
Ապրիլի վերջին շաբաթ օրը նշել որպես քաղաքացու օր. Կառավարության նոր առաջարկը
Կառավարությունը հաստատեց ապրիլի վերջին շաբաթ օրը Հայաստանի Հանրապետության քաղաքացու օր նշելու առաջարկը: Իսկ այն դեպքում, երբ մայիսի 1-ը կհամընկնի շաբաթ օրվա հետ, քաղաքացու օրը կնշվի ապրիլի վերջին կիրակի օրը:
Նման օրվա տոնումը պայմանավորված է Հայաստանում 2018թ-ին տեղի ունեցած իշխանափոխությամբ, որն էլ, որպես հիմնավորում, ներկայացրել է Արդարադատության նախարարությունը:
«Առաջարկվող կարգավորումը հնարավորություն կընձեռնի հայոց պատմության մեջ նոր էջ բացած Հայաստանի Հանրապետության հազարավոր քաղաքացիների կողմից իրականացված համաժողովրդական շարժման առիթով սահմանելու Հայաստանի Հանրապետության քաղաքացու օր»,- Կառավարություն ներկայացված որոշման նախագծում նշել է Արդարադատության նախարարությունը:
Այս նպատակով նախարարությունը փոփոխություն է կատարել «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում: Սա դեռևս պետք է քննարկվի և ընդունվի Ազգային ժողովի կողմից:
Մեկնաբանել