HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լոռու մարզի բնակիչը ձերբակալվել է՝ նախկին կնոջ մոր նկատմամբ դանակի գործադրմամբ ավազակություն կատարելու կասկածանքով

Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ 62-ամյա կնոջ նկատմամբ դանակի գործադրմամբ կատարված ավազակային հարձակման դեպքի առթիվ. ավազակություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է նախկին փեսան։ Այս մասին տեղեկացնում է քննչական կոմիտեն։

Նախնական տվյալներով՝ 2019 թվականի մարտի 20-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, Լոռու մարզի բնակիչը՝ ծնված 1976 թվականին, Վանաձոր քաղաքի շենքերից մեկի շքամուտքում մոտեցել է նախկին կնոջ մորը՝ ծնված 1957 թվականին, հարվածելով նրան վայր է գցել գետնին, այնուհետև քարշ տալով տարել շքամուտք ու պահանջել, որ կինը բացի իրեն պատկանող, նույն շենքում գտնվող բնակարանի դուռը, ինչին կինը դիմադրել է:

Այնուհետև 43-ամյա տղամարդը կնոջ գլուխը հարվածել է պատերին, դանակով սպառնացել, ապա նրա պայուսակից վերցնելով բնակարանի բանալին՝ բացել դուռը, կնոջը քարշ տվել բնակարան, որտեղ ոտքերով և ձեռքերով, ինչպես նաև դանակով հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին, այնուհետև դանակը պահելով նրա պարանոցին՝ պահանջել ոսկեղեն ու գումար, ապա քաշել-ձգելով պոկել վերջինիս ոսկյա ականջօղերը և պարանոցի ոսկյա շղթան՝ կախազարդով:

Հարևանների ահազանգով ժամանած ոստիկանության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժնի օպերատիվ խմբի կողմից տղամարդը վնասազերծել է, իսկ 62-ամյա կինը, ստացած մարմնական վնասվածքներով, տեղափոխվել է «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերություն:

Դեպքի առթիվ 2019 թվականի մարտի 20-ին Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերով: Վարչության պետի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ: 62-ամյա կինը ճանաչվել է տուժող և հարցաքննվել դեպքի շուրջ:

Կատարվել են մի շարք քննչական գործողություններ՝ դեպքի վայրի զննություն, որի ժամանակ հայտնաբերվել են ոսկյա զարդերը, արնանման հետքեր, ինչպես նաև՝ հանցագործության գործիք հանդիսացող դանակը, վերցվել են նմուշներ, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

2019 թվականի մարտի 20-ին, հանցագործությունը կատարելու կասկածանքով, ձերբակալվել է Լոռու մարզի բնակիչը՝ ծնված 1976 թվականին, ով հանդիսանում է տուժողի աղջկա նախկին ամուսինը:

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter