
«Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ»-ը լուծարվեց
Կառավարության այսօրվա որոշմամբ՝ կդադարեցվի գյուղատնտեսության նախարարության «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի գործունեությունը: Վերջինիս լիազորությունները կկատարի Գյուղատնտեսության նախարարությունը:
Ինչպես նշվում է Կառավարություն ներկայացված որոշման նախագծում, պետական հիմնարկը լուծարվում է պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացման նպատակով:
Այն ստեղծվել էր կառավարության 2011 թվականի որոշմամբ, և գործունեության հիմնական նպատակը գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի արդյունավետ իրականացման ապահովումն էր: Հիմնարկը պետբյուջեի, օտարերկրյա ու միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանին տրամադրվող միջոցների հաշվին գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրեր էր մշակում:
Սակայն կառավարությունը որդեգրել է նոր քաղաքականություն` պետության ներքին և արտաքին քաղաքականության բնագավառում լիազորությունները հնարավորինս պետական կառավարման համակարգի մարմինների միջոցով իրականացնելու ուղղությամբ:
Մեկնաբանել