HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

ՊՆ-ն քննարկում է մարտական հերթապահություն իրականացնողների զինծառայության ժամկետը կրճատելու հարցը

Այս պահին առաջնագծի պաշտպանությունը պայմանագրային զինծառայողներով ապահովելն իրատեսական չէ, դա է պատճառը, որ կառավարությունը մերժել է ԲՀԿ-ի օրենսդրական առաջարկը:

«Ոչ միայն ռեսուրսի խնդիր է, այլ նաև ֆինանսական հնարավորությունների, որն այս պահի դրությամբ իրատեսական չէ»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը:

Նա հիշեցրեց, որ երեկ Կառավարությունն ընդունել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ, որով պայմանագրային զինծառայողների թվաքանակը փորձ է արվում ավելացնել:

«Մենք փորձում ենք ավելի շատ քանակով պայմանագրային զինծառայողներ ներգրավել՝ սահմանելով տարիքը մինչև 40 տարեկան՝ գործող 36-ի փոխարեն: Հիմա դա քննարկման փուլում է, դա կապված է մի շարք հանգամանքների հետ, ես ձեռնպահ կմնամ ժամկետներ նշելուց, միայն մեկ նախապայման կա՝ նախարարի միտումն է, որ առաջնագծում ծառայեն բացառապես առողջ շարային կազմի պարտադիր զինծառայողները, և սա առաջին քայլն է այդ քննարկումների համատեքստում»,- ասաց Բալայանը:

Փոխնախարարի խոսքով՝ փորձելու են գտնել հնարավորություն, որպեսզի առողջները ծառայեն ավելի կարճ ժամանակ՝ իրականացնելով մարտական խնդիրներ, իսկ այն անձնակազմը, որը սահմանափակումներ ունի, սակայն պիտանի է զինվորական ծառայության համար, կատարի այլ գործառույթներ մի քիչ ավելի երկար ժամկետով, քան առաջնագծում ծառայողները:

«Հնարավոր է՝ որոշ սահմանափակումներ ունեցողների համար զինծառայության ժամկետը լինի ավելի քան 24 ամիսը»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է Մոնթե Մելքոնյանի անվան ուսումնական վարժարանի հետագա ճակատագրին (որոշ հրապարակումների համաձայն` վարժարանի տարածքում, հնարավոր է, ներդրումային ծրագիր իրականացվի, և վարժարանի սաները այդտեղից տեղափոխվեն), Բալայանն արձագանքեց. «Մինչև ավելի լավ պայմաններ չստեղծենք, վարժարանը չի տեղափոխվելու այդտեղից»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter