HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փետրվարի 4-ը քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրն է. ի՞նչ են խորհուրդ տալիս բժիշկները

Վերջին 15 տարվա ընթացքում Հայ-ամերիկյան առողջության կենտրոնում հետազոտվել է 250.000 այցելու: 7.000-ի մոտ հայտնաբերվել է կրծքագեղձի քաղցկեղ, որից 1.700-ին անհնար է եղել փրկել: 83.000-ի մոտ ախտանիշը եղել է բարորակ, իսկ 32.000 այցելուի տրվել է նորմալ ախտորոշում: Այս մասին այսօր՝ քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրը, լրագրողներին ասաց Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի գործադիր տնօրեն Խաչանուշ Հակոբյանը:

Ներկայում կենտրոնում կա կրծքագեղձի քաղցկեղով հիվանդ, 30-35 տարեկան մոտ 500 և 0-29 տարեկան 60 կին ու աղջիկ:

Կրծքագեղձի քաղցկեղով կարող են հիվանդանալ նաև տղամարդիկ, սակայն նրանց հիվանդանալու հավանականությունը100 անգամ ավելի փոքր է: Մինչ օրս կենտրոնում հետազոտվել է 520 տղամարդ, որի մեծ մասն ունեցել է կրծքի բարորակ ախտահարում, 22-ի մոտ քաղցկեղ է արձանագրվել:

Խաչանուշ Հակոբյանը նշեց, որ կենտրոնում մոտ 30 տոկոսով աճել է առաջնակարգ այցելուների քանակը: «Մարդիկ, խնդիրը հասկանալով, սկսում են ավելի հաճախ այցելել: Մեզ մոտ ամեն օր շուրջ 120 հոգի է հետազոտվում: Նրանք ավելի տեղեկացված են, մտահոգվում են իրենց առողջության մասին: Հետևաբար, ինչքան շատ այցելուներ ունենանք, այնքան հիվանդությունը կարող ենք ավելի վաղ հայտնաբերել և կանխարգելել: Յուրաքանչյուր կին պետք է տարին գոնե մեկ անգամ հետազոտվի»,- ասաց նա:

Կանանց չարորակ նորագոյացությունների համակարգում կրծքագեղձի քաղցկեղը առաջին տեղում է: Երկրորդ տեղում արգանդի բարակ վզի քաղցկեղն է: Ամեն տարի մեր հանրապետությունում արձանագրվում է կրծքագեղձի քաղցկեղով 750-850 առաջնային հիվանդ: Ինչպես աշխարհի շատ երկրներում, այնպես էլ Հայաստանում նկատվում է հիվանդության ցուցանիշների աճ:

Կրծքագեղձի քաղցկեղի պատճառային գործոնների մեջ առանձնահատուկ նշանակություն ունեն էնդոկրին խանգարումները: Կրծքագեղձի քաղցկեղով հիվանդների մոտ հաճախ է դիտվում դաշտանի վաղ սկիզբ (վաղ մենարխե), ուշ դաշտանադադար (մենոպաուզա):

Կրծքագեղձի քաղցկեղի զարգացման գործում ժառանգական գործոնի դերը զգալի է: Ապացուցված է, որ քաղցկեղով հիվանդների ընտանիքում կրծքագեղձի քաղցկեղը հանդիպում է 3-5 անգամ ավելի հաճախ: 2-3% դեպքերում քաղցկեղը զարգանում է երկու կրծքագեղձում էլ:

Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի ռադիոլոգիայի բաժնի վարիչ Անի Հակոբյանի խոսքերով՝ իրենց դիմած, կրծքագեղձի քաղցկեղ ունեցող կանանց միայն 10-15 տոկոսն է նշել, որ իրենց ընտանիքում, հարազատների մեջ կան կամ եղել են նման հիվանդներ:

«Մորից դստերը փոխանցվում է կրծքագեղձի հյուսվածքի կառուցվածքը: Ինչքան կուրծքը լինում է խիտ, գեղձային, այնքան քաղցկեղ ունենալու հավանականությունը ավելի մեծ է: Տվյալ կինը կիսով չափ ավելի մեծ հնարավորություն ունի հիվանդանալու»,- ասաց Անի Հակոբյանը:

Քաղցկեղի առաջացման պատճառ կարող են դառնալ նաև սթրեսը, դեպրեսիան: Կարևոր են հոգեբանական գործոնները: Ուստի բժիշկը խորհուրդ տվեց վարել առողջ ապրելակերպ, հնարավորինս զերծ մնալ երկարատև սթրեսներից և դեպրեսիաներից:

Կարևորելով հոգեբանական գործոնը՝ Անի Հակոբյանը նշեց. «Եթե հիվանդը խեղճանում է և իրեն տրամադրում, որ պետք է մահանա, այդպես էլ լինում է, իսկ եթե պայքարում է, հավատացեք, որ նա, իսկապես առողջանում է»:

Բանախոսը խորհուրդ տվեց անպայման դիմել բժշկի, եթե կինն իր կրծքագեղձում հայտնաբերում է ինչ-որ փոփոխություններ'մաշկային, պտուկների հետ կապված, շոշափում է ինչ-որ պնդություններ:

Հրաչուհի Ալմաստյան

Լուսանկարի ձախ մասում՝ առողջ, իսկ աջ մասում քաղցկեղով հիվանդ կնոջ կուրծք է

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter