HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ալավերդիում նոր շուկա է կառուցվում. առևտրականները չեն ուզում տեղափոխվել

6,9 մլն դրամ արժեքով նոր շուկայի կառուցումը Ալավերդիում բուռն քննարկման թեմա է դարձել:

Ալավերդու առևտրականներն արդեն 20 տարի է՝ առևտուր են անում «Հայպետշին» թաղամասի բնակելի շենքերի հարևանությամբ գտնվող շուկայում՝ գետնի վրա, երբեմն՝ հոսող կոյուղաջրերի հարևանությամբ:

Ալավերդու նախկին քաղաքապետ Կարեն Փարեմուզյանը որոշել էր համայնքի 2018թ.-ի բնապահպանական ծրագրով նոր շուկա կառուցել Ալավերդու Սայաթ-Նովա պուրակին հարող տարածքում: Սակայն 2017թ.-ի նոյեմբերի 5-ի  Ալավերդու խոշորացված համայնքի համայնքապետի ընտրությանը Կ. Փարեմուզյանը չի առաջադրել իր թեկնածուրյունը, և նոր շուկա կառուցելու նրա ծրագիրը մնացել է խոշորացված համայնքի ղեկավար Սասուն Խեչումյանի հույսին:

Ս. Խեչումյանին թաղամասի բնակիչները 2018թ.-ին արգելել են Սայաթ-Նովա պուրակի հարող տարածքում կառուցել բնապահպանական ծրագրով նախատեսված շուկան՝ բացատրելով, թե առևտրականները խանգարում են իրենց անդորրը: Այդ ժամանակ շուկա կառուցելու համար Ս. Խեչումյանը նախատեսել էր ծախսել պետբյուջեից համայնքի բյուջեին հատկացված բնապահպանական սուբվենցիայից 12 մլն դրամ: Ս. Խեչումյանին 2018թ.-ի ընթացքում չհաջողվեց Ալավերդիում շուկա կառուցելու այլ տարածք գտնել: Նոր շուկա կառուցելու ծրագիրը՝ իր 12 մլն դրամ հատկացումով, տեղափոխվել է 2019թ.: Ավագանու 2019թ.-ի հունվարի 31-ի 8-Ա որոշմամբ շուկայի կառուցման համար քաղաքի Սպանդարյան փողոցի արևելյան մասում տրամադրվել է 250 քմ մակերեսով տարածք:

Սպանդարյան փողոցի այդ հատվածը մտնում է պղնձաձուլական գործարանի սանիտարական գոտու մեջ: Շինարարական աշխատանքները սկսվել են փետրվարին: Համայնքապետարանի կայքից տեղեկանում ենք, որ կառուցվող շուկայի համար Սասուն Խեչումյանը 12 մլն դրամի փոխարեն նախատեսել է 9,9 մլն դրամ, հատկացված գումարի փաստացի ծախսը 6,9 մլն դրամ է, տնտեսվել է 2,5 մլն դրամ: Շուկայի կառուցման ծրագիրն իրականացնում է «Վանյան և Հովսեփյան» ՍՊԸ-ն:

Սպանդարյան փողոցը մարդաշատ չէ, բնակելի երկհարկանի մի քանի շենքեր կան, տարածքը նպաստավոր չէ առևտրի համար: Կառուցվող շուկան մի կողմից գտնվում է Ալավերդու կենտրոնով անցնող երկաթգծից մոտ 5-6 մետր հեռավորության վրա, մյուս կողմից՝ շուկայի մուտքը ներհամայնքային ավտոճանապարհից բաժանվում է նեղ մայթով: Շուկայի առջևով անցնող ճանապարհով պղնձաձուլական գործարանի բեռնատարները ամեն օր հանքաքար են տեղափոխում գործարան: Ճիշտ է՝ այս պահին գործարանի աշխատանքները դադարեցված են, բայց վերագործարկելու դեպքում, վտանգավոր է դառնալու այդտեղ առեւտուր անելը: Կառուցվող շուկան մոտ 20 մ երկարությամբ և 7 մետր լայնությամբ պատուհաններով (եվրոպական արտադրության), թիթեղյա, հավաքովի կառույց է, որի ներսում տեղադրված է երկու զուգարան՝ տղամարդկանց և կանանց համար: Զուգարանների համար կոյուղի նախատեսված չէ:

«Շուկայի պատուհանները չեն բացվելու, զուգարանները տեղադրված են շուկայի ներսի մի անկյունում: Այն դրսում սիրուն չէր նայվում, դրա համար ենք ներսում դրել: Զուգարանները կոյուղագիծ չեն ունենալու: Շուկայի աջ մասում սեպտիկ հոր ենք դնում: Ջրմուղկոյուղու հետ պայմանագիր ենք կնքելու, հենց հորը լցվի, ջրմուղկոյուղին «ակուրատնի» կդատարկի հորը և հատուկ մեքենայով կտեղափոխի հորի պարունակությունը»,- բացատրեց համայնքապետարանի քաղաքաշինության բաժնի գլխավոր մասնագետ Վալերիկ Մինասյանը:

«Գնամ, փող տամ, էնտեղ կանգնեմ, ինչի՞ կանգնեմ: Էնտեղ ինձ հարմար չի: Էն բազարի վտանգները մեծ են, մի կողմից երկաթգիծն է, մյուս կողմից՝ ավտոճանապարհը: Եթե երկաթգծի կողքին կարելի էր առևտուր անել, էլ «Հայպետշին» թաղամասի շուկայի ներքևի մասում խի՞ փակեցին երկաթգիծը: Մի բան հարցնեմ. ասենք թե փոքր գյուղից բանջար ենք բերում ծախում, ես բանջարի համար հասնեմ Սպանդարյան փողոց, մեկ այլ գյուղից բանջար բերողը շենքն է մտնելու, դռները թակի, իրեն բանջարը ծախի, ես էնտեղ իմ բանջարի հետ մի ամբողջ օր պետք է կանգնած մնամ: Ինչի՞ մենք շուկայում առևտուր անելու վարձը էնտեղ տանք ու մնանք ճամփի ծերին»,- դժգոհեց առևտրական Արմինե Միքայելյանը:

Առևտրական Ռոզա Վարդևանյան-Միկոյանն ասաց, որ նույնպես մտադիր չէ տեղափոխվել Սպանդարյան փողոցի շուկա. «Ես այնտեղ գնացողը չեմ: Միտք չունեմ, չէ»,- ասաց Ռոզան:  

Հարցին, թե ինչն է իրեն խանգարում նոր շուկա տեղափոխվել, Ռոզան պատասխանեց. «Այստեղ իմ տեղը կա, ես ինչի պետք է գնամ այնտեղ: Երևի մի 20 տարի է՝ այս տարածքում առևտուր եմ անում: Ես այնտեղ վնաս կկրեմ: Եթե ես օրը 1000 դրամ էլ տանում եմ տուն, դա ինձ համար մեծ օգուտ է»:

Առևտրականներից մեկն էլ, ով խնդրեց չհրապարակել իր անունը, առաջարկեց քաղաքի առևտրականներին հետ վերադարձնել Ալավերդու Թումանյան փողոցի վրա գտնվող նախկին շուկայի շենքը, որն այժմ զբաղեցնում է «Կատա» սուպերմարկետը:

Հիշեցնենք, որ Թումանյան փողոցի վրա գտնվող Ալավերդու քաղաքային շուկայի նախկին շենքը սեփականաշնորհել են նախկին մարզպետ Արթուր Նալբանդյանը, Թումանյանի էլեկտրացանցի տնօրեն Աշոտ Շաքարյանը և «Լալվարի» քարհանքի սեփականատեր Տարոն Աբգարյանը:  

«Բնապահպանական վճարների գումարով է կառուցվում այդ շուկան: Ամեն դեպքում, քաղաքում որտե՞ղ տեղ կա, որ շուկա կառուցեն: Շուկայի փոքր տարածքի ներսում երկու զուգարան կառուցելու մասին համայնքապետ Ս. Խեչումյանը ավագանուն չի տեղեկացրել: Նա ասել է, որ նախագծով զուգարանները պետք է կառուցվեն դրսում, շուկայից որոշ հեռավորության վրա»,- հայտնեց ավագանու անդամ Արտուշ Աբելյանը: Ավագանու մեկ այլ անդամի՝ Վիգեն Քառյանի խոսքով՝ ավագանին ծրագիրը հաստատելիս նախագիծը չի տեսել, հենց այնպես հաստատել են: Համայնքապետը ավագանուն ներկայացրել է, որ զուգարանները դրսում են լինելու:

«Ես այդ պատճառով եմ կողմ քվեարկել այդ տարածքում շուկայի կառուցմանը: Բացի դա, Ալավերդիում ամբողջ հողերը վաճառված են, ազատ տարածք անհնարին է գտնել»,- բացատրեց Վիգեն Քառյանը:

Ակնհայտ է՝ շուկայի նախագիծը հաստատելիս համայնքի ղեկավար Ս. Խեչումյանը շրջանցել է առևտրի նպաստավոր պայմանների և վաճառվող գյուղմթերքների սանիտարական անվտանգության ապահովումը:

Առաջարկվող շուկայում սառնարանային սարքավորումներ տեղադրելու համար պահեստային մաս չի նախատեսվել:

Մեկնաբանություններ (2)

Հովիկ
Ոչ մի խոսք չկա շուկայում սպասարկող անզնակազմ լինելու է թե ոչ.Հաստատ բյուջեում փող չի գտնվի գոնե մի հավաքարար պահելու ու զուգարանի գարշահոտությունը կդառնա ամենա մեծ պռոբլեմը:Շատ կասկածելիա նաև Ալավերդու ջրմուղից սեպտիկ հորը ,,ակուրատնի մաքրելու,, սպասելիքները:Մի խոսքով շուկան էն չի որ մտցնես առևտրականներին չորս պատի մեջ ու ասես էսա՝ աշխատեք,բայց արի ու տես ոչ մեկ էս կազմակերպչական հարցերը չի բարձրացնում,լրագրողը այդ թվում:
Hamlet
,,հենց հորը լցվի, ջրմուղկոյուղին «ակուրատնի» կդատարկի հորը ,,

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter