Չարժե Իրանում թեթեւ պատերազմի սպասելիքներ ունենալ
Հարցազրույց «Նորավանք» գիտա-մշակութային հիմնադրամի փոխտնօրեն, քաղաքագետ Սեւակ Սարուխանյանի հետ
- Ինչպիսի՞ն է ներկայումս Իրանի հետ կապված իրավիճակը:
- Ամեն ինչ զարգանում է Իրանի Իսլամական Հանրապետության շուրջ իրավիճակը լարելու սցենարով: Նման զարգացումների սկիզբը դրվեց 2003թ., երբ ՄԱԳԱՏԵ-ի տեսուչները հայտնաբերեցին չգրանցված ուրանի հարստացման ծրագիրը, սկսվեցին Եվրոեռյակի (Ֆրանսիա, Գերմանիա, Մեծ Բրիտանիա-խմբ.) եւ Իրանի միջեւ հայտնի բանակցությունները, որոնք արդեն Ահմադինեջադի նախագահության ժամանակ տապալվեցին: Եվ, վերջապես, իրավիճակը թեժացրեց Ահմադինեջադի նախագահ դառնալու փաստը, ինչն արդեն ԱՄՆ-ին բավարար առիթ տվեց հակաիրանյան կամպանիայի եւ քարոզչության համար: Իրանը թեւակոխեց իր միջուկային ծրագրի զարգացման որակապես նոր փուլ, ինչը կապված է հարստացված ուրանի առաջին խմբաքանակի ստացման հետ: Իհարկե, իրանական կողմը մի փոքր խորամանկում է՝ իրանական երիտասարդ գիտնականների ձեռքբերում անվանելով այդ արդյունքը: Չէ՞ որ Իրանում ուրանի հարստացման ծրագրի գոյության մասին խոսակցությունները սկսվեցին պակիստանյան միջուկային զենքի հայր Աբդուլ Կադիր խանի մեքենայությունների մասին տեղեկատվության գաղտնազերծման փուլում: Նա Դուբայի միջոցով կազմակերպել էր միջուկային տեխնոլոգիաների վաճառքն Իրանին եւ Լիբիային: Այս տեսանկյունից, ինչ խոսք, սկսվեց իրանական միջուկային ծրագրի հետ կապված խնդիրը լուծելու փուլը: Եվ որքան անիրական է թվում այդ լուծումը, այդքան իրական է այն: Որովհետեւ Իրանի եւ միջազգային հանրության միջեւ հարաբերությունները հասել են այն մակարդակին, որ մոտակա տարվա ընթացքում կիրագործվի խնդրի կամ խաղաղ, կամ էլ պատերազմական լուծումը:
- Դուք համարու՞մ եք, որ, այնուամենայնիվ, հնարավոր է իրանական հարցի ռազմական լուծումը:
- Ռազմական լուծումը հնարավոր է, բայց այն հավանական է միայն այն դեպքում, երբ վերջնականապես պարզ կդառնա, որ չի գտնվել իրավիճակից դուրս գալու որեւէ այլ միջոց: Ակնհայտ է, որ ամերիկյան կողմը մշակել եւ պահուստում ունի Իրանում գործող ռեժիմին տապալելու մանրամասն սցենար: Սակայն ԱՄՆ ներկա վիճակը ( հատկապես նրա վիճակն Իրաքում ) թույլ չի տալիս սկսել լայնամասշտաբ կամպանիա: Այսօր ոչ մի կետային հարված ի վիճակի չէ հրահրելու այն աստիճանի ներքին խժդժություններ, որոնց հետեւանքով կլինի նոր, արդեն հակաիսլամական հեղափոխություն Իրանում: Իրանական կողմն էլ է պարզորոշ պատկերացնում հինգ տարի առաջվա համեմատ իր որակապես նոր դիրքը եւ բավական ակտիվորեն հրահրում է իր եւ իր միջուկային ծրագրի շուրջ վիճակը: Թեհրանում լավ հասկանում են, որ ԱՄՆ-ն այս փուլում պատրաստ չէ լուծելու իրանական միջուկային ծրագրի խնդիրը:
Հարստացված ուրանի որակն ու քանակը ցույց են տալիս, որ Իրանը դեռեւս հեռու է միջուկային զենք ունենալուց. 168 աշխատող ցենտրիֆուգները բավարար չեն միջուկային պայթուցիկ ստեղծելու համար: Ամենալավատեսական հաշվարկներով' ատոմային ռումբ ստեղծելու համար Իրանին 3-4 տարի է դեռ պետք: Իհարկե, միջուկային բնագավառում իրանական կողմի առաջընթացն ակներեւ է: Այստեղ շատ երիտասարդներ են աշխատում, ինչում ես էլ համոզվեցի ուրանի ուսումնասիրման եւ հարստացման ամենախնդրահարույց Իսպահանյան կենտրոն իմ այցի ընթացքում: Այստեղ հիմնականում աշխատում են երիտասարդ մասնագետներ, ովքեր չեն խոսում ռուսերեն, անգլերեն, չինարեն: Այսինքն՝ նրանք կադրեր են, որոնք պատրաստվել են իրանական բուհերում, եւ նախեւառաջ' Թեհրանի համալսարանի միջուկային դպրոցն է այս ուղղությամբ շատ լուրջ ճեղքում կատարել: Բայց, այսպես թե այնպես, դա կլինի 2, թե 8 տարի հետո, Իրանը, միեւնույն է, կստեղծի միջուկային զենք:
- Ի՞նչ եք կարծում, Իրանի հետ ռազմական բախումը կլինի բախում ԱՄՆ-ի՞ հետ, թե՞ կստեղծվի հակաիրանյան կոալիցիա:
- Ռազմական կոալիցիայի ստեղծումը, որի մեջ կմտնեն ԱՄՆ-ն եւ մայրցամաքային Եվրոպայի երկրները, քիչ հավանական է: Այս տարբերակը կարող ենք բացառել ի սկզբանե: Միակ շոշափելի գործող կողմը, որը կարող է մասնակցել կոալիցիային, Մեծ Բրիտանիան է: Սակայն Լոնդոնի այսօրվա դիրքորոշումը թույլ չի տալիս ասելու, որ երկիրը պատրաստ է սատարել իրանական խնդրի ռազմական լուծմանը: Մյուս կողմից, մոտակա տարվա ընթացքում Մեծ Բրիտանիայում էլ տեղի կունենան որոշ ներքաղաքական փոփոխություններ: Արդյունքում իշխանության կարող են գալ որոշակի շրջանակների մարդիկ, ովքեր հնարավոր են համարում միջուկային խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու հարցում ԱՄՆ-ին սատարելը: Իհարկե, բացառվում է ռուսական, չինական կողմերի, կամ Անվտանգության Խորհրդի անդամ այլ երկրների մասնակցությունը: Եվ անհնարին, կամ գոնե քիչ հավանական է համարվում, որ Անվտանգության Խորհուրդն ամերիկացիներին կտա ռազմական գործողություն կատարելու թույլտվություն: Այսինքն՝ միջազգային-իրավական տեսանկյունից գործողությունը կլինի Իրաքի դեմ գործողության նման:
- Կարո՞ղ են այս հարցում որեւէ դրական արդյունքի հասցնել ՄԱԿ-ի սանկցիաները:
- Իրանական տնտեսությունը շատ յուրահատուկ է, եւ չնայած իշխանությունների ջանքերին' չափազանց կախված է համաշխարհային շուկա նավթի արտահանումից: Բայց այս կախվածությունը երկկողմանի է. համաշխարհային շուկան էլ շատ է կախված Թեհրանի կողմից նավթի մատակարարումներից: Նավթի ներկայիս գների պայմաններում իրանական նավթի նկատմամբ էմբարգոյի կամ սահմանափակումներ մտցնելու դեպքում համաշխարհային տնտեսությունը մեծապես կվտանգվի եւ կորուստներ կունենա: Սա սկզբունքորեն նշանակում է, որ առաջնահերթ սանկցիաները կապված կլինեն ոչ հումքային սեկտորի հետ: Այսինքն' կարող են սահմանափակումներ լինել բարձր տեխնոլոգիական սարքավորումներ Իրան ներմուծելու, Իրանից գյուղատնտեսական, թեթեւ արդյունաբերական ապրանքներ ձեռքբերելու ոլորտներում: Դրանք, ի դեպ, Իրանն առաքում է նաեւ Եվրամիության երկրներ: Սակայն նման պատժամիջոցները ոչ մի կերպ Թեհրանի դիրքորոշման փոփոխության չեն հանգեցնի, քանի որ հիմնական շահույթը Իրանը կշարունակի ստանալ նավթի արտահանումից: Նավթային սեկտորի նկատմամբ պատժամիջոցների խնդիրն այն է, որ այդ դեպքում ոչ միայն կաճեն նավթի գները, այլեւ շատ կտուժեն իրանական նավթի հիմնական գնորդները: Դրանք Արեւմտյան Եվրոպայի որոշ երկրներ են, բայց նախեւառաջ Ճապոնիան եւ Չինաստանն են: Ճապոնիայի կորուստներն ավելի զգալի կլինեն, քան Չինաստանինը, քանի որ այս երկիրը նավթի ներմուծման դիվերսիֆիկացման շատ սահմանափակ հնարավորություններ ունի: Ոչ նավթային պատժամիջոցների կիրառումը չափազանց անցանկալի է տարածաշրջանի երկրների համար, քանի որ հենց նրանք կտուժեն դեպի Իրան եւ Իրանից ապրանքների հոսքի սահմանափակումներից: Սա վերաբերում է եւ՛ Հայաստանին, եւ՛ Ադրբեջանին, եւ՛ նախեւառաջ անկլավային Նախիջեւանին, որը կախում ունի Իրանի հետ առեւտրա-տնտեսական կապերից: Զգալիորեն կտուժեն նաեւ Իրաքը, Աֆղանստանը, որի հետ Իրանն արդեն որոշ պայմանագրեր է կնքել: Դրանք կապված չեն միայն ապրանքների մատակարարման հետ, Իրանն արդեն էլեկտրաէներգիա է մատակարարում Աֆղանստանին, Իրաքին, շոշափելի կերպով մասնակցում է քաղաքաշինական ծրագրերին, Աֆղանստանում ճանապարհաշինությանն ու այլ ենթակառուցվածքների ստեղծմանը: Այսինքն՝ հնարավոր պատժամիջոցներից տարածաշրջանն ավելի ակնհայտ կորուստներ կունենա, քան ողջ համաշխարհային տնտեսությունն իր ամբողջության մեջ:
- Կարո՞ղ է նման պատժամիջոցների կիրառումը հանգեցնել Թեհրանի պատասխան սանկցիաներին:
- 2005 թվականի սկզբին, եթե չեմ սխալվում' հունվարին, իրանական խորհրդարանը սկսեց քննարկել նման պատժամիջոցների կիրառման ծրագիրը: Հունվարին այդ ծրագրին հավանություն տվեց Մեջլիսը, ինչը Թեհրանին թույլ է տալիս այս կամ այն քաղաքական կամ տնտեսական պատճառներով այս կամ այն պետության նկատմամբ տնտեսական պատժամիջոց կիրառել: Բնական է, որ Իրանը չի կարող լիովին հրաժարվել նավթի արտահանումից, բայց կարող է սահմանափակումների գնալ որոշ երկրների համար: Սա, իհարկե, չի նշանակում, որ իրանական նավթն ադ երկրներ չի հասնի: Այն կվաճառվի միջանկյալ կեղծ կազմակերպությունների միջոցով, որոնք կգնեն նավթն, ասենք, Դուբայում եւ կվաճառեն Մեծ Բրիտանիայում: Սա դարձյալ կհանգեցնի նավթի գների աճին, հետեւաբար նավթային շուկան ավելի սպեկուլյատիվ կդառնա: Այլ խոսքերով՝ նավթի արտահանման սահմանափակումներ կարող են լինել, եւ Իրանի կորուստներն այդքան ակնհայտ չեն լինի, քանի որ նավթի գները կաճեն, իրանական նավթը կվաճառվի ավելի բարձր գներով:
- Ինչպե՞ս կանդրադառնա հնարավոր ռազմական բախումը տարածաշրջանի երկրների վրա:
- Շատ հաճախ ղարաբաղյան հակամարտության եւ իրանական միջուկային խնդրի լուծումները Հայաստանում կապում են իրար հետ: Կան սպասելիքներ, թե ղարաբաղյան խնդիրը կկարգավորվի Իրանի դեմ ուղղված ռազմական ակցիայից առաջ: Իմ պատկերացմամբ' դա այդպես չէ, քանի որ ( եթե դիտարկենք աշխարհագրական եւ քաղաքական տեսանկյուններից) Ղարաբաղի շուրջ անվտանգության գոտու առկայությունն ԱՄՆ-ին շատ չի սահմանափակում Իրանի դեմ ռազմական գործողություն ծավալելու հարցում: Մանավանդ, որ դժվար թե հակամարտության գոտում հայտնվեն ԱՄՆ ռազմակայաններ: Կարելի է փաստել, որ ամերիկացիներն օգտագործում են իրանական խնդիրը ղարաբաղյան կարգավորումն արագացնելու համար, ինչը, բնականաբար, պետք է ամրագրի որոշակի ստասուս-քվո տարածաշրջանում:
Ադրբեջանը պետք է որոշում կայացնի: Ադրբեջանի վիճակն ավելի խոցելի է, քան Հայաստանինը: Ոչ թե պատերազմի, այլ ղարաբաղյան խնդրի եւ ռազմակայանները իր տարածքում տեղադրելու հարցերում: Ադրբեջանը պետք է ընտրություն կատարի ամերիկացիներին «այո» կամ «ոչ» ասելու միջեւ: Ե՛վ «այո»-ն, եւ՛ «ոչ»-ը որակապես կփոխեն Ադրբեջանի դիրքը տարածաշրջանում եւ աշխարհում: Կոնկրետ ի՞նչ կորուստներ կունենան Հայաստանն ու Ադրբեջանը: Եթե խոսենք քաղաքական տեսանկյունից, ապա Հայաստանի հիմնական կորուստը, ամենայն հավանականությամբ, կլինի Իրան-Հայաստան գազատարի շինարարության դադարեցումը: Եթե այդ պահի դրությամբ շինարարությունն ավարտված լինի, ապա 90%-ի հավանականությամբ կդադարեցվի իրանական գազի ներմուծումը: Իսկ սա շատ լուրջ վնաս կլինի Հայաստանի ողջ էներգետիկ ռազմավարության համար: Ինչ վերաբերում է արտադրանքի մյուս տեսակներին՝ թեթեւ արդյունաբերական ապրանքներին, մթերքին, ապա Հայաստանն այս բնագավառում քիչ կորուստներ կունենա, քանի որ Իրանից հիմա այնպիսի կախվածություն չունի, ինչպիսին ղարաբաղյան պատերազմի տարիներին էր:
Եթե ուսումնասիրենք Իրանից Հայաստան ներմուծումների ողջ տեսականին, ապա այն ամբողջությամբ կարող է փոխարինվել Վրաստանի տարածքով ներմուծումներով: Այսինքն' տնտեսական կորուստներ Հայաստանը դժվար թե կրի: Մյուս կողմից, կա փախստականների ներհոսքի հավանականություն: Հայաստանին սահմանակից Հյուսիսային Իրանի շրջանը հնարավոր պատերազմի ժամանակ ռազմական գործողությունների տեսանկյունից ամենաակտիվը չի լինի: Բայց փախստականներ կլինեն, եւ Հայաստանը պետք է պատրաստ լինի մի քանի հարյուրից մինչեւ մի քանի տասնյակ հազար փախստականներ ընդունելու եւ տեղավորելու տարբերակին: Եթե Մեղրիի համար սա մեծ խնդիր չէ, ապա անցանկալի է Ղարաբաղի շուրջ անվտանգության գոտու համար, քանի որ հայկական կողմը որոշակի ռեսուրսների պահանջ կունենա այդ մարդկանց կենցաղը, կյանքը կարգավորելու համար:
Ադրբեջանը կարող է ավելի լուրջ կորուստներ ունենալ: Ինչո՞ւ: Նախ' առանց այն էլ ոչ այդքան հարուստ Նախիջեւանի տնտեսական վիճակը կտրուկ կվատանա: Չէ՞ որ Նախիջեւանը շատ մեծ կախում ունի իրանական էլետրաէներգիայի եւ գազի ներմուծումներից, Իրանի հետ տնտեսական կապերից: Այս տարածքի անկլավայնությունն ավելի ակնհայտ կդառնա: Ինչ վերաբերում է, այսպես ասած, «մայրցամաքային» Ադրբեջանին, ապա այն ավելի շատ կտուժի փախստականների հոսքից, որովհետեւ Ադրբեջանն Իրանի հետ ավելի երկար սահման ունի: Իրանի ադրբեջանցիների մեծ մասն ունի Ադրբեջանի բնակչության նկատմամբ հարազատության զգացողություն: Եվ հատկապես նրանցից Իրանի ադրբեջանցիների մեծ մասը, եթե ստիպված լինի լքելու բնակության վայրը, կունենա օգնության սպասելիքներ: Դժվար է ասել, թե Ադրբեջանը որքանով կկարողանա լուծել այդ խնդիրը: Ավելի շուտ չի կարողանա, քանի որ Իրանի հյուսիսային շրջանները շատ խիտ են բնակեցված, եւ փախստականների քանակը կարող է հասնել մի քանի հարյուր հազարի ( եթե ոչ մեկ միլիոնի ) : Բայց Իրանի հետ ռազմական կոնֆլիկտից Ադրբեջանի ունեցած ամենամեծ կորուստը աշխարհաքաղաքական կլինի: Որովհետեւ Ադրբեջանից կոնկրետ ընտրություն կպահանջվի: Այսինքն' Ամերիկայի դեմ կամ նրա օգտին ընտրությունը, այսպես թե այնպես, կփոխի իրավիճակը:
- Հնարավո՞ր է, որ Իրանը հարվածներ հասցնի Ադրբեջանին, եթե նա միանա հակաիրանյան կոալիցիային:
- Եթե Ադրբեջանի տարածքում տեղակայված լինեն ԱՄՆ ռազմական ուժերը, ապա նախեւառաջ սպասելի են հարվածներ այդ ռազմակայանների ուղղությամբ: Եվ երկրորդ' հնարավոր են հարվածներ նավթարդյունաբերական վայրերի ուղղությամբ: Բաքու-Թբիլիսի- æեյհան նավթամուղին ճշգրիտ հարվածելը դժվար կլինի իրանական հրթիռների համար, բայց Բաքվի շրջակայքի նավթահորերը շարքից հանելու համար հատուկ ճշգրտության հրթիռներ պետք չեն: Կարող են հարվածներ լինել նաեւ Կասպից ծովի նոր հորերի ուղղությամբ, որտեղ ստեղծված են ծովի ընդերքից նավթի եւ գազի ստացման ենթակառուցվածքները: Իրանն ամեն դեպքում ռազմածովային առավելություն ունի Կասպիցում, զիջում է միայն Ռուսաստանին: Ռուսաստանյան կողմը որեւէ քայլ չի ձեռնարկի այդ հանքերը պաշտպանելու համար: Հատկապես, եթե Ադրբեջանը ինքնակամ միանա հակաիրանյան կոալիցիային: Այս հնարավոր հարվածները, իհարկե, կլինեն Իրանի ասիմետրիկ պատասխանը, որի նպատակը համաշխարհային էներգետիկ հարաբերակցության խախտումն է: Օրմուզի ծոցը եւ Կասպիցի հորերը. ահա հիմնական հարվածները, որոնց միջոցով Իրանը կազդի համաշխարհային էներգետիկ քաղաքականության վրա:
- Կարո՞ղ է Իրանի հետ կոնֆլիկտը հրահրել ղարաբաղյան պատերազմի վերսկսումը:
- Սա դարձյալ կախված է այս հարցում Ադրբեջանի դիրքորոշումից: Եթե Բաքուն ներքաշվի հակաիրանյան կոալիցիայի մեջ, եւ պատերազմն արագ ընթացք ունենա, ապա դա ադրբեջանական ղեկավարության մեջ կարող է որոշակի հույսեր առաջացնել, թե միջազգային հանրությունը կփակի աչքերը ղարաբաղյան խնդրի ռազմական լուծման վրա' ի նշան երախտիքի Իրանի դեմ կամպանիայում մասնակցելու համար: Բայց եթե, այնուամենայնիվ, Իրանում պատերազմ լինի, ապա այն հեշտ բնույթ չի կրի: Եվ ամենեւին էլ ակնհայտ չէ, որ Ադրբեջանը կտրամադրի իր տարածքները: Այնպես որ, չարժե Իրանի դեմ պատերազմի պատճառով սպասել ղարաբաղյան պատերազմի վերսկսմանը: Իհարկե, ամեն ինչ կախված է ադրբեջանական իշխանությունների փորձառությունից եւ դիրքորոշումից, որոնք կարող են հուսախաբվել: Բայց ավելի հավանական է, որ պատերազմ չի լինի:
Հարցազրույցը՝ Սամվել Մարտիրոսյանի
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել