
Եկամուտների արդարացի բաշխում. ավելի շատ հարկելով հարուստներին` օգնել աղքատներին
Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությունը (Organisation for Economic Cooperation and Development, OECD) հրապարակել է իր անցկացրած Risks That Matter («Վտանգներ, որոնք կարևոր են») համաշխարհային հետազոտությունը։
Հետազոտության գլխավոր նպատակը սոցիալական և տնտեսական վտանգների վերաբերյալ մարդկանց ընկալումները հասկանալն է, և թե ինչպես են կառավարություններն անդրադառնում այդ վտանգներին։ Հետազոտության միջոցով նաև փորձ է արվել հասկանալու, թե ինչ են մարդիկ ակնկալում և ինչ կարիքներ ունեն իրականացվող սոցիալական քաղաքականություններից։
Հարցումներին մասնակցել է 18-70 տարեկան ավելի քան 20 հազար մարդ։ Հետազոտությունն իրականացվել է 21 տնտեսապես զարգացած երկրներում՝ Ավստրիայում, Բելգիայում, Կանադայում, Չիլիում, Դանիայում, Էստոնիայում, Ֆինլանդիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Հունաստանում, Իսրայելում, Իռլանդիայում, Իտալիայում, Լիտվայում, Միքսիկայում, Նիդեռլանդներում, Նորվեգիայում, Լեհաստանում, Պորտուգալիայում, Սլովենիայում և ԱՄՆ-ում։
«Արդյոք կառավարությունը պետք է հարուստներին ավելի շատ հարկի, քան ներկայումս, աղքատներին աջակցելու համար» հարցին հարցվողների ճնշող մեծամասնությունը դրական պատասխան է տվել։ Այսպես՝ Հունաստանում, Գերմանիայում, Պորտուգալիայում և Սլովենիայում այս հարցին տրված դրական պատասխանները կազմում են 75 %, ինչը նշանակում է, որ մարդիկ կողմ են եկամուտների արդարացի բաշխմանը հասարակությունում։
Ավելին, երբ հարցվողներին խնդրել են նշել աղքատության մեջ ապրելու պատճառը, 21 երկրներից 17-ում ամենահաճախ տրվող պատասխանը եղել է «անարդարությունը հասարակությունում» տարբերակը։ Պորտուգալացիների 71 %-ը և մեքսիկացիների 68 %-ը, ֆրանսիացիների, գերմանացիների և սլովենացիների ավելի քան երկու երրորդը նշել են, որ աղքատության հիմնապատճառը համակարգային անարդարություններն են։
Հետազոտության համաձայն՝ հարցվողների 60 %-ը կարծում է, որ վճարած հարկերից արդար բաժնեմասը կառավարությունից նրանք ետ չեն ստանում սոցիալական, կրթական և հասարակության զարգացմանն ուղղված այլ ծրագրերի տեսքով։
Կարճաժամկետ մտահոգություններից մարդկանց ամենաշատը հուզում է հիվանդություն ձեռք բերելու և դրա պատճառով ծայրը ծայրին հասցնելու իրավիճակում հայտնվելու վտանգը։
Երկարաժամկետ մտահոգություններից ամենատարածվածը թոշակի անցնելուց հետո բավականաչափ կենսաթոշակ չստանալու վտանգն է։
Այս պատկերին համահունչ են նաև մարդկանց կարիքները՝ ավելի լավ առողջապահական և կենսաթոշակային համակարգեր։ Միջինում, հարցվողների 40 %-ը նշել է, որ պատրաստ է վճարել ավելի շատ հարկեր, եթե վերը նշված համակարգերը բարելավվեն։
Իհարկե, կարիքները նույնպես տարբերվում են ըստ խմբերի։ Օրինակ, երեխա ունեցող մասնակիցները նշել են կրթական համակարգը բարելավելու և անվճար կրթություն ստանալու հնարավորությունների մեծացումը, իսկ երիտասարդները նշել են մատչելի բնակարաններ ձեռք բերելու և վարձակալելու անհրաժեշտությունը։
Ավելի ցածր եկամուտներ ունեցողներին ամենաշատը մտահոգում է բնակարանային հարցը և աշխատանք կորցնելու վտանգը։ «Եթե ես կորցնեմ իմ աշխատանքը, ես կկորցնեմ ամեն ինչ՝ բացի իմ մեքենայից։ Բաժանվելու պատճառով ես չունեմ խնայողություններ և ապագայի համար բավականաչափ կուտակած կենսաթոշակ, փոխարենն ունեմ վարկային մեծ պարտքեր»,- նշել է 44-ամյա հարցվողներից մեկը, որն ապրում է ԱՄՆ-ում։
Հետազոտության համաձայն՝ շատերը կարծում են, որ սոցիալական ապահովության համակարգն իրենց չի պաշտպանում, և քչերն են կարծում, որ պետք եղած ժամանակ նրանք կունենան բավականաչափ պետական աջակցություն։ 21 երկրներում հարցվողների ընդամենը 25 %-ն է համակարծիք այն պնդմանը, որ աշխատանք կորցնելու կամ ծնող դառնալու դեպքում պետությունը բավականաչափ աջակցություն ցույց կտա իրեն և իր ընտանիքին, և ընդամենը 20 %-ն է կարծում, որ պետությունը կօգնի հիվանդության, հաշմանդամություն ձեռք բերելու կամ ծերության արդյունքում եկամտի աղբյուրը կորցնելու դեպքում։
Աջակցության կարիք ունեցողները նշված երկրներում այն աշխատավորներն են, որոնք հիմնականում հնարավորություն չեն ունեցել բարձրագույն կրթություն ստանալու և ունեն ցածր վարձատրվող աշխատանք կամ գործազուրկ են։ Սրանք այն մարդիկ են, ում վրա բացասական ազդեցություն է ունեցել դեինդուստրիալիզացիան, աշխատատեղերի կրճատումը, սոցիալական ստատուսի կորուստը, գլոբալիզացիան և համաշխարհային տնտեսական ճգնաժամերը։
Ըստ հետազոտության՝ հանրային գոհունակության մակարդակն ավելի բարձր է այն երկրներում, որտեղ կառավարություններն իրականացնում են սոցիալական ապահովության, կրթական և արդյունաբերության զարգացման բազմազան ծրագրեր։ Այսպիսով, սոցիալական քաղաքականությունից գոհ լինելու և երկրում հանրային ծառայությունների տրամադրման չափի մեջ կա ուղիղ կորելացիա։
Մեկնաբանել