստանի իշխանությունները, արհամարհելով հասարակական բացասական կարծիքը, մասնավորեցրին «Երեւանի էլեկտրացանց», «Հյուսիսային էլեկտրացանց», «Հարավային էլեկտրացանց» եւ «Կենտրոնական էլեկտրացանց» փակ բաժնետիրական ընկերությունները: ՀՀ Ազգային ժողովը օրենք ընդունեց նշված ընկերությունների մասնավորեցման մասին:

Բաշխիչ էլեկտրական ցանցերը յուրաքանչյուր երկրի համար կարեւոր նշանակություն ունեն: Չնայած այս հանգամանքին' ռազմավարական նշանակություն ունեցող վերոհիշյալ ընկերությունները միասնաբար եւ ակնհայտորեն էժան գնով վաճառվեցին կասկածելի գրանցում ունեցող «Միդլենդ ռեսուրսիզ հոլդինգ» ընկերությանը: Հայաստանի բաշխիչ էլեկտրական ցանցերը միավորվեցին մեկ ընկերության մեջ եւ կոչվեցին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ:

«Միդլենդ ռեսուրսիզ հոլդինգ»-ը Հայաստանի բաշխիչ էլեկտրական ցանցերը կառավարությունից գնեց 12 մլն դոլարով: Բացի այդ, պարտավորվեց 28 մլն դոլարով փակել ընկերության ունեցած պարտքերը: Այդ պարտքերն առաջացել էին նաեւ էլեկտրաէներգիայի գերկորուստների հետեւանքով, ինչով պայմանավորված' ընկերությունը չէր կարողացել հավաքագրել համապատասխան հասույթներ եւ վճարել ցանցեր մուտք եղած էլեկտրաէներգիայի դիմաց: Գերկորուստներն էլ, գաղտնիք չէ, մեծամասամբ այն գողությունների արդյունքն էին, որ կատարվում էին բաշխիչ ցանցերի բազմաթիվ աշխատակիցների հանցակցությամբ:

Վերջիններիս մի մասն այսօր էլ ՀԷՑ-ում է աշխատում:

Սակայն առավել ուշագրավն այն է, որ ցանցերի դիմաց վճարված գումարը ձեւակերպվել է որպես ներդրում, եւ վճարողն այն աստիճանաբար հետ է ստանում կիրառվող սակագնի միջոցով, դրանում հաշվարկված ու ներառված բաղադրիչով:

«40 մլն որ տվել է, սա էլ ենք մենք ներդրում հաշվել, սա էլ 10 տարում ենք հետ տալիս ընկերությանը 17 %-ով»,-ասաց ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի փոխնախագահ Նիկոլայ Գրիգորյանը:

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն ինչպես անցյալ, այնպես էլ այս տարի խոստովանեց, որ նշված ընկերությունն իր ստանձնած ներդրումները չի կատարել: «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության 2004թ. ներդրումների վերաբերյալ Նիկոլայ Գրիգորյանը մամուլում ասել է. «2004թ. համար մենք մեր գնահատականը տվել ենք՝ անբավարար, եթե չեմ սխալվում' ծրագիրը 35 %-ով են կատարել»:

Ըստ Ն. Գրիգորյանի' 2005թ. ներդրումային ծրագրի կատարումը, նախնական տվյալներով, 15 տոկոսի սահմանը չի գերազանցում: Դարձյալ նրա տեղեկացմամբ' մայր (սեփականատեր) ընկերությունը՝ «Միդլենդ ռեսուրսիզ հոլդինգը», շահագրգռված չէ ներդրումներ կատարել Հայաստանի էլեկտրական ցանցերում եւ այդ մասին նույնիսկ նամակով տեղեկացրել է հանձնաժողովին: Ն. Գրիգորյանի կարծիքով' երեւի հենց դա է հիմնական պատճառներից մեկը, որ «Միդլենդ ռեսուրսիզ հոլդինգը» 2005թ. սկսեց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի վաճառքի գործընթացը ՌԱՕ ԵԷՍ-ին:

«Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ը վաճառվեց ՌԱՕ ԵԷՍ-ի կազմում գտնվող «Ինտեր ՌԱՕ» ընկերությանը: Վերջինիս 2005թ. հետաքրքրեց, թե իրականում ինչ վիճակ է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ում: «Ինտեր ՌԱՕ»-ի ներկայացուցիչ («Յուգ» մասնաճյուղի ղեկավար) Միխայիլ Մանտրովի պատվերով բացառապես հայաստանյան մասնագետներից բաղկացած մի խումբ 2005-ի հունիս-սեպտեմբեր ամիսների ընթացքում ներքին ուսումնասիրություններ կատարեց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունում: Դրանից հետո ուսումնասիրության արդյունքներն ամփոփող եւ սենսացիոն բացահայտումներով լի հաշվետվությունը ներկայացվել է Մ. Մանտրովին: Վերջինիս արձագանքը մեզ հայտնի չէ. ուսումնասիրության ավարտից կարճ ժամանակ անց նա այլ աշխատանքի է տեղափոխվել:

Այնուամենայնիվ, անցյալ տարի մամուլում հրապարակված տեղեկատվությունից հայտնի է, որ մասնագետների հիշյալ խմբի աշխատանքները համակարգել է ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության ներքին աուդիտի գնահատման եւ ֆինանսական վերահսկողության վարչության իրավապահ մարմինների հետ համագործակցության բաժնի պետ Ռոմա Միրզոյանը: 2006թ. փետրվարին նա տեղեկացրել է, որ իրենց վարչությունը լայնածավալ ստուգումներ է սկսել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ում:

Չափազանց սակավաթիվ են պետական այն մարմինները, որոնք կարող են Հ ԷՑ -ի հետ կապված ուսումնասիրություններ կատարել, այս կամ այն կերպ իրականացնել վերահսկողություն: Այդ մարմիններից ՀԷՑ -ի ստացած 30.08.2002թ. լիցենզիայի կատարման եւ որակի չափանիշների ապահովման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու իրավասությամբ եւ պարտականությամբ, ինչպես նաեւ համապատասխան պատժամիջոցներ կիրառելու առավել լայն իրավասությամբ առանձնանում է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը: Վերը նշված (թիվ 0092) լիցենզիային կից 01.11.2002թ. որոշմամբ հաստատված պայմանների 5.2 կետը սահմանում է.

«Լիցենզիայի պայմանների պահպանման վերահսկումն ապահովելու նպատակով Հանձնաժողովը եւ նրա կողմից լիազորված ներկայացուցիչներն իրավունք ունեն ազատ մուտք գործել լիցենզավորված անձի տարածք: Վերահսկումն իրականացնելու ընթացքում լիցենզավորված անձը պետք է լիովին համագործակցի եւ աջակցի հանձնաժողովին կամ նրա կողմից լիազորված ներկայացուցչին»:

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի փոխնախագահ Նիկոլայ Գրիգորյանը վերջերս բացատրելով, թե ինչու ՀԷՑ-ի ներդրումների չափը որպես ցուցանիշ, որպես նախապայման չի ընդգրկվել առուվաճառքի պայմանագրում կամ լիցենզիոն պայմաններում, ասաց. «Դրա համար որոշեցինք դնել որակի պայմաններ, եթե այդ պայմանները չկատարվեն, նոր համապատասխան պատժամիջոցներ կիրառել, որն արդեն ամրագրված է լիցենզիայում»:

Նույն Ն. Գրիգորյանի հավաստմամբ' ընկերությունը որակի պայմանները չի կատարել. քամիների ժամանակ շուռ են գալիս հենասյուները, գյուղական շրջաններում լարման մեծությունները չեն համապատասխանում նախատեսվածին, տեղերում, թեեւ ոչ համատարած, չի ապահովվել անխափան էլեկտրամատակարարում: Հանձնաժողովի փոխնախագահի ասած ն , իհարկե, զուտ ճշմարտություն է, բայց' դրա մի մասը: Սակայն միաժամանակ փաստ է, որ որակի պայմանները չկատարելու համար Հ ԷՑ -ի նկատմամբ համապատասխան պատժամիջոցներ չեն կիրառվել, թեեւ դրանք, ըստ Ն. Գրիգորյանի ասածի, պետք է կիրառվեին:

Որակի պայմանների չկատարումը նոր չէ: Եթե դրանք 2005թ. չեն կատարվել, ապա 2003 եւ 2004 թվականներին առավել եւս չեն կատարվել, քանի որ այդ ժամանակ դեռ չէին արվել այն ներդրումները, որոնք իրականություն դարձան միայն հաջորդ տարի: Ինչու՞ 2004թ.-ին՝ 2003-ի թերացման, եւ 2005-ին՝ 2004թ.-ի թերացման համար համապատասխան պատժամիջոցներ չեն կիրառվել ընկերության նկատմամբ: Ինչո՞վ է պայմանավորված ՀԷՑ-ի նկատմամբ Հանձնաժողովի զարմանալի բարեհաճությունը:

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը «Գնումների մասին» ՀՀ օրենքը 2005թ. սեպտեմբերին խախտելու համար նույն թվականի նոյեմբերին Հանձնաժողովի կողմից նախազգուշացվել է: Սակայն, ինչպես հասկանալի է մամուլի հրապարակումներից, ՀԷՑ-ը «Գնումների մասին» ՀՀ օրենքի այլ խախտումներ էլ է թույլ տվել, ընդ որում' դեռ 2004 թվականից: Սակայն Հանձնաժողովը զարմանալիորեն չի նկատել այդ խախտումները: Խոսքը, օրինակ, հիշյալ օրենքի խախտմամբ 2004թ. ձեռք բերված մոտ 90 մլն դրամի ընդհանուր արժողության ռելեական պաշտպանության վահանակների գնման մասին է: Այս խախտման համար ընկերության նկատմամբ որեւէ պատժամիջոց չի կիրառվել:

Մեկ այլ օրինակ. ՀԷՑ ՓԲԸ-ն 01.07.2004թ. - 30.06.2005թ. ժամանակահատվածում գնել է տարբեր տիպի 7 ուժային տրանսֆորմատոր՝ 70 մլն 275 հազար դրամի: Տրանսֆորմատորներից 3-ը, որոնք 5 մլն դրամից բարձր գին ու ն են, ձեւակերպված են իբրեւ «արտակարգ գնում» եւ ձեռք են բերված առանց մրցույթի: Բայց քանի որ դրանցից երկուսը 01.09.2005թ. դրությամբ դեռ տեղադրված չեն եղել, արտակարգ գնում (այսինքն՝ հրատապ անհրաժեշտություն դարձած) չեն կարող համարվել, ինչը նշանակում է, որ խախտվել է «Գնումների մասին» ՀՀ օրենքը: Այսպիսով' ստացվում է, որ ընկերությունը «արտակարգ գնում» ձեւակերպելով' իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն է ներկայացրել:

Ըստ Ն. Գրիգորյանի' սխալ տեղեկատվության համար պատասխանատվությունը, օրենքի համաձայն, այդ տեղեկատվությունը ներկայացնող ընկերությունն է կրում: Նշենք, որ Հանձնաժողովը թիվ 0092 լիցենզիայի պայմանների 5.4 կետի համաձայն' իրավունք ուներ եւ իրավունք ունի իր կողմից ընտրված անկախ փորձագիտական ընկերության կամ անկախ փորձագետների միջոցով իրականացնել լիցենզավորված անձի կողմից լիցենզիայի պայմանների կատարման ուսումնասիրությ ու ն եւ Հանձնաժողով ներկայացված հաշվետվությունների հավաստիության ստուգում:

Ունենալով լայն իրավասություններ' Հանձնաժողովն օրենքի վերը նշված խախտումները չի նկատել: Ընդգծենք, որ «Գնումների մասին» ՀՀ օրենքի խախտմամբ ապրանքների գնումները Հանձնաժողովի ուշադրությանը եւ գնահատականին պետք է արժանանային անկախ այն հանգամանքից' գնված ապրանքները ՀԷՑ-ի համակարգում որպես ներդրում տեղադրվա՞ծ էին արդեն, շահագործվու՞մ էին, թե՞ դեռ ոչ: Սա է ՀՀ օրենսդրության պահանջը: Դրանում կարելի է համոզվել լիցենզիայի հիշյալ պայմանների 4.17 եւ 4.18 կետերում նշված համապատասխան օրենքին եւ կարգին ծանոթանալով:

Ի՞նչ պատժամիջոց է սպասվում ընկերությանը, եթե հանձնաժողովը համոզվի, որ ՀԷՑ-ը «Գնումների մասին» օրենքի խախտման համար նախազգուշացվելուց հետո դարձյալ խախտել է նույն օրենքը:

«Կնայենք անպայման, եթե դա արժանի լինի հետագա պատժամիջոցի, ասենք' կասեցման, կամ այն կարգի խախտում է կատարել, որ իսկապես մեծ վնաս է հասցրել, կարող ենք նույնիսկ լիցենզիայից զրկման գործընթաց սկսել»-,ասաց Ն. Գրիգորյանը:

Հանձնաժողովի փոխնախագահի հավաստմամբ' եթե ընկերությունը «Գնումների մասին» օրենքը խախտել է, ապա նախեւառաջ սպառողին է վնաս հասցրել:

Եթե նշված հանձնաժողովը նույնիսկ լիցենզիայի կասեցման կամ լիցենզիայի զրկման որոշում կայացնի, ապա դա, ամենայն հավանականությամբ, անիմաստ կլինի: Ենթադրվում է, որ «Միդլենդ ռեսուրսիզ հոլդինգ»-ը մինչ այդ արդեն ավարտած կլինի ՀԷՑ-ը «Ինտեր Ռ Ա Օ»-ին վաճառելու կամ փոխանցելու գործընթացը:

Արման Հովյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter